Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Չընտրված նախագահի ցանկացած որոշում վտանգում է Հայաստանի անկախությունը»

«Չընտրված նախագահի ցանկացած որոշում վտանգում է Հայաստանի անկախությունը»
23.09.2013 | 17:43

Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, իշխանությունն ու ընդդիմությունը յուրովի էին նշում։ Հայաստանի 22-ամյա անկախության պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը ցույց և երթ կազմակերպեց. նրանց բողոքը Մաքսային միությանն անդամակցելու դեմ էր։ Որքանո՞վ էր ճիշտ բողոքի ակցիան Անկախության օրը։ Այս և Մաքսային միությանն առնչվող հարցերի շուրջ երեկոյան` Հանրապետության հրապարակում, մինչ համերգի սկսվելը զրուցեցինք հյուրերի հետ։

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ («Ժառանգություն»)
-Ամեն ինչ ճիշտ է, անգամ քննադատությունը: Հայրենասիրությունը ոչ միայն փայփայանք և շոյանք է, այլև իրավունքների խնդրի բարձրացում: Կարծում եմ, որ համերգին զուգահեռ միտինգը, երթը քաղաքացիական նախաձեռնություններ են, և ամենքս յուրովի ենք տոնում երկրի անկախությունը: Այդպիսով մեր երկիրը կարող է դառնալ ավելի լավ, ավելի իրավական և ավելի սահմանադրական: Շնորհավոր բոլորիս։
-Եթե ՀՀ իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու որոշում չկայացնեին, այլ ստորագրեին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, այդ դեպքում, ըստ Ձեզ, Հայաստանը իր սուվերենությունը կպահպանե՞ր:
-Չընտրված նախագահի կողմից Մաքսային միությանը միանալու միանձնյա որոշումը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը: Ես բազմիցս ասել եմ, որ ասոցացման համաձայնագիրը պետք է հրապարակվեր, որպեսզի տեսնենք, որ նա ապահովում է Հայաստանի ազգային շահը:
-Փաստորեն, Դուք ուզում եք, որ թե՛ Եվրամիությանը, թե՛ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից առաջ հրապարակվե՞ն ստորագրվող փաստաթղթերը:
-Երկու դեպքում էլ պետք է փաստաթղթերը հրապարակվեին: Երկու դեպքում էլ դրանք պետք է համապատասխանեցվեն մեր ազգային շահին և ժողովրդի սահմանադրական իրավունքին: Բայց ներկա դրությամբ ես համարում եմ, որ այս հարցը ոչ թե հակաարևմտյան է կամ պրոռուսական, այլ ուղղակի վտանգում է Հայաստանի անկախությունը: ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը շատ ավելի դիպուկ և համապարփակ տեսք կարող էր ստանալ, քան այս միությանը միանալու միանձնյա հայտարարությունը:
-Բայց Դուք իմ հարցին այդպես էլ չպատասխանեցիք. եթե միանձնյա հայտարարություն արվեր Եվրամիությանը միանալու մասին, ՀՀ անկախությունը չէ՞ր վտանգվի:
-Նախ` չընտրված նախագահի ցանկացած որոշում վտանգում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը: Եթե միանձնյա որոշում կայացվեր Եվրամիության հետ ասոցացման պայմանագրերի վավերացման մասին, ևս սխալ կլիներ:


ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ)
-Անկախության օրը միտինգների անցկացումը նորմալ երևույթ եմ համարում: Ի վերջո, մեր հիմնական նպատակն էր Հայաստանը դարձնել այլակարծության, ազատ արտահայտման հնարավորություն տվող երկիր:
-Շատերը կարծում են, որ մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը կորցնում է իր անկախությունը:
-Ես կվիճեի:
-Եթե մենք միանայինք Եվրամիությանը, ի՞նչ եք կարծում, դարձյա՞լ կասեին, որ Հայաստանը կորցնում էր իր սուվերենությունը:
-Կարծում եմ` կան մարդիկ, որ դա ևս պնդում են:
-Ըստ Ձեզ` ճիշտը ո՞րն է:
-ՀՀ նախագահը հստակ ուրվագծել է մեր քաղաքական հիմնական ուղենիշը: Իսկ դրա շարունակությունը արդյունավետ աշխատանքն է:
- Որպես եվրոպական կառույցներին քաջատեղյակ մարդ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը. արդյո՞ք Մաքսային միությանն անդամակցելուց հետո կկարողանանք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:
-Համոզված եմ, որ դա անխուսափելի է և լինելու է: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:
-Ես համոզված եմ` թե Եվրոպա, թե Ռուսաստան, դա չէ էականը: Աշխարհը հաշվի է նստում այն պետության հետ, որն ինքն իրեն հարգում է և կայուն է: Եթե մեզ հետ հաշվի չնստեն, մենք ենք մեղավոր:
-Ձեր ասածը բացարձակ ճշմարտություն է: Մենք պարտավոր ենք լինել ուժեղ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ չպետք է համագործակցության ուղիներ փնտրենք: Ինչպիսի՞ն կլինեն դրանք` կախված է և՛ պահից, և ՛ մարտահրավերներից, և՛ բազում այլ գործոններից:


ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ ֆինանսների նախարար)
-Պարոն նախարար, Հայաստանի 22-ամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ, տոնական միջոցառումներին զուգընթաց, ցույց տեղի ունեցավ. ինչո՞վ է դա պայմանավորված:
-Դա բացատրվում է նրանով, որ մենք շատ ժողովրդավար երկիր ենք:
-Իսկ ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, կպահպանե՞ր անկախությունը:
-Կարծում եմ` այս կամ այն միջազգային կառույցին անդամակցությունը կամ ինտեգրացիոն գործընթացներում գտնվելը որևէ ձևով չի կարող ազդել մեր անկախության վրա: Մեր պետության վերջին 22 տարին դրա փայլուն ապացույցն է:
-Չեմ կարող ֆինանսների նախարարից չհարցնե՞լ. «Ի՞նչ են երգում այսօր Հայաստանի ֆինանսները»:
-Միայն պայծառ երգեր:


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ


Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ