Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Սկսվել է նոր ազատագրական պայքար»

«Սկսվել է նոր ազատագրական պայքար»
25.07.2013 | 17:25

Ազատամարտիկները շարունակում են չլքել Ազատության հրապարակը: Նրանցից հացադուլ հայտարարած Խաչիկ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինչ պահանջներ է առաջ քաշում: «Ես ասել եմ, որ հուլիսի 28-ին հավաքվելու ենք և մեր պահանջները ներկայացնենք իշխանություններին: Բոլոր հայրենասեր հայերը թող գան ու քննարկենք: Մեր բոլոր պահանջները մենք կհայտարարենք հուլիսի 28-ին, ժամը 18.00-ին հրավիրվելիք հանրահավաքում: Կլինեն նաև այն ազատամարտիկները, ովքեր կցանկանան գալ»,- հայտարարեց Խաչիկ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է «Երկրապահ» կամավորականների միության արձագանքին, ապա Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ միայն ԵԿՄ-ի քարոզչության պատասխանատու Հակոբ Հակոբյանն է ժամանակ առ ժամանակ գալիս Ազատության հրապարակ, հանդիպում ազատամարտիկներին: Խաչիկ Ավետիսյանի հետ երկխոսությունը ներկայացնում ենք ստորև:

-Դուք Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություն եք հնչեցրել, ի՞նչ արձագանք կա իշխանությունների, քաղաքական տարբեր ուժերի կողմից:
-Ոչ մի արձագանք չկա:
Իսկ ովքե՞ր են այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը:
-Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը»:

-Ոչ մի արձագանք չի եղել: Ես, որպես զորամասի հրամանատար, հրահանգել եմ իմ զինվորներին, որ Երևան մեկնելու դեպքում որևէ մեկը չհամարձակվի կրակել ժողովրդի վրա: Վա՞տ բան եմ ասել: Ես դա չեմ արել, որ արձագանքի արժանանա: Իրենց հարցրեք, թե ինչու չեն արձագանքում: Ես ի՞նչ պատասխանեմ:
-Իսկ կուսակցություններից չե՞ն այցելել Ձեզ այս ընթացքում:
-Եկել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հայ մարդ, իր զորակցությունն է հայտնել: Եղել են նաև այլ կուսակցական գործիչներ, որոնք որպես հայ մարդ, քաղաքացի են այցելել, ես էլ իրենց այդպես եմ ընդունում: Այսօր իշխանություն-ժողովուրդ-կուսակցություն եռյակի մեջ վերացել է կուսակցությունը` լինի իշխանամետ, թե ընդդիմադիր: Մնացել է իշխանություն-ժողովուրդ հատվածը: Մենք տեսնում ենք, որ նախաձեռնությունները ժողովրդի կողմից են սկսվում, քաղաքացիական պայքար է ձևավորվում: Քանի տարի շարունակ տեսնում ենք, որ կուսակցություններն իրենց նեղ շահերով են առաջնորդվում: Չգիտեմ, երևի դրամաշնորհներ են ստանում, գումարներ: Իսկ ժողովրդի վիճակն ավելի վատացավ, որովհետև հիասթափեցրին նրան: Այսօր ժողովրդի մեծ մասի անտարբերությունը խաբված լինելուց է գալիս: Եկան Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունները, Րաֆֆին, որոնք խաբեցին կամ էլ հիասթափեցրին ժողովրդին: Ո՞Ւմ հավատան կամ ո՞ւմ հետևից գնան: Մենք` ազատամարտիկներս, ընդամենը զինվոր ենք: Չենք ուզում մեր հայրենիքը կործանվի:
-Տեսեք, ՀՀ նախագահի ընտրություններից հետո այնպիսի մարդիկ արեցին հացադուլ, որ արժեզրկեցին նաև հացադուլի գաղափարը: Ասենք` ՀՀ նախագահի թեկնածուներ, որոնք մինչ այդ որևէ խնդրով չէին մտահոգվում, ոչ մի հարցի մասին չէին բարձրաձայնում: Մտավախություն չունե՞ք, որ հացադուլներն էլ կարող են ինչ-որ պահի մատնվել անտարբերության:
-Ես տեսնում եմ, որ հարյուրավոր մարդիկ գալիս են ու ասում` մենք ձեզ հետ ենք: Մենք պետք է բուժենք նաև այն մարդկանց, որոնք հանգամանքների բերումով ստիպված են այլ քայլերի գնալու: Մենք պետք է շանս տանք, որ նրանք գան ու կանգնեն ժողովրդի կողքին: Միգուցե նրանք ուզում են օգնել ժողովրդին և երկիրը հանել այս վիճակից: Երկու տարի հետո լրանում է Ցեղասպանության 100-ամյակը: Մեր երկիրն այսօր չունի այն արտաքին քաղաքականությունը, վարկը, որը պատկերացնում եք, թե ինչ հարվածի տակ է գտնվում, զրոյանում: Հենց վերցնենք թեկուզ Հրաչյա Հարությունյանի հետ կապված դեպքը:
-Բայց տեսնում ենք նաև, թե ինչ գեղեցիկ պայքար է սկսվել` կապված տրանսպորտի գնի բարձրացման հետ:
-Այդ շարժումը սկսել է երիտասարդությունը: Սա նոր շարժում է, նոր ազգային-ազատագրական պայքար: Ես սա համեմատում եմ 88-ի շարժման հետ: Մենք այն ժամանակ այդ երիտասարդների տարիքին էինք, կանգնեցինք ու պայքարեցինք: Այն ժամանակ ոչ ոք չէր հավատում, բայց մենք ասացինք` կհաղթենք, ու հաղթեցինք: Մենք կանգնած ենք այս երիտասարդների մեջքին: Իրենց մեջ հայի արյուն է հոսում, ու իրենք կհաղթեն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ