Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Եվրոպան Ռուսաստանի նման շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ

Եվրոպան Ռուսաստանի նման շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ
05.09.2013 | 15:24

Irates. am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ.

-Պարոն Իգիթյան, մինչ երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը Հայաստանի որոշ պաշտոնյաներ եթե ոչ ուղիղ տեքստով հայտարարում, ապա գոնե ակնարկում էին, որ Հայաստանը նախաստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոխվեց կամ ի՞նչը պատճառ դարձավ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության:
-Նախ` ոչ թե անուղղակի, այլ ուղղակի: Հայաստանի բոլոր բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյաները և քաղաքական գործիչները հայտարարում էին, որ Հայաստանը նոյեմբերին գնալու է Վիլնյուս նախաստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որի մաս է կազմում խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծումը: Դուք կարող եք իրենց հարցնել` ի՞նչ տեղի ունեցավ, կամ կարո՞ղ է Սերժ Սարգսյանը իրենց չի ասել, որ մտքում ունի այլ տեսակետ, որը չէր հայտնում իր ենթակա մարդկանց և հանկարծ միայն Պուտինին հայտնեց: Ես կարող եմ մի քանի ենթադրություն անել. կամ երևի այդ պաշտոնյաները չեն պատկերացնում` ինչ է նշանակում Մաքսային միություն և ինչ է նշանակում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, և թե որքանով են դրանք մեկը մյուսին բացառում: Այստեղ պետք է ընտրություն կատարվի և տնտեսական հաշվարկ: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ես փորձում եմ լավատես լինել և ենթադրել, որ այս արձագանքների և տնտեսական հաշվարկների արդյունքում Սերժ Սարգսյանը գուցե փոխի իր միտքը:
-Իսկ կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա, որի մասին արդեն ակնարկել են եվրոպական ընտանիքի յոթ երկրների արտգործնախարարներ:
-Կարող եմ ենթադրել, որ ճնշում է եղել: Քանի որ բացահայտ ճնշում չեմ նկատել, չեմ բացառում նաև, որ դա Սերժ Սարգսյանի հենց անձնական դիրքորոշումն է` լինել Ռուսաստանի հետ մինչև վերջ: Կարծում եմ ` ցանկացած քաղաքական գործիչ կարող է ունենալ իր տեսակետը, բայց կա երկու կաշկանդող հանգամանք: Առաջինը` այն ծրագիրը, որով հանդես է գալիս տվյալ քաղաքական ուժը: Նա գոնե պետք է հետևի այդ ծրագրին և երկրորդ` հարգի ընտրողներին, նույնիսկ եթե ընտրվում է կեղծված ընտրություններով:
- Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց Հայաստանի ողջ հասարակության անունից, սակայն հասարակության կարծիքը Մաքսային միության վերաբերյալ իրականում չկա հրապարակում: Արդյո՞ք անհրաժեշտ է այս հարցով հանրաքվե:
-Իհարկե նորմալ պայմաններում կարող էր լինել նաև հանրաքվե, բայց Հայաստանի այս ընտրական համակարգի պարագայում հանրաքվեն նման կլինի այն պատկերին, ինչ մենք տեսնում ենք, օրինակ, Փակ շուկայի մոտ:
-Նկատի ունեք` հանրաքվեի արդյունքները կարող են կեղծվե՞լ:
-Քիչ է ասել` կեղծել: Ոչ թե կեղծել, այլ այդպիսի ստորացուցիչ ձևով անցկացնել: Այո, իհարկե, հանրաքվեի ժամանակ այս ընտրական համակարգով, այսպիսի անհարգալից մոտեցումներով հասարակության հանդեպ կարելի է ունենալ ցանկացած որոշում:
-Եվ ի՞նչ, Մաքսային միությամբ կփակվե՞ն Եվրոպայի դռները մեզ համար:
-Եվրոպան, ի տարբերություն Ռուսաստանի, ճնշմամբ, շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ: Եվրոպան կա, իր տեղում է, իր տնտեսական համակարգը հայտնի է, իր չափանիշները հայտնի են մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վերաբերյալ, և ցանկացած պահի ցանկացած երկիր կարող է այնտեղ գնալ: Պարզապես հետո կարող է ուշ լինել Հայաստանի զարգացման տեսակետից: Հայաստանը կարող է բաց թողնել այլ երկրների հետ նույն մեկնարկային իրավիճակում լինելու հնարավորությունը: Հետագայում շատ դժվար կլինի հասնել նրանց, երբ Հայաստանի հետ նույն շարքում գտնվող այս երկրները տնտեսական բարեփոխումներով բավականին առաջ գնացած լինեն, և Հայաստանը ուշ հասկանա, որ դա է ճանապարհը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ