Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնությունը տառապում է «ստոկհոլմյան սինդրոմով»

«ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնությունը տառապում է «ստոկհոլմյան սինդրոմով»
18.09.2013 | 16:21

irates.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի և Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանը

-Արդեն ակնհայտ է, որ «Արևելյան գործընկերության ծրագրի» շրջանակներում ԵՄ պաշտոնյաների թափած ջանքերն այս ընթացքում չտվեցին ցանկալի արդյունքը, և Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում չի նախաստորագրելու ԵՄ ասոցացման և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Արդյո՞ք հենց ԵՄ պաշտոնյաները չեն այս հարցում գլխավոր մեղավորները, որոնք Հայաստանը դրել էին նույն հարթության մեջ Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն չի կարող այդքան դյուրությամբ խզել կապերը Ռուսաստանի հետ:
-Նախ և առաջ, Ռուսաստանի հետ կապերը խզելու մասին խոսք լինել չի կարող. խնդիրն ընդամենը ԵՄ-ի և Մաքսային միության անդամակցությունը համատեղելու անհնարինությունն է` գլխավորապես մաքսային դրույքների տարբերության պատճառով: Ռուսաստանի հետ ռազմական և այլ ոլորտներում համագործակցության առումով ԵՄ ասոցացման պայմանագիրը որևէ խոչընդոտ չէր առաջացնի: Այլ խնդիր է, որ հենց Ռուսաստանն է հակված առևտրային և այլ կապերը խզելու, գազի մատակարարումը դադարեցնելու և ճնշման այլ մեխանիզմներ կիրառելու` իր կայսերապաշտական ձգտումների պատճառով:
ԵՄ պաշտոնյաները մեղավոր են այլ առումով. նրանք տարիներ շարունակ վստահել են Հայաստանի իշխանություններին` չնայած ընտրակեղծիքներին, ընդդիմադիրների նկատմամբ բռնություններին, համատարած կոռուպցիային: Այժմ էլ դեռևս գործում է այդ արատավոր մոտեցման իներցիան` մասնավորապես «դեմքը պահպանելու» նկատառումներից ելնելով, որը վտանգի է ենթարկում ՀՀ-ի ինքնիշխանությունը, իսկ մոտ ապագայում սպառնալու է նաև ԵՄ-ի շահերին:
-Հայաստանում քաղաքական ուժերի մեծամասնությունը շատ զգուշավոր է արտահայտվում ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների մասին՝ նկատի ունենալով, որ ունենք չլուծված ԼՂ հակամարտություն, և ՌԴ-ն էլ մեր անվտանգության երաշխավորն է: Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է անեն ՀՀ իշխանությունները, երբ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական երկու ուժային կենտրոնների՝ Արևմուտքի և ՌԴ-ի ճնշումների ներքո:
-Քաղաքական ուժերի այդ մեծամասնությունը կամ դեռևս հույս ունի Պուտինի համաձայնությամբ գալու իշխանության, կամ տառապում է «ստոկհոլմյան սինդրոմով»: ՌԴ-ն Հայաստանի մեկուսացումից, այդ թվում թուրքական շրջափակումից, ամենամեծ օգուտ ստացող կողմն է, Ադրբեջանի համար զենքի հիմնական մատակարարն է, և միակ պետությունն է, որը շահագրգռված է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ կամ դրանց անմիջական սպառնալիքի առկայությամբ:
ՀՀ գործող իշխանությունը որևէ դրական տեղաշարժ կատարել արդեն չի կարող: Պետք էր նախօրոք գործել, նախաձեռնություններ առաջ քաշել. օրինակ, երբ մի քանի ամիս առաջ Ռուսաստանը կտրուկ բարձրացրեց գազի գինը, պետք էր արագ պայմանավորվել Իրանի հետ` նոր գազամուղի կառուցման մասին. մեծ տրամագծով գազամուղի շնորհիվ կապահովվեր ՀՀ էներգետիկ անվտանգությունը, իսկ տարանցման հնարավորությունը նաև կավելացներ ՀՀ-ի անվտանգությամբ շահագրգռված կողմերի քանակը: Մի շարք այլ նախաձեռնություններով կարելի էր հանդես գալ, սակայն այժմ դրանց քննարկումն անիմաստ է, քանի որ գործող իշխանությունը թե՛ Ռուսաստանից է վախենում, թե՛ այլ երկրների կողմից չի կարող վստահելի գործընկեր համարվել:
-Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի ավագ քաղաքական փորձագետ Ստեֆան Մայստերը, որպես ԵՄ քաղաքականության բացթողում, նշել է, որ ԵՄ-ն ներգրավված չէ տարածաշրջանային հակամարտություններում, կապված չէ տարածաշրջանում ժողովրդավարացման, փոփոխությունների քաղաքականության հետ: Նախաստորագրելով ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ կարող էր ունենալ իր անվտանգությունը երաշխավորելու առումով:
-ԵՄ ասոցացման գործընթացում ներգրավվելով՝ Հայաստանը պետք է նախ և առաջ վերացներ ներքին թերությունները և արատավոր ավանդույթները` հանրային կոնսենսուսի հասնելու համար: Օրենքի գերակայության ապահովումը, մասնավորապես ուժային մարմինների և հարկային տեսչության կամայականությունների վերացումը, կոռուպցիայի նվազեցումը, սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, օլիգարխիայի ազդեցության վերացումը մեծապես կնպաստեին ներդրումների աճին, որն իր հերթին կհանգեցներ ՀՀ-ի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տալու անհրաժեշտության գիտակցմանը:
Առայժմ ԵՄ-ի կողմից անվտանգության առումով ներդրումը սահմանափակվում է Ադրբեջանի նկատմամբ ճնշմամբ` լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց ձեռնպահ մնալու համար: ԵՄ-ի և ԱՄՆ-ի այդպիսի, թեկուզ խիստ սահմանափակ, միջամտությունը վերջին տարիներին խաղաղության պահպանման կարևոր գործոն է, որը գոնե մասնակիորեն հակակշռում է Ռուսաստանի ազդեցությանը:
-Ի՞նչ կորցրեց Հայաստանը Վիլնյուսում նախաստորագրվելիք ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալու շանսը բաց թողնելով: ԵՄ պաշտոնյաների կողմից կան հավաստիացումներ, որ չեն դադարեցվելու մի շարք ծրագրեր (օրինակ՝ կրթական ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին շարունակելու են ցուցաբերել աջակցություն):
Կրթական ծրագրերը չափանիշ չեն. դրանք Լիբերիայի հետ էլ են իրականացվում: Իսկ Հայաստանը բաց է թողնում ժողովրդավարացման, հանրային կյանքում և տնտեսությունում քաղաքակիրթ չափանիշներով առաջնորդվելու հնարավորությունը, նաև դուրս է մնում արդիականացման գործընթացից. ԵՄ-ի 2014-2021 թթ. բյուջեում լրացուցիչ միջոցներ են հատկացվելու ասոցացման պայմանագիր ստորագրող երկրներին տեխնիկական վերազինման, սերտիֆիկացման, ենթակառուցվածքների արդիականացման նպատակով:

-ԵՄ-ն այժմ փնտրում է Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու նոր ձևաչափ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ձևաչափ է անհրաժեշտ, որպեսզի թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն կարողանան փոխշահավետ համագործակցություն ունենալ հեռանկարում:
-Նոր ձևաչափի ստեղծման նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը` հանդես գալով գործող իշխանության կամակատարությունների և ռուսական գաղութատիրության դեմ: Այդ նոր ձևաչափի էությունը պետք է լինի ազգային գիտակցության վերականգնումը և ժամանակակից քաղաքակիրթ արժեքային համակարգի ամրապնդումը` գիտակցելով, որ «երրորդ ճանապարհ` ոչ ԵՄ, ոչ Եվրասիա» այլընտրանքը կեղծ է: Հետագայում պետք է ձգտել ԵՄ ասոցացման գործընթացի լիարժեք վերականգնմանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ