Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Տեղի ունեցածը նաև ազդակ էր՝ ուղղված ՀՀ-ում շահագրգռություններ ունեցող գերտերություններին

Տեղի ունեցածը նաև ազդակ էր՝ ուղղված  ՀՀ-ում շահագրգռություններ ունեցող գերտերություններին
27.07.2013 | 17:11

Անցած օրերի տրանսպորտային ուղեվարձի թանկացման հետ կապված իրադարձությունների մասին զրուցում ենք քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։

-Պարոն Հակոբյան, վերջին օրերի քաղաքացիական ընդվզումն ի՞նչ ազդակներ է պարունակում։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանությունն այսուհետև շատ զգույշ պետք է լինի իր որոշումներում։

-Ցանկացած իշխանություն տեսականորեն իր բոլոր քայլերում պետք է միշտ էլ զգույշ ու կշռադատված լինի։ Ոչ թե որոշում կայացնի, հետո միայն ճնշումների ներքո խոստովանի, որ հանձնաժողով ստեղծելու և խնդիրը վերանայելու կարիք կա, այլ ամեն ինչ ծրագրի ու մանրակրկիտ նախապատրաստի։ Հայաստանում, այո, որոշ չափով քաղաքացիական հասարակության ծիլեր կան, սակայն ես միանշանակ չէի ասի, թե այս ամենը նրանց ինքնաբուխ արտահայտությունն էր։ Իհարկե, մարդկանց պահանջն արդարացի էր, սակայն կարծում եմ՝ որոշակի կազմակերպվածություն կար, և շատ նորմալ է, որ կար։ Ամեն ինչ արվեց, որպեսզի տարանջատվի հասարակական ընդվզումը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործիչները նվազագույն մասնակցություն ունենան այս գործընթացում։ Ամեն ինչ արվեց, որպեսզի թե երկրի ներսում, թե երկրից դուրս ցույց տրվի, որ սա հասարակական հատվածի շարժումն է։ Կարծում եմ՝ այս ամենի հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում, ի հեճուկս տարածված կարծիքի, աճել է նոր սերունդ, որն իր պատկերացումներն ունի երկրի ապագայի վերաբերյալ, որոշակի արժեքների է դավանում, հիմնականում՝ արևմտյան, որը բավականին կենսունակ է ու կրեատիվ։ Եվ այդ ազդակն ուղղված էր մեր երկրում շահագրգռություններ ունեցող գերտերություններին, որպեսզի վերջիններս կարողանան վերանայել իրենց մոտեցումները՝ ապագայում մեր երկրի ներսում հնարավոր սրացումների պարագայում, ինչը պայմանավորված կլինի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հետ։

-Ակնհայտ էր, որ ուղեվարձի դեմ բողոքողների թվում, նաև իշխանական աղբյուրներից սնվող մարդիկ էին։

-Հասարակական շարժմանը մասնակցում էին մարդիկ, ովքեր որբևիցէ ընդդիմադիր լուրջ գործընթացներում իրենց մասնակցությամբ չեն նկատվել։ Բացառությամբ 1-2-ի, ովքեր հպանցիկ երևացին, սակայն նրանց մասնակցության մասին բոլորը մոռացան, ավելի շատ շեշտվում էր շոու բիզնեսի ներկայացուցիչների, լրագրողների, հասարակական գործիչների մասնակցությունը։ Ամեն ինչ արվեց, որպեսզի ընդգծվի, որ սա ինքնակազմակերպվող նոր սերնդի նախաձեռնությունն է։ Չի բացառվում, որ ապագայում փորձ կարվի Հայաստանում իրար հակադրել քաղաքական և հասարակական դաշտերը։

-Տարոն Մարգարյանն այս շարժման մեջ մնաց միայնակ՝ լքված իր կուսակից ընկերներից։ Ի՞նչն էր պատճառը։

-Դա նրանց պետք է հարցնեք։ Ուշադիր լինելու դեպքում կարելի էր նկատել, որ նաև իշխանական ռեսուրսներն էին քննադատում Տարոն Մարգարյանի որոշումը, ուրեմն կային իշխանության մեջ տնտեսաքաղաքական որոշ խմբավորումներ, որոնք շահագրգիռ էին, որպեսզի այս ամենը տեղի ունենար։ Պորցեսները ցույց տվեցին, որ իշխանական ճամբարում կային ազդեցիկ ուժեր և կազմակերպված խմբավորումներ, որոնք որոշել էին, ինչպես ռուսներն են ասում, слить Тарона Маргаряна։

-Այսինքն՝ ամեն ինչ նախագահի վերահսկողության ներքո՞ էր։

-Չեմ կարծում՝ Հայաստանում բոլոր գործընթացներն անմիջականորեն նախագահի վերահսկողության ներքո են, սակայն տյալ պրոցեսը՝ ամենայն հավանականությամբ, այո՜։ Եթե հարցին քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից մոտենանք, ապա պետք է ասենք, որ նման զարգացումները հաջողության հասնում են, եթե պրոցեսի մեջ ապստամբների կողմը ներգրավված են լինում լուրջ ուժային կամ լրատվական կառույցներ։ Նման սցենարներ գործարկվեցին և Ուկրաինայում, և Վրաստանում, և այլ երկրներում։ Տվյալ դեպքում քաղաքական լուրջ տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Այդ առումով ամեն ինչ շատ ճիշտ էր, արդյունավետ, կրեատիվ։ Այս մի քանի օրվա իրադարձությունները ցույց տվեցին նաև, թե որքան արդյունավետ է ֆեյսբուքը, հատկապես PR-ի և ինֆորմացիոն աջակցման տեսակետից։ Սա լավ թրեյնինգ էր ապագա զարգացումների համար։

Հարցազրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ