Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Մասնավորը կարող է էական դերակատարում ունենալ գիտության զարգացման հարցում»

«Մասնավորը կարող է էական դերակատարում ունենալ գիտության զարգացման հարցում»
23.07.2013 | 11:37

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ գիտական հանրության շրջանում քննարկման առարկա է դարձել ցեղասպանությունը գիտական` ցեղասպանագիտական հողի վրա դնելու թեման: Խոսվում է Հայոց ցեղասպանությունն աշխարհում գիտական լեզվով բարձրաձայնելու անհրաժեշտության, նաև հրամայական պահանջի մասին, կազմակերպվում են մրցանակաբաշխություններ` խրախուսելու և խթանելու այդ թեմայով գիտական հոդվածների տպագրությունները:
Այս և հարակից հարցերի շուրջ զրուցեցինք պատմական գիտությունների դոկտոր ԱՐԱ ՍԱՆՋՅԱՆԻ հետ:
Թեև Արա Սանջյանը հայտնի է և՛ որպես հայագետ, և՛ որպես պարզապես հայ մարդ, որը երբեք անհաղորդ չէ Հայաստանի ու հայության հետ կապված ցանկացած խնդրի, այնուամենայնիվ, ավելորդ չենք համարում ներկայացնել նրան փոքրիկ այցեքարտով։ Արա Սանջյանը ծնվել է Լիբանանում, համալսարանական կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում` ավարտելով պատմության ֆակուլտետը, որից հետո շարունակել է ուսումը Լոնդոնի համալսարանում, որտեղ և ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան: Մինչև 2005 թ. դասավանդել է Բեյրութի «Հայկազյան» համալսարանում: Այժմ նա ԱՄՆ-ի Դիրբորն քաղաքում գտնվող Միչիգանի համալսարանի մասնաճյուղում պատմություն է դասավանդում` միաժամանակ ղեկավարելով համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

-Պարոն Սանջյան, ինչպե՞ս եք գնահատում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ ջանքերով` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում հայաստանցի և օտարերկրյա քաղաքացիների կողմից այդ թեմայով գիտական հոդվածների տպագրության առնչությամբ կազմակերպված մրցանակաբաշխությունը:
-Այս մրցանակաբաշխությունը գնահատում եմ շատ դրական այն առումով, որ Հայաստանում վերջին տարիներին առաջ եկած տնտեսության մասնավոր հատվածը կամաց-կամաց սկսել է հետաքրքրություն ցուցաբերել գիտության, այս պարագայում` հումանիտար ու հասարակագիտական ոլորտին: Հուսով եմ, որ «Տաշիրն» առաջիկայում կխորացնի այս ոլորտում իր ներգրավվածությունը, իր գործունեությունը կդարձնի ավելի բազմակողմանի, և այս ուղին կորդեգրեն նաև նմանատիպ այլ հիմնադրամներ: Ցանկությունս է, որ Հայաստանի ներկա և հաջորդ կառավարությունները փոփոխություններ մտցնեն երկրի հարկային օրենսդրության մեջ, հնարավորություն ստեղծելով, որ բարձր հարկեր վճարող անհատներն ու հիմնարկները հարկերի մի մասը կարողանան հատկացնել իրենց նախընտրած ոչ շահութաբեր ուսումնական, գիտական, արվեստի կամ բարեգործական հաստատություններին: Այդպիսի մեխանիզմ է գործում, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հարկային օրենսդրության մեջ, և դրանից օգտվում է նաև Միչիգանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը:
-Ի՞նչ եք կարծում, այս մրցանակաբաշխությունն ինչքանո՞վ կնպաստի Հայոց ցեղասպանության հանդեպ միջազգային հետաքրքրության աճին և նոր ուսումնասիրությունների հրապարակ գալուն:
-Որքան ինձ հայտնի է, այս մրցանակաբաշխությունը պիտի կրկնվի նաև հաջորդ երկու տարիներին: Առաջին տարվա հաջող փորձից հետո, ինչպես նաև մրցանակաբաշխության արդեն իսկ գործող կառուցվածքի մասին ավելի լայն իրազեկման պարագայում, և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում առաջիկա երկու տարիներին դիմորդների ու մրցանակի արժանացողների թիվը, հավանաբար, ավելի մեծ կլինի: Միջազգային չափանիշներով Հայոց ցեղասպանության կամ հումանիտար ու հասարակագիտական որևէ լուրջ թեմայի շուրջ գիտական հոդված հրատարակելու համար երկու տարին շատ երկար ժամանակ չէ: Բայց եթե այս ծրագիրը շարունակվի նաև 2015 թվականից հետո, այն խթան կհանդիսանա, որ նորանոր երիտասարդներ ընդգրկվեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում:
Ինձ համար, սակայն, այս բոլորի մեջ կարևորագույնը Հայաստանում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և առհասարակ ցեղասպանագիտության մակարդակը միջազգային չափանիշներին հասցնելու մտահոգությունն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն են: Այդ առումով, վերջերս իրականացված այս մրցանակաբաշխությունն ավելի ընդգրկուն ու համակարգված աշխատանքի միայն մեկ հատվածը կարող է լինել:
-Իսկ ի՞նչ պետք է անել հնարավոր ցեղասպանագիտությունը Հայաստանում միջազգային մակարդակի հասցնելու համար:
-Ցեղասպանագիտությունը հումանիտար կամ հասարակագիտական ինքնուրույն գիտակարգ (դիսցիպլին) չէ: Այն միջգիտակարգային մասնագիտություն է: Լավ ցեղասպանագետ լինել անխուսափելիորեն կնշանակի ցեղասպանության հարցերով զբաղվող լավ պատմաբան, գրականագետ, սոցիոլոգ, հոգեբան, ազգագրագետ կամ այլ գիտակարգի մասնագետ լինել: Արտասահմանում շատ տարածված է այն սովորույթը, որ ուսանողը բակալավրիատի համար ընտրում է վերոհիշյալ ավանդական գիտակարգերից մեկը և, միայն այդ գիտակարգի հիմնարար սկզբունքները յուրացնելուց հետո, մագիստրատուրայում ընտրում է միջգիտակարգային մասնագիտություն, այդ թվում` ցեղասպանագիտությունը կամ սփյուռքագիտությունը: ՈՒրախ եմ, որ այդ ուղին որդեգրել է նաև Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով շուտով սկիզբ առնելիք «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:
Ի վերջո, ցեղասպանագետ-պատմաբանն ուսումնասիրում է կա՛մ Հայոց ցեղասպանության, կա՛մ դրա հետևանքները վերացնելու, կա՛մ դրա միջազգային ճանաչումն ապահովելու համար հայ քաղաքական ու հասարակական հոսանքների մղած պայքարի պատմությունը: Ցեղասպանագետ-գրականագետն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության ազդեցությունը հայ գրականության զարգացման վրա կամ այդ թեմայի արծարծումը միջազգային գրականության մեջ և այլն: Իհարկե, տարբեր մասնագիտությունների տեր ցեղասպանագետները կօգտվեն միմյանց փորձից, բայց նրանց ուսումնասիրությունները կմնան առավելաբար մեկ գիտակարգի շրջանակներում: Այդ պատճառով էլ ցեղասպանագիտության համընդհանուր մակարդակի բարձրացումը կարող է տեղի ունենալ միայն բաղկացուցիչ գիտակարգերի մակարդակի բարձրացմանը զուգահեռ: Շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հնարավոր է ունենալ ցեղասպանագիտական միջազգային չափանիշներին բավարարող բարձրամակարդակ համակարգ, երբ ցեղասպանագիտության մեջ ընդգրկված վերոհիշյալ կամ այլ գիտակարգերը, յուրաքանչյուրն իր ոլորտի ներսում, համաքայլ չեն ընթանում միջազգային փորձի հետ:
-Հայաստանում տնտեսության մասնավոր հատվածը կարո՞ղ է դեր ունենալ գիտության, մասնավորապես ցեղասպանագիտության մակարդակը բարձրացնելու գործում։
-Վստահաբա՛ր: Համաշխարհային առումով, տնտեսության մասնավոր հատվածը, համապատասխան երկրների կրթության ու գիտության մակարդակի բարձրացմանը զուգընթաց, սկսեց շահագրգիռ դառնալ հատկապես 19-րդ դարի վերջին տասնամյակներին, այսպես կոչված, «երկրորդ արդյունաբերական (ինդուստրիալ) հեղափոխության ժամանակ: Գիտության ու արհեստագիտության (տեխնոլոգիա) կտրուկ առաջընթացը պարտադրեց մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ընդգրկումն արտադրության և նրա կառավարման մեջ: Համապատասխանաբար, տնտեսության մասնավոր հատվածն սկսեց պետական համակարգից ավելի ու ավելի պահանջել, որ մասնակցի հանրային տարրական ու բարձրագույն կրթության կազմակերպման գործին, ինչպես նաև երբեմն ինքն իր սեփական միջոցներից սկսեց ներդրումներ կատարել գիտության ու կրթության ոլորտներում: Օրինակ, ինքնաշարժերի արտադրության «Ֆորդ» ընկերությունն առանցքային դեր ունի Միչիգանի համալսարանի` Դիրբորն քաղաքի մասնաճյուղի ստեղծման մեջ 1950-ական թվականների երկրորդ կեսին: Թուրքիայում Քոչ և Սաբանջը գործարար ընտանիքները 1993-ին ու 1994-ին համապատասխանաբար ստեղծեցին իրենց անունները կրող մասնավոր համալսարաններ: Սաբանջը համալսարանն աչքի է ընկնում հայ մշակույթի և նույնիսկ Հայոց ցեղասպանության քննարկման պարագայում պետական կաշկանդումներից որոշ չափով հեռու, համեմատաբար ազատ ու հարգալից մթնոլորտով:
Եթե ճշգրիտ գիտությունների, արհեստագիտության և գործարար կառավարման ոլորտների պարագայում մասնավոր հատվածի շահագրգռվածությունն ակներև է, ապա կարևոր է նշել, որ մասնավոր հատվածն արտասահմանում հետաքրքրվում է նաև հումանիտար ու հասարակագիտական ոլորտներով, որովհետև այդ մասնագիտությունների զարգացումն անխուսափելիորեն նպաստում է յուրաքանչյուր երկրում ժողովրդավարության, դատաիրավական համակարգի, զանգվածային լրատվության մակարդակի բարձրացմանը, և այս ամենն անհրաժեշտ է գործարար առողջ միջավայրի առաջացման ու ամրապնդման համար:
Մասնավոր հատվածի շահագրգռվածությունը հումանիտար ու հասարակագիտական ոլորտներով կարող է թելադրված լինել նաև նրա հայրենասիրական մղումներից: Ի վերջո, ազգի ու պետության մտահոգությունները միջազգային հարթակներից հնչեցնելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային լավագույն չափանիշներով կրթություն ստացած դիվանագետներ, փորձագետներ ու լրագրողներ:

Զրուցեց Մանե ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ