Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ժառանգությունում» չկա քանոնով գծված ճանապարհ»

«Ժառանգությունում» չկա  քանոնով գծված ճանապարհ»
08.10.2013 | 01:54

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

-Կիսո՞ւմ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հպարտությունը Զարուհի Փոստանջյանի պես կուսակից ունենալու համար:
-Միանշանակ, յուրաքանչյուրս ունի առանձնահատկություններ, որոնք նրան անկրկնելի են դարձնում: Ի տարբերություն իշխանության` «Ժառանգությունում» չկա քանոնով գծված ճանապարհ, որից այս ու այն կողմ ոտք դնելը արգելված է: Մենք ավելի ազատ ենք, և տարիների մեր գործունեությունը ցույց է տվել, որ մեզնից ամեն մեկն իր աշխատանքի ոճն ունի: Զարուհի Փոստանջյանը այդ ոճի մեջ է աշխատում: Իր գործունեության հիմքում ոչ այնքան այդ ոճն է կարևոր, որքան իր ասածները, արածները որքանո՞վ են նպաստում երկրի օրախնդիր դարձած հարցերի լուծմանը, օրինականության հաստատմանը:
-Զարուհի Փոստանջյանի վերջին աղմկահարույց հարցը ԵԽԽՎ-ում որքանո՞վ էր նպաստում Ձեր նշած հարցերի լուծմանը:
-Այդ մասին Զարուհին չի առաջինը խոսել, թերևս միայն ամբիոնն էր այլ: Նման հայտարարություններ արել են ոչ միայն Վիկտոր Դալլաքյանը, այլև Արտաշես Գեղամյանը, Կոնստանտին Զատուլինը, որ վարչապետ Սերժ Սարգսյանին ընկերաբար ռուլետկա էր նվիրել: Պաշտոնատար անձինք, ովքեր իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու, հսկայական հարստություն են կուտակում` չստանալով այդքան աշխատավարձ: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել կազինոներում կոնկրետ անձանց տանուլ տված գումարների մասին, հասարակությունը այս հարցը միշտ էլ ունեցել է իր քննարկումների մեջ:
-Առավել ևս` ի՞նչ էր փոխվում:
-Զարուհի Փոստանջյանն այդկերպ բարձրացնում էր նաև կոռուպցիայի հարցը: Որքան էլ աղմուկը մեծ եղավ, ընդունեք, որ դա քաղաքական հարցադրում էր, իսկ քաղաքական հարցադրումը, որ պետական կամ ռազմական գաղտնիք չի պարունակում, ցանկացած պատգամավոր իրավունք ունի ուղղելու ցանկացած պաշտոնատար անձի:
-Սովորաբար քաղաքական գործիչները տալիս են հարցեր, որոնց պատասխանները գիտեն, Զարուհին գիտե՞ր, թե՞ չգիտեր իր հարցի պատասխանը:
-Այդ հարցը ավելի ճիշտ է իրեն ուղղել: Թերևս նա ուզում էր հերքված կամ հաստատված տեսնել մամուլի հրապարակումները:
-Չե՞ք կարծում, որ դա ոչ Զարուհի Փոստանջյանի, ոչ «Ժառանգության», ոչ էլ Սերժ Սարգսյանի` կազինոյում տանուլ տալ-չտալու հարցն է, որքան Հայաստանի Հանրապետության` որպես պետության, չկայացածության: Եթե որևէ պետություն իր անկախության 22-րդ տարում նման հարցեր է լուծում, նշանակում է` պետության ներսում կան արժեհամակարգային պրոբլեմներ:
-Լիովին համաձայն եմ: ԵԽԽՎ-ում շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչ իրավիճակ է: Արդար չեն, երբ տիկին Փոստանջյանին մեղադրում են պետականությանը հարված հասցնելու մեջ: Պետականությանը առաջին հարվածը հասցնում է մինչև հիմա ԵԽԽՎ մոնիթորինգի տակ լինելը այն դեպքում, երբ մեզ հետ ԵԽԽՎ-ին անդամակցած շատ պետություններ արդեն դուրս են եկել մոնիթորինգից: Միջազգային կառույցներում շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչ ընտրություններ են տեղի ունենում, ինչպես է իշխանությունը ձևավորվում, կառավարման ինչ համակարգ է գործում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները առաքելության ավարտին ուղղակի ասացին, որ հույս չունեն, թե կառավարությունը կկարողանա իրավիճակը փոխել: Ավելի մեծ խայտառակություն չէ՞, երբ ՀՀ քաղաքացին գնում է Ֆրանսիա, այնտեղ ապաստան խնդրում և ներկայանում է ադրբեջանցի:
-Ինչո՞վ եք բացատրում, որ Եվրոպայի ու ԱՊՀ դիտորդների միջև վերջին մի քանի ընտրություններում տարբերություններ չկան:
-Քաղաքական պարզ նպատակահարմարությամբ: Եվրոպացի գործընկերները ևս որոշակիորեն շահագրգռված են տարածաշրջանով: Նրանք ոչ մեկ անգամ են հանդիպումների ժամանակ ասել, որ եթե իշխանությունների վրա ճնշում գործադրեն, կարող են անցնել ոչ եվրոպական դաշտեր: Այդ պատճառով էլ նրանք աչք փակեցին շատ երևույթների վրա, որ այս երեք ու կես տարիներին և մինչև այդ տեղի են ունեցել: Բելառուսում մի 10-15000 մարդ էր փողոց դուրս եկել, հարձակվել էին ԿԸՀ-ի վրա ու մի քանի մարդու ծեծել, բայց ինչ արձագանք ունեցավ:
-Աշխարհագրակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական գործոնն է կարևորվում:
-Վստահ եմ` աշխարհաքաղաքական: Բելառուսին խստորեն պատժեցին, երբ որևէ մեկի առողջությանը ծանր վնաս չէր հասցվել, չեմ ասում` մեր 10 սպանությունների ու 200-ից ավելի վիրավորների մասին: Իսկ Հայաստանի իշխանությունը որևէ պատիժ չկրեց, ավելին` հետագա համապետական ընտրությունների կեղծիքների առաջ էլ աչք փակվեց:
-Դա եվրոպական հանդուրժողականությո՞ւն է, թե՞ անտարբերություն:
-Ոչ մեկը, ոչ մյուսը, քաղաքական հաշվարկն է, երբ իշխանություններին հնարավորություն են տալիս իր խոստումները կատարել:
-Բայց իշխանությունները այդ խոստումները չեն կատարում, և դա գաղտնիք չէ:
-Գաղտնիք չէ, բայց ընտրություններն անցել են:
-Նոր ընտրություններ են գալու:
-Իհարկե, բայց մինչ այդ հայտնի չէ` ինչ կլինի: Օրինակ, Մաքսային միությունը ակնհայտորեն այդքան էլ արագ կյանքի չի կոչվում, առավել ևս առանց ՈՒկրաինայի շատ է թուլանում, իսկ Ղազախստանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրն է բարձրացնում, այլև ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՄՄ-ի կայացման դեպքում, երբ ստեղծվի վերպետական հանձնաժողով, իր մաքսակետերը կարող է դնել Հայաստանում և իր մաքսավորներին նշանակել: Բացի այդ, ղազախները դեռ ուզում են այս հարցով հանրաքվե անցկացնել, և Սահմանադրական դատարանում հարցը դրված է, որովհետև և Աստանան, և Մինսկը մինչև այժմ վնասներ են կրել Մաքսային միությունից` մեծ է եղել գնաճը, տնտեսության վրա բացասական է ազդել: Ես չգիտեմ` մինչև մյուս ընտրություններ մենք ո՞ր դաշտում կլինենք` ասոցացման համաձայնագի՞ր կստորագրենք, թե՞ Մաքսային միությանն անդամակցելու:
-Եվրաինտեգրման խորացումը, մասնավորապես` համաձայնագրերի տեսքով, հնարավոր համարո՞ւմ եք: Մենք Եվրոպայի ինչի՞ն ենք պետք հիմա:
-Եվրոպան մեծացնում է իր անվտանգության գոտին, մեծացնում է տնտեսական ներուժը` Վրաստան, Հայաստան, Մոլդովա, ՈՒկրաինա: Եվրամիությունը դառնում է ավելի հզոր կառույց միանշանակ: Հայաստանը ևս շահագրգռված է ասոցացման համաձայնագրի կնքմամբ, որը շատ դրական կողմեր ունի և տնտեսության համար, և քաղաքական զարգացումների: Առավել ևս, որ ԱՄՆ-ը ևս մտադիր է ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել, իսկ դա ոսկե միլիարդի շուկա է դառնում, և այդ գոտում լինելը մեր առաջ բացում է այդ շուկայի դռները:
-Մենք կորցրի՞նք այդ հեռանկարը, թե՞ դուռը փակված չէ:
-ԵՄ-ի օրակարգը Հայաստանում դեռևս կա: Եվ այդ օրակարգը կրողներից մեկը «Ժառանգությունն» է, որը համոզված է, որ եվրաինտեգրումը մեզ շատ պետք է տնտեսության և կառավարման համակարգի կատարելագործման առումով: Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների ու ռազմավարական դաշնակցության հետ անհամատեղելի չէ:
-Այո, բայց անհամատեղելի է Մաքսային միության ստանդարտների հետ:
-Լավ կլիներ, որ տնտեսական ու քաղաքական առումով, կառավարման մոդելի առումով ունենայինք եվրոպական ուղղվածություն, իսկ ռազմական անվտանգության առումով շարունակվեր համագործակցությունը Ռուսաստանի հետ:
-Հայաստանից դուրս եղած քննարկումներում արտահայտվել է այն տեսակետը, որ Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին պարտադրելով` Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ի մուտքը մեր երկիր: ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը անհամատեղելի են, և քանի դեռ ԵՄ-ՌԴ դաշտում համաձայնություն չկա, Հայաստանը չի կարող տնտեսապես մի գոտում լինել, անվտանգությունը հակադիր գոտում ապահովել: Այդպե՞ս է։
-Բայց կան, չէ՞, երկրներ, որտեղ և ԱՄՆ-ը զորքեր ունի, և Ռուսաստանը, այդ խնդիրը կարելի էր լուծել, իսկ որպեսզի մեր դեպքում դա պրոբլեմ չդառնար, քաղաքական կամք էր պետք: Հասկանալի է Ռուսաստանի մտահոգությունը իր անվտանգությամբ, շահերի համադրում հնարավոր է ուժեղ իշխանության պարագայում, որը լեգիտիմ է: ԽՍՀՄ-ի քայքայումից հետո Ռուսաստանին հարված հասցվեց ոչ Սիբիրից կամ Միջին Արևելքից, այլ Անդրկովկասից: Պարզ է, որ Ռուսաստանը խնդիր ունի` ամենաթույլը իր համար կովկասյան ճակատն է: Ռազմական անվտանգության տեսակետից մենք կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ, եվրոպական կառույցների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ողջունում են Արևելյան գործընկերության շրջանակում գործող պետությունների խոր համագործակցությունը Ռուսաստանի հետ:
-Եվրոպան համաձայն է, բայց Ռուսաստանը կհանդուրժի՞ Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Թեպետ Հայաստանի իշխանությունը երբեք նման հարց չի բարձրացրել:
-ՈՒզբեկստանում կա և ռուսական, և ամերիկյան ռազմաբազա, ու հանդուրժելու խնդիր նույնիսկ չի ծագում: Ռուսաստանի համար ոչ այդքան էական է, թե ինչ ուրիշ ռազմաբազա կլինի, որքան իր ռազմաբազայի առկայությունը:
-Այո, բայց ամերիկացիները ՈՒզբեկստանից հեռանում են:
-«Մանաս» ռազմաբազան փակվում է, որովհետև ՆԱՏՕ-ն դուրս է գալիս Աֆղանստանից: Այլ հարց է առաջանում. երբ խաղաղարարները դուրս են գալիս Աֆղանստանից, միջինասիական պետությունների անվտանգությունը ո՞վ է ապահովելու: Այդ բեռը մնալու է Ռուսաստանի վրա, իսկ դա շատ մեծ ծախսեր է պահանջում: Ի վերջո, հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կլինեն Աֆղանստանում, որ որևէ պետություն այդպես էլ չկարողացավ գրավել ու պահել: Չմոռանանք, որ Աֆղանստանում ուզբեկական, տաջիկական զինված ուժեղ խմբեր կան, Ահմադ շահ Մասուդը, եթե հիշում եք, ուզբեկ էր: Հայաստանը ևս կարող է այդ խնդիրների հետ առնչվել որպես ՀԱՊԿ անդամ: Որպես դեմոգրաֆիկ խնդիր ունեցող պետություն, որի պատճառը կառավարման համակարգն է, Հայաստանը պետք է լուծումներ որոնի եվրոպական արժեհամակարգում` ժողովրդավարության, տնտեսական բարեփոխումների իրականացման առումով:
-Փաստորեն Հայաստանը չի պատրաստվում այդպես լուծել իր խնդիրը:
-Հնարավոր է, որ մենք սթափվենք ու այդպես լուծենք: Մեր քաղաքականությունը իրավիճակային է, և շատ երկար ժամանակ է, որ իշխանությունը ընդամենը մեկ խնդիր է լուծում` իր գոյատևումը երկարացնելու: Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա և այնտեղ հայտարարեց Մաքսային միություն մտնելու որոշման մասին, երբ Բրյուսելում լինի, բոլորովին այլ հայտարարություն կարող է հնչել: Ապացույց` Ստրասբուրգը, որտեղ ասում էր, որ ուզում ենք բարեփոխումները շարունակել ու պատրաստ ենք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել:
-2014-ի մայիսին Մաքսային միությանն անդամակցության համաձայնագիրը կարող է չստորագրվե՞լ:
-Ինչո՞ւ ոչ: Մանավանդ, երբ նոյեմբերին ՈՒկրաինան ստորագրի ասոցացման համաձայնագիրը, իսկ Վրաստանը նախաստորագրի, ճանապարհի հարցը ինչպե՞ս է լուծվելու:
-Կալինինգրադի մարզի օրինակով, որ Լիտվան պատրաստվում է շրջափակել:
-Լիտվայի արտաքին գործերի նախարարը դեռևս միայն տեսականորեն է այդ հարցը բարձրացրել, բայց բոլոր հարցերը նախ տեսական, հետո գործնական լուծումներ են ստանում: ԵՄ գոտում գտնվող Վրաստան և ՄՄ գոտում գտնվող Հայաստան` հնարավո՞ր է, որ մենք լինենք ՄՄ-ի կազմում և կարողանանք եվրոպական շուկայի հետ հարաբերվել: Իսկ եթե իրենք էլ որոշեն այնպես գործել, ինչպես Ռուսաստա՞նը: Ի վերջո` ո՞րն է ճիշտը. ՄՄ գնա՞լը, թե՞ ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Եվրոպական շուկան Հայաստանի առաջ բացվելով նաև Եվրոպայում աշխատատեղերի հնարավորություն էր բերում, Հայաստանում ավելանալու էին ներդրումները, որը նոր աշխատատեղեր ստեղծելուն էր նպաստելու, Արևելյան Եվրոպայում կառուցվելիք գործարանների մի մասը կարող էր Հայաստանում կառուցվել, որովհետև մեզ մոտ ամենաէժան ու որակյալ աշխատուժն է: ՈՒկրաինայի հետ համաձայնագրի բոլոր հոդվածները, բացառությամբ մի քանիսի, ունիվերսալ են և ցույց են տալիս, թե ինչ կարող էր Հայաստանում լինել: Օրինակ, ՈՒկրաինան ստորագրելուց հետո` արդեն մեկ տարվա ընթացքում ապրանքները եվրոպական շուկա է հանելու 0 տոկոսադրույքով, եվրոպական ապրանքները 5 տարում էին իրենց տոկոսադրույքները իջեցնելու` 2,5 անգամ ընդամենը: Այսինքն` նոր անդամների համար փափուկ պայմաններ են ստեղծվում, այնպիսի ներդրումներ են կատարվում, որոնց մասին երազել միայն կարելի է: Օրինակ` ՈՒկրաինա-Հոլանդիա պայմանագիրը թերթաքարային գազի արդյունահանման մասին: ՈՒկրաինան 2014-ին նախատեսում է գազը գնել Գերմանիայից, որ շատ ավելի էժան է ռուսական գազից: Իսկ Ղարաբաղի հարցում ասոցացման համաձայնագիրը խնդիրներ չէր հարուցելու, ի տարբերություն Մաքսային միության:
-Ինչո՞վ եք բացատրում, որ քաղաքական, տնտեսական, արժեհամակարգային կարևորագույն հարցերը Հայաստանում խորքային ընկալում չեն գտնում, իսկ սկանդալները բոլորի համար օրախնդիր են դառնում:
-Հասարակության մի հատված կա, որ այդ հարցերը շատ սրությամբ ընկալում է և քննարկում, ցավոք, մենք մի երկրում ենք ապրում, երբ տարիներ շարունակ կեղծված ընտրությունների պատճառով խնդիրներ ենք ունենում արտաքին աշխարհի հետ, ներքին լեգիտիմության պակասը փորձում են փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ: Իսկ արտաքին լեգիտիմություն ստանալու համար միշտ ինչ-որ բան պիտի տաս, և մենք անընդհատ մեր անկախությունից ինչ-որ մաս տվեցինք: Այդ իրավիճակում շատ հեշտությամբ են սկանդալային դառնում բոլորովին էլ ոչ սկանդալային հարցերը:

Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ