Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Մաքսային միությունը Ռուսաստանի համար իր հարևան երկրներին անկախությունից զրկելու ընդամենը առաջին քայլն է»

«Մաքսային միությունը Ռուսաստանի համար իր հարևան երկրներին անկախությունից զրկելու ընդամենը առաջին քայլն է»
08.10.2013 | 00:41

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀՇ հիմնադիր անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ:

-Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը երկու մասի է բաժանվել. մեկը պնդում է, թե ճիշտ է կողմնորոշումը դեպի Մաքսային միություն, մյուսները, թե նախընտրելին ԵՄ արժեքներն են: Իրականում ո՞վ է Հայաստանի «փրկիչը»:
-Հարցադրումը կատարելապես հայկական ավանդական է և, ինչպես միշտ այդպիսի դեպքերում, հիմքում սխալ: «Փրկչի» հարց գոյություն չունի: Եվ մեր գործերն էլ ուրիշների վրա չբարդենք: Կա ժողովուրդ, կա պետություն: Եթե ժողովուրդը պահպանել է ընդհանրական վտանգի գիտակցման իր կարողությունն ու բնազդը և ուզում է իր անկախ պետականությունը և իր շահերը պաշտպանել, ապա նա, անկախ պայմաններից, ոտքի է կանգնում, ինքնակազմակերպվում, իր միջից առաջ է մղում լիդերների և իրականացնում իր առջև դրված նպատակը: Կարելի է ասել, որ այսօր մեր ժողովուրդն արդեն հասկացել է այն նոր իրողության իրական արժեքն ու նպատակը, որով վերջերս իշխանությունը փորձում էր ժողովրդի ուշադրությունը շեղել նրա արմատական շահերին սպառնացող վտանգից: Դա քաղաքական պայքարը քաղաքացիական պայքարով նենգափոխելու միտումն էր, որը խրախուսվում էր իշխանության և նրա օտարերկրյա հովանավորի կողմից: Ըստ էության, դրանով փորձ էր կատարվում շրջանցելու երկրի առջև ներկայումս ծառացած գլխավոր հարցը` Հայաստանի անկախ պետականությանը պատուհասած սպառնալիքի հաղթահարումը և ժողովրդի քաղաքական եռանդն ուղղորդել հրատապ, արդարացի, բայց ներկա իրադրության մեջ երկրորդական այնպիսի հարցերի վրա, որոնք ինքնաբերաբար իրենց լուծումները կստանային գլխավոր հարցի լուծմանը զուգընթաց: Այսօր ակնհայտ է, որ «Տարոն, սիրուն չի»-ները չաշխատեցին: Ներկայումս հայ հասարակության մեջ, ի դեմս առկա համընդհանուր դժգոհության և մեռնող իշխանության քայքայման և «վերջին թալանի» հոգեբանական դրսևորումների, արդեն սկսում են հասունանալ նոր իրողություններ, որոնց մեջ նախադրյալներ են ստեղծվում մոտ ապագայում նոր համաժողովրդական ելույթների համար: Ինչ վերաբերում է ԵՄ ասոցացման և խոր ու համապարփակ առևտրի ազատ գոտուն (ԱԽՀԱԱԳ) Հայաստանի միանալու կամ ռուսական ՄՄ-ին անդամակցելու նախընտրելիությանը, ապա սա ևս ճիշտ հարցադրում չէ: Հարցը Հայաստանի և հայ ժողովրդի հիմնարար շահերն են` թե ներկայումս դրանք որտե՞ղ և ինչպե՞ս կարող են առավել պաշտպանված լինել և ընդլայնվելու հնարավորություններ ստանալ: Քաղաքական գործիչները պարտավոր են միմիայն այս հիմքի վրա արժևորել ԵՄ-ի ազատ առևտրի գոտուն կամ ռուսական ՄՄ-ին առնչվող հարցերը: ՍՍ-ի և նրա իշխանության ստեղծած ներկա ազգային ճգնաժամի անկայուն իրադրության մեջ, երբ արդեն վտանգի տակ են հայտնվել երկրի անկախությունը և պետական ու ազգային արմատական շահերը, ակնհայտորեն առաջ է մղվում նաև երրորդ տարբերակը` ժամանակավորապես ձեռնպահ մնալը այդ հարցերում որևէ վերջնական որոշում ընդունելուց: Ես, նախապատվությունը տալով ԵՄ ԱԽՀԱԱԳ-ին, միաժամանակ անձնապես ՍՍ-ի սադրած ներկա խայտառակ իրադրությունից դուրս գալու ելքի ուղի եմ համարում ժամանակավորապես որևէ վերջնական որոշում կայացնելուց ձեռնպահ մնալը և, մինչև երկրում օրինական իշխանության և ներքին կայունության հաստատումը, բավարարվել ԵՄ-ի և ՄՄ-ի երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ:
-Մաքսային միության կողմնակիցներն առաջինը հիշեցնում են Հայաստանի անվտանգության մասին, որ առանց Ռուսաստանի ներկայության նախ Ղարաբաղը կկորցնենք, հետո էլ` Հայաստանը: Դուք նման վտանգ չե՞ք տեսնում:
-Թերևս Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնարար հարցերը երբեք այն աստիճանի չեն կեղծվել, զեղծվել, արհեստականորեն բարդացվել և ուռճացվել, որքան այսօր: Հարցը դիտարկենք պարզունակ հարցադրումներով: ա) Ո՞ր երկրի քիչ, թե շատ լուրջ տնտեսական շահերն են պտտվում և կոմունիկացիաներն են հատվում Հայաստանում: Պատասխանը միանշանակ է` ոչ մի երկրի: 97 թվականին «Կինոյի տանը» հավաքված «հայ հասարակության սերուցք» կոչված «մեծապատիվ» տխմարների «հայրենասիրական» երազանքը` ժամանակ շահելը, արդեն իր պտուղը տվել է` Հայաստանն ու Արցախը տնտեսական առումով հայերի «ինքնաբավ» գետտո-բանտուստանի են վերածվել իրենց օրեցօր սմքող սպառողական շուկայով: բ) Ո՞ր երկրների ռազմաքաղաքական մտացածին, թե լուրջ շահերն են պտտվում Հայաստանի շուրջը: Պատասխանն այստեղ էլ պարզ է` հիմնականում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի: Մնացած բոլոր երկրները որևէ լուրջ շահ չունեն Հայաստանում և շփոթահար նայում են այն երկրի վրա, որի պարագլուխների կամքով այն դարձել է կռվախնձոր վերոհիշյալ երկրների միջև: Բայց և այնպես փորձենք հասկանալ, թե այսօր Ռուսաստանը և Եվրոպան ի՞նչ են ակնկալում հայերից ու Հայաստանից: Եթե պուտինյան անհագ կայսերապաշտությունը չլիներ, բացարձակապես` ոչինչ: Պուտինյան այդ կայսերապաշտությունը հայերից ու Հայաստանից պահանջում է շարունակել աշխարհի հանդեպ աչքերը փակ պահելու և ազգերի խաղից հրաժարվելու մեր «ազգային ավանդույթները»: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա սա, իր սովորության համաձայն, փորձում է հումանիտար օգնություն առաջարկել ռուսների վրա «խփնված» հայերին` նրանց աչքերը աշխարհի վրա բացելու նպատակով: Ինչևէ, եթե էլ ավելի լուրջ, ապա այս հարցի քաղաքական մանրակրկիտ ու ամբողջական վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ռազմական ճնշման բնույթի որևէ քայլի չի դիմի Հայաստանի՝ ԵՄ ազատ առևտրի գոտի մտնելու որոշման պարագայում: Եվ ոչ էլ Ադրբեջանին կդրդի ու կօգնի գրավել Արցախը (իհարկե ո՛չ նրա համար, որ այդ պարագայում Հայաստանում «կարող է կորցնել իր ոտքի տակի հողը»): Սա չէ, իհարկե, հարցի գլխավոր ինտրիգը, որի գլուխը չնայած թաղված չէ հողի տակ, բայց հայերը համառորեն չեն ուզում տեսնել: Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան այդ բանը չեն անի իրենց իսկ շահերի թելադրանքով. ա) Հայաստանի փաստական գրավումը ռուսների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի անվտանգությունն էլ ավելի մեծ սպառնալիքի տակ կդնի: բ) Մյուս կողմից` ռուսական դրդումով և օգնությամբ հաղթանակած Ադրբեջանը ըստ էության այլ միջազգային տիրույթում լինելով, որտեղ նրա արտաքին քաղաքականությունը ձևավորվում է Անկարայի թյուրքական պետությունների համախմբման և իսլամական ընդհանրության շրջանակներում, հնարավորություն է ստանում Հարավային Կովկասի դարպասը շռնդալից փակելու ռուսական քթի առջև: Սա արդեն Հայաստանի և Արցախի «չեզոքացումից» հետո կնշանակի Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ազդեցության զրոյականացում: գ) Ադրբեջանի հաղթական պատերազմը ռուսական ընդլայնվող իսլամական տիրույթներում կտրուկ մեծացնելու է իսլամական գործոնը, որի տարեցտարի ընդլայնվող ազդեցության գոտին Կովկասյան մեծ լեռնաշղթայից արդեն ձգվում է դեպի Վորոնեժ, ՈՒրալյան լեռներ և Ալթայի լեռնակուտակը: Ընդ որում` այդուհետև Ռուսաստանը զուրկ է լինելու Ադրբեջանի վրա քիչ, թե շատ լուրջ ազդեցության լծակներ օգտագործելու հնարավորությունից: Որովհետև Ադրբեջանում վերջերս իր ներդրած նավթագազային, ռազմարդյունաբերական ու այլևայլ ծրագրերը անմիջապես կհայտնվեն սպառնալիքի տակ: դ) Բացի այդ, Ադրբեջանի վրա Ռուսաստանի ճնշման փորձի պարագայում ռուսները վտանգի տակ կդնեն իրենց կարևորագույն շահերը Թուրքիայում և Կենտրոնասիական թյուրքական պետություններում: ե) Սա էլ մի կողմ դնենք, ԱՄՆ-ում և Եվրոպայում թերթաքարային վառելիքի լայնամասշտաբ արդյունահանման պայմաններում ռուսական անվստահելի մատակարարմամբ հայտնի և թանկ վառելիքներից հրաժարվող երկրների թվի պակասելու տենդենցը էլ ավելի խոցելի է դարձնում Ռուսաստանի՝ ռազմաքաղաքական արկածախնդրությունների դիմելու հնարավորությունը: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանն այսօր նավթ ու գազ արտահանելու համար օգտվում է նաև Ադրբեջանի համապատասխան խողովակաշարերից, Թուրքիա մտնող գազային «Կապույտ հոսքից», վտանգի տակ է դնում վերջինիս ծովային տարածքով անցնող` նոր կառուցվող գազի «Հարավային հոսք» կոչվող ծրագրի իրականացումը: զ) Եթե նույնիսկ Ադրբեջանը համաձայնի ռուսների օգնությամբ տիրել Արցախին, և ռուսամոլ դավաճան հայերի գլխավորած Հայաստանն էլ կուլ տա այդ խայտառակ դավաճանությունը, ապա ռուսների կողմից Հայաստանի փաստական գրավումը, մեղմ ասած, Թուրքիայի շահերին ու ծրագրերին չի համապատասխանում, որովհետև համեմատաբար թույլ հարևանը բոլոր դեպքերում նախընտրելի է ուժեղից, մանավանդ` միջուկային և անկանխատեսելի: է) Եվս մի հանգամանք. Ռուսաստանն այս տարի թևակոխեց տնտեսական լճացման և ռեցեսիայի ոլորտը: Արդեն պլանավորված է, որ, մինչև 2020 թիվը երկրի բյուջեի ծախսերը, սկսած 2014 թվի 5 տոկոսի կրճատումից, տարեցտարի կրճատվելու են ավելացող տեմպերով: Ընդ որում, ծախսերի այդ կրճատումն ընդգրկում է պետական գործունեության բացարձակապես բոլոր ոլորտները: Սա նախ նշանակում է, որ առաջիկայում այդ երկրին սկսելու է սպառնալ ներքին անկայունության խորացում, որն էլ անընդունակ է դարձնելու նրան արտաքին կոպիտ քայլեր կատարելու գործում, ապա արտաքին հարաբերությունների վերանայում` հակասությունների մեղմացման իմաստով, որը նույնպես բացառում է այդպիսի քայլերը: ը) Հայաստանը չնայած շրջափակված է, բայց վակուումում չէ, կան միջազգային հանրություն, միջազգային կառույցներ, կա Արևմուտք և այլն, որոնք եթե ոչ ռազմական միջամտության, ապա քաղաքական և այլ առումներով չեն կարող իրենց անհանդուրժողականությունը չցուցաբերել այս տարածաշրջանում ռուսական ռազմաքաղաքական արկածախնդրության փորձի նկատմամբ: Բայց սա էլ դեռ բոլորը չէ, այլ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական բնույթի արկածախնդրությունը բացառող փաստարկների մի հատվածը, որը հնարավոր է խցկել թերթային մի հարցազրույցում: Մի խոսքով` ես չեմ տեսնում Ռուսաստանի կողմից ուժի կիրառմամբ կամ ՀՀ հարևաններին դրդելու միջոցով Հայաստանի և Արցախի անվտանգության ներկա իրադրությունը խախտելու լուրջ հնարավորություն:
-Մեր հարևանը` Վրաստանը, վաղուց կողմնորոշվել է դեպի Եվրոպա, բայց կարճատև պատերազմում կորցրեց տարածքներ: Ո՞Ւր էր Եվրոպան, ինչո՞ւ նրան չէր աջակցում: Այսինքն, այսպես թե այնպես Հայաստանը կորուստներ չէ՞ր ունենա:
-Այո՛, երիտասարդ Սաակաշվիլին չկարողացավ ճիշտ կողմնորոշվել բավականին բարդ իրադրությունում և կորցրեց այն, ինչը դեֆակտո արդեն կորսված էր Վրաստանի համար դեռևս 90-ականների սկզբին: Այո՛, նա հավատաց իր կողքի ռուսական գործակալների և միամիտ մարդկանց զեկույցներին, թե ռուսական «խաղաղապահ կոչված» զորքերն «արագորեն» հետ են քաշվում Հարավային Օսիայից դեպի իրենց պետական սահմանը: Նա չուզեց լսել անգամ Արևմուտքի թույլ հորդորը` ձեռնպահ մնալ այդ քայլից: Եվ նա կուլ տվեց ռուսական սադրանքի խայծը, առանց հաշվի առնելու այն, որ մազապուրծ թափով «փախչող» ռուսական զորքերը, արդեն համալրված, այդ նույն արագությամբ կարող են վերադառնալ: Կորսված տարածքները, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ բուն վրացական տարածքներ չէին: Այս բոլորը փաստ է: Փաստ է նաև, որ ԵՄ-ն էր, որ, ի դեմս Սարկոզիի առաքելության, կանգնեցրեց հետագա արյունահեղությունը և դուրս բերել տվեց ռուսներին գրավյալ բուն վրացական տարածքներից: Բայց ո՞վ է ասում, թե Հայաստանի ԵՄ ԱԽՀԱԱԳ մտնելը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների խզում և հայ-ռուսական ռազմաքաղաքական հակամարտության սկզբնավորում: Սա կատարյալ ցնդաբանություն է: Հայերը ոչ մի ցանկություն և շահ չունեն այդ կարգի գործունեություն ծավալելու համար և նոր պայմաններում պատրաստ կլինեն իրավահավասար, փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն ծավալելու Ռուսաստանի հետ: Վստահ եմ, որ այսօրվա Ռուսաստանի շահերը, կարողությունների անբավարարությունն ու ներքին ռեցեսիոն գործընթացը նույնպես կտրուկ արգելակիչ դեր կխաղան նրա կողմից տարածաշրջանում նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծելու հարցում: Ռուսների հակահայ գործունեությունը, ենթադրում եմ, կկենտրոնանա ռուսահայերի և Հայաստանի նկատմամբ էթնիկ և տնտեսական ճնշումների վրա, որոնք երկարատև բնույթ չեն կարող ունենալ: Համոզված եմ` այդ դեպքում մշտապես ռուսների կողմից բռնաբարվելու հակված հայ ռուսամոլներին նվազագույն հաճույք է սպասում: Ռուսաստանը, որն իր իրական և մտացածին շահերը պաշտպանելու խանդով հայտնի է, իր հերթին պետք է հաշվի առնի, որ այլ ժողովուրդներն էլ իրենց շահերն ունեն, և համակերպվի դրանք պաշտպանելու այդ ժողովուրդների իրավունքի հետ: Այլապես նրա բոլոր հարևանները կթշնամանան նրա հետ, երևույթ, որը վաղուց է գալիս, բայց այլընտրանքի բացակայության պայմաններում քիչ էր նշմարվում, իսկ այժմ արդեն ակնհայտ է և կարող է դառնալ համատարած, եթե Ռուսաստանը չվերանայի իր այդ թշնամական վերաբերմունքը իր հարևան երկրների ինքնիշխանության նկատմամբ:
-Այսօր շատ է խոսվում ռուսական ռազմաբազայի մասին, սակայն մոռանում են, որ այդ պայմանագիրը ստորագրվել է 96-ին, իմա՝ տվյալ ժամանակահատվածի իշխանության սխալ գործելաոճի արդյունք է դա:
-Ես կարող եմ խոսել միմիայն իմ դիրքորոշման մասին: Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հարցում ես միշտ ունեցել եմ իմ որոշակի կարծիքը, որը գիտակցական կյանքումս երբեք չեմ փոխել: Այդ կարծիքի արտահայտություններից մեկը, որն ավելի հակիրճ է և որը ժամանակին տպվել է ՀՀՇ-ի պաշտոնաթերթում («Հայք», 23.09.1994 թ.), ներկայացնում եմ Ձեր և ընթերցողների ուշադրությանը, որոնցից ոմանք ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են, թե այդ հարցում «նոր» են իմ «աչքերը բացվել»: Ահա այն. «... Մենք չենք կարող անկախ պետականության պահպանման հետ միաժամանակ վարել միակողմանի քաղաքականություն: Արտաքին քաղաքական և տնտեսական մեր հարաբերությունները մենք պետք է հավասարակշռենք հնարավորինս ազատվելով միակողմանիությունից: Ես վտանգ եմ տեսնում Ռուսաստանի հետ մեր կապերի խորացման մեջ: Սա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Պետք է չափազանց զգույշ և ուշադիր արտաքին քաղաքականություն վարել: Միակողմանի կողմնորոշմանը միտված արտաքին քաղաքականությունը կարող է վտանգել մեր անկախությունը»: Ավելացնեմ, որ ես 1995-ին եղել եմ այն երեք պատգամավորներից մեկը, որոնք դեմ են քվեարկել «Հայ-ռուսական բարեկամության» պայմանագրին, իսկ 1997-ին ԱԺ-ում միայն ես եմ դեմ քվեարկել «Բարեկամության Մեծ պայմանագրին»: Ինչ վերաբերում է ռուսական «ռազմաբազայի» մասին պայմանագրին, ապա ստիպված եմ նշել, որ դա նաև արևմտյան դիվանագիտության անշահագրգիռ, անտարբեր և ոչ կոմպետենտ գործունեության հետևանքն էր հայկական յուրահատուկ իրականության մեջ: Ինչպես հիմա չեմ հավատում արևմտյան այն գործիչների խոսքերի անկեղծությանը, թե իրենց համար «անընդունելի են» Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա կատարվող «ճնշումները», այնպես էլ 1995-1996 թթ. չէի հավատում տարածվող այն թեզին, թե իբր Արևմուտքը հարավսլավական հարցերով զբաղված լինելու պատճառով ժամանակ չունի լուրջ կերպով զբաղվելու ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հարցով: Ինձ հետաքրքիր է, թե այդ ինչո՞վ էին զբաղվում այդ երկրների ԱԳՆ-ների «Հարավային Կովկասի» դեպարտամենտները, վարչությունները և բաժինները, որոնց այդքան «խանգարում» էին հարավսլավական գործերը: Այն ժամանակ մի հարբեցող Գրաչով ավելի մեծ արդյունքների հասավ, քան Հայաստանում գործող ողջ արևմտյան դիվանագիտական կորպուսը:
-Պարոն Աբգարյան, ժամանակին Դուք եղել եք Մաքսային վարչության ղեկավար ու թերևս, ամենաճիշտը Դուք կարող եք բացատրել, թե Մաքսային միության անդամակցության պարագայում Հայաստանի «մաքսային» խնդիրներն ինչպես են լուծվելու:
-Դիտարկենք, թե արդյո՞ք Հայաստանը կարող է անդամակցել ռուսական մաքսային միությանը: Նախ հասկանանք, թե ինչու են ստեղծվում մաքսային միությունները: Մաքսային միությունները սովորաբար ստեղծվում են հարևան երկրների միջև արտաքին առևտրական հարաբերությունների պարզեցման, ապրանքների և ծառայությունների սահմանային անցումների դյուրացման, միասնական Մաքսային արարողակարգերի կիրառման և միասնական մաքսասակագնային քաղաքականության վարման նպատակներով (իհարկե, եղել են նաև մաքսային միություններ, որոնք այլևայլ նպատակներ էլ են հետապնդել` ընդհուպ մաքսային պատերազմ): Մաքսային միության առաջնահերթ հատկանիշը նրա մաքսային ընդհանուր տարածքի առկայությունն է, որը ներառում է բոլոր անդամ երկրների տարածքները և որի արտաքին սահմանը որոշվում է անդամ երկրների պետական սահմանների այն հատվածներով, որոնք սահմանակից են տվյալ մաքսային միությանը չանդամակցող երկրներին: Մաքսային ընդհանուր տարածքը չի հանդուրժում արտատարածքային կազմավորումներ հենց միայն այն պատճառով, որ այդ դեպքում մաքսային միության ստեղծման վերոհիշյալ նպատակների անվերապահ և ամբողջական իրագործումը բացառվում է: Ահա այս առումով Հայաստանը, ընդհանուր սահման չունենալով ռուսական ՄՄ-ի հետ, բացարձակապես չի կարող անդամակցել այդ միությանը: Օրինակ են բերում ՌԴ Կալինինգրադի մարզը, ընդ որում՝ քամահրելով տարրական քաղաքական կոռեկտությունը և լկտիաբար անտեսելով Հայաստանի կարգավիճակային տարբերությունը: Դա անհեթեթ և սխալ օրինակ է, որովհետև ոչինչ չի ապացուցում: Կալինինգրադի մարզը Բալթիկ ծովի բաց ջրերով սահմանակից է ՌԴ Լենինգրադի մարզին, հետևաբար որևէ անհաղթահարելի խնդիր չկա, որը կդժվարացնի նրա ներառվածությունը տվյալ ՄՄ-ի ընդհանուր տարածքում: Իսկ Հայաստանի պարագայում կա անհաղթահարելի արգելք` մեր երկիրը չունի ո՛չ ցամաքային, և ո՛չ էլ ծովային ընդհանուր սահման ՄՄ-ի անդամ որևէ երկրի հետ: Մաքսային միության թերևս կարևորագույն հատկանիշը նրա միասնական մաքսասակագնային համակարգն է: Այստեղ էլ ահա Հայաստանը կորցնելու շատ բան ունի ռուսական ՄՄ-ում, որովհետև ակնհայտ է, որ այդ համակարգը ձևավորվում է Ռուսաստանի գերակայող շահերի հիման վրա: Ներկայումս Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի անդամակցությամբ ստեղծված ՄՄ-ի մաքսասակագնային համակարգն արդեն ճաքեր է տալիս և դեֆորմացիայի ենթարկվում: Բելառուսը ՄՄ-ին անդամակցելուց մեկ տարի անց արդեն կորցրել է շուրջ 15 մլրդ դոլարի բյուջետային եկամուտ և Ռուսաստանի հետ անախորժ հարաբերությունների մեջ է հայտնվել մի շարք խնդիրների պատճառով: Ղազախներին թվացել էր, թե իրենք կարողացել են շրջանցել Ղազախստանի համար ՄՄ-ի մաքսասակագնային համակարգի ոչ շահավետ դրույթները` վերապահումներ մտցնելով այդ համակարգի ապրանքային անվանացանկի մի քանի հազարի հասնող այն ապրանքների և ապրանքային խմբերի նկատմամբ, որոնք կազմում են ղազախական արտահանության և ներմուծման գլխավոր եկամտաբեր հոդվածները: Բայց պարզվում է, որ Ռուսաստանն այս հարցում փորձում է «չեզոքացնել» ղազախական նկրտումները` պատասխան սահմանափակումներով: Բայց հարցն այստեղ արդեն այլ է. ռուսական ՄՄ-ի մաքսասակագնային համակարգը դեռ քիչ թե շատ չձևավորված` արդեն ձևախեղվում է Մաքսային միության գլխավոր պահանջին` միասնական մաքսասակագնային քաղաքականությանն անհարիր բաղադրիչների ներբեռնմամբ: Հայաստանի համար այդ միությանն անդամակցելը նախ գործնականում անհնար է, ապա իրական դրական արդյունքների առումով` խիստ անվստահելի: Այդ պարագայում մենք այլևայլ կորուստների հետ ա) նեղացնում ենք արտաքին առևտրի մեր գործընկերների ցանկը` երրորդ երկրների հետ բարդացնում և թանկացնում ենք մեր առևտրային հարաբերությունները, բ) անդամ ենք դառնում կոռումպացված, հետամնաց և հակաժողովրդավարական երկրների ընտանիքին, գ) անհնար ենք դարձնում մեր տեխնիկական և տեխնոլոգիական զարգացումը, դ) դառնում ենք միջնորդված առևտրական կցորդի սպառողական շուկա, որի պարագայում ներկրվող ապրանքների գները հայտնվում են մշտական անկայունության տիրույթում, ե) մշտական խնդիրներ ենք ունենում մեր հարևան, ԵՄ ԱԽՀԱԱԳ անդամ և նրա կանոններն ու ստանդարտները կրող Վրաստանի հետ` կապված ապրանքների տարանցման, առևտրական և մաքսային ռեժիմային այլևայլ խնդիրների հետ, զ) վերջապես ամենագլխավորը` Մաքսային միությունը Ռուսաստանի համար իր հարևան երկրներին անկախությունից զրկելու ընդամենը առաջին քայլն է, որին պարտադիր կերպով հետևելու են բանկային միությունը, արժութային միությունը, չափագրության և ստանդարտիզացիայի միությունը և այլն, և այլն, որոնցով պուտինյան վարչախումբը մտադիր է ռուսական ՄՄ-ի անդամ երկրներին զրկել իրական անկախությունից և վերստեղծել ռուսական նոր կայսրություն:
-Մի պահ պատկերացնենք, որ իշխանությունը Ձեր ու Ձեր թիմակիցների ձեռքում է, ո՞ր ճանապարհը կընտրեք:
-Բնականաբար` ԵՄ-ն, որովհետև ԵՄ-ում հեգեմոն երկիր չկա, որ թելադրի իր պայմանները, ինչպես Ռուսաստանն է անում: Իսկ ԵՄ-ում հինգ-վեց հզոր պետությունների առկայությունն իսկ, մի կողմ դնելով նույնիսկ նրանց քաղաքական մշակույթը և որոշումներ կայացնելու ժողովրդավարական մեխանիզմները, արդեն բացառում է որևէ պետության՝ թելադրող դիրքում հայտնվելու հնարավորությունը: Իսկ ընդհանրապես չեմ ուզում հասկանալ այսպիսի հարցերը: Դուք ինչո՞ւ եք ուզում, որ ես «ընտրություն» կատարեմ 500-միլիոնանոց առողջ հարուստի և 180-միլիոնանոց հիվանդ աղքատի միջև: Հանուն ավանդույթի՞, հանուն կոնյակաբաստուրմայական «տնտեսական հարաբերությունների՞», բայց այսօրվա ռուս պաշտոնյաները միլիարդների հետ խաղացողներ են, դա հաշվի առնվո՞ւմ է «հավերժ Ռուսիո հետ» կարգախոսակիր ավանդապաշտների կողմից: Բոլոր լուրջ հաշվարկներով մեր ազգային և պետական շահերի պաշտպանվածությունը և զարգացումը կարող են ապահովվել միմիայն այդ ուղիով: Հակառակը սպառնում է այս անգամ դավաճան հայերի կողմից Հայաստանը հայաթափելու նոր 15 թվով, ինչը, ի դեպ, արդեն մոտենում է:
-Ձեզ գոհացնո՞ւմ է այսօրվա ընդդիմության, մասնավորապես ՀԱԿ կուսակցության և նրա ղեկավարի արձագանքն այս որոշման առնչությամբ:
-Իսկ Ձեզ գոհացնո՞ւմ է Ձեր հարցը: Ի դեպ, ես Ձեզ և Ձեր կեցվածքն ունեցողներին լավ եմ հասկանում, հոգու խորքում դուք շատ եք ուզում, որ ընդդիմությունը տա ու միանգամից ջարդուփշուր անի ավազակապետական այս վարչաբուրգը: Ձեր բազմիցս կրկնվող դժգոհություններն արմատական ընդդիմությունից հենց այդ են վկայում, Դուք նրա մեջ եք տեսնում իրական ուժը, այլապես վաղուց ձեռ քաշած կլինեիք և՛ Լևոնից, և՛ ՀԱԿ-ից: Եվս մի «ի դեպ». իսկ ինչո՞ւ ՍՍ-ի «որոշման» վերաբերյալ բացահայտորեն դրական արտահայտված կուսակցությունների և մասնավորապես ՀՅԴ-ի խայտառակ հայտարարության վերաբերյալ այդպես չեք «տաքացնում» հարցերը: Հասկանում եմ` նրանց հետ հույսեր չեք կապում: Ինչևէ, վերադառնալով Ձեր հարցին ասեմ. դա մարտավարությանը վերաբերող հարց է և ես, չիմանալով դրա ելակետերն ու նպատակադրությունը, խուսափում եմ, մեկ արձագանքի վրա հիմնվելով, այդ հարցին պատասխանելուց: Ժամանակ է պետք դրա համար, մինչև հուշող այլ հանգամանքների ի հայտ գալը:
-Լևոն Տեր-Պետրոսյանն այս առնչությամբ իր ելույթում միայն Սերժ Սարգսյանի «դրության» մասին խոսեց, ոչ մի խոսք չասաց որոշման դրական կամ բացասական հետևանքների մասին: Արդարացվա՞ծ է Հայաստանի ընդդիմության լիդերի այսպիսի պահվածքը:
-Իշխանության հավակնություն ունեցող յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ ունենում է իր մարտավարությունը, որը հենվում է բազմաթիվ և բազմաբնույթ իրողությունների հաշվառման բազայի վրա: Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի ներկայիս մարտավարության հիմունքներին և Ձեր այդ հարցին չեմ կարող պատասխանել: Բոլոր պարագաներում ես կխուսափեի ընթացիկ մարտավարության գործնականությունը և «արդարացվածությունը» գնահատելով ելնելով դրան առնչվող մեկ կամ մի քանի դրվագից, որոնց հիմքում կարող են լինել բաներ, որոնց ես անտեղյակ եմ: Կարծում եմ, որ քաղաքական մարտավարության և նրա առանձին դրսևորված բաղադրիչների գնահատականը կարելի է տալ միայն որոշակի փուլի ավարտից հետո:
-Այս որոշումից հետո Դուք առաջարկում էիք նորից Ազատության հրապարակ դուրս գալ և տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Դուք դեռ հավատո՞ւմ եք, որ հասարակությունը կհամախմբվի Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը, թե՞ այլ անձանց նկատի ունեք:
-Ես կարծում եմ, որ եթե ժողովուրդն այս բախտորոշ ժամանակահատվածում չկարողանա համախմբվել անմիջականորեն իր և իր երկրի շահերը պաշտպանելու ընդունակ քաղաքական ուժերի և գործիչների շուրջը, ապա մեր երկրի և իր` ժողովրդի գոյության հիմքերը վերջնականապես կքայքայվեն և հայերը առաջիկա մի երկու տասնամյակում ցրիվ կգան աշխարհով մեկ: Այս սպառնալիքին դեմ հանդիման պետք է իրական հայրենասեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, կազմակերպությունները և հայտնի անհատները դադարեցնեն իրենց անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, ձերբազատվեն իրենց ընդդիմադիր ներկայացնող, բայց իրականում խառնակչությամբ զբաղվող քաղաքական ուժերից ու անձերից, իրենց միակ դաշնակիցն ու հենարանը հռչակեն ժողովրդական զանգվածներին և միավորվեն միայն երկու հարցի շուրջ` տապալել ՍՍ-ական իշխանությունը և երաշխիքներ փոխանակել անցկացնելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Հաղթողին կորոշի ժողովուրդը: Իմ անձնական կարծիքն այն է, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը առավել արժանավոր քաղաքական գործիչն է, որն ընդունակ է ներկայիս Հայաստանը պոկելու ազգային ճգնաժամի ճիրաններից և վերականգնելու մեր երկրի և ժողովրդի ազգային և սոցիալական արժանապատվությունը ինչպես ՀՀ քաղաքացու, այնպես էլ աշխարհի ժողովուրդների աչքերում: Նրա «տրամաչափի» գործիչ հայերի մեջ ես առայժմ չեմ տեսնում: Բացի այդ, նշեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ևս մի կարևոր առավելությունը. նա կադրային լուրջ խնդիրներ չունի համապատասխան պաշտոնների համար, նրա շուրջը համախմբված են իրենց քաղաքական և քաղաքացիական դեմքը ցույց տված ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձված, սկզբունքային և բանիմաց գործիչներ: Կանխեմ ոմանց. ես, իմ տարիքի բերումով, վերջիններիս շարքում ինձ տեսնելու հավակնություն չունեմ:

Հարցազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ