Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է գործուղման, իսկ նրա գրասենյակի տարածած հաղորդագրությունը հաստատում է, որ օրերս նա հանդիպել է Խաչիկ Ստամբոլցյանի հետ, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիների` տարբեր բնույթի խնդիրներ քննարկելու: «Արդեն մեկ անգամ պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերյուրանքներ է տարածում պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին` աղավաղելով իրականությունը»,- ասված է հայտարարությունում: «Իրատես de facto»-ի հետ ճեպազրույցում ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ իրականությունն այլ կերպ ներկայացրեց: Հիշեցնենք, որ հեռակա այս բանավեճը ծավալվել է ՄԻՊ-ի հեղինակած «Խտրականության դեմ» օրինագծի պատճառով, որը, ըստ Ստամբոլցյանի, համասեռամոլների իրավունքները պաշտպանելու «առաքելություն» է իրականացնելու:
-Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքն այս հայտարարությանը ու նաև ՄԻՊ-ի այն դիտարկմանը, թե «պաշտպանը երբևէ չի հեղինակել և չի հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ և ներկայացնի քողարկված ձևով»:
-Անձամբ հանդիպել եմ Կարեն Անդրեասյանի հետ և իր մոտ գնացել եմ հետևյալ հարցով. «Ես չեմ եկել Ձեզ մոտ որպես օմբուդսմենի, այլ քրիստոնյա ազգի ներկայացույցչի. Դուք հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը»: Ես կրծքիս ունեմ փոքր խաչ: Ինքը պատասխանեց, որ քո խաչը դու արտաքինից ես կպցրել, ես ներսում եմ կրում` վզից հանելով խաչը: Ցույց տալով սեղանին դրած Աստվածաշունչը` ասաց, որ ամեն օր է կարդում: Ասացի` հավատո՞ւմ ես հանդերձյալ աշխարհին, ասաց` իհարկե: Ասացի` էդ պարագայում էս օրենքը, որ գրել եք, ի՞նչ է նշանակում: Ինքը չասաց, թե ես չեմ գրել, բայց նկատեց. «Եթե, պարոն Ստամբոլցյան, Դուք կարողանաք չթողնել, որ այս օրենքն անցնի, ես Ձեզ երախտապարտ կլինեմ, շնորհակալ, որովհետև ես էլ երեխեք ունեմ»:
-Այլ խոսքով, օմբուդսմենն ուղղակիորեն խոստովանե՞լ է, որ, մեղմ ասած, վատ օրենք են հեղինակել:
-Նախ խոստովանել է, որ իրենք են գրել, երկրորդն էլ, որ դա սարսափելի վտանգներ է պարունակում:
-ՄԻՊ-ի գրասենյակը նաև «սուտ» է որակել Ձեր հետևյալ միտքը. «Խտրականության դեմ օրենքի նախագիծը պաշտպանում է համասեռամոլներին»:
-Իրենց նախագծի առաջին տարբերակի մեջ թվարկված էին բոլոր փոքրամասնությունները, այդ թվում նաև` միասեռականները: Երբ մենք վեճ ունեցանք, նրանք «միասեռականություն» բառը դուրս հանեցին և երրորդ հոդվածում գրեցին «գենդերային» բառը: Այսինքն, շատ խճճված բան ստացվեց: Բայց մայիսի 20-ին ԱԺ-ն մի օրենք ընդունեց, որը կոչվում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ», որի երրորդ հոդվածում գրված է. «Գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»: Այսինքն, միասեռականությունը փոխարինվեց գենդերով, իսկ ԱԺ-ն էլ այն դարձրեց «ձեռքբերովի սոցիալական վարք»: Իրենց ապահովեցին: Այդ օրենքում նաև ամրագրեցին, որ իրավունք չունեք Աստվածաշնչից տող կարդալու: Օրենքում գրված է, որ արգելվում է հրապարակավ «անձի վերաբերյալ սեռական հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հայտարարություններ անել»: Այսինքն, Պողոս առաքյալի` կորնթացիներին ուղղված թղթի մեջ գրված է, որ դրանք պիտի դժոխք գնան, ու եթե այդ մասին ասեմ, կստացվի, որ ես իրենց հրապարակային վիրավորե՞լ եմ: Մեր բերանը փակում են: Ծրագրված քայլելով առաջ են գնում: «Խտրականության դեմ» օրենքի ոչ միայն այս հատվածին եմ դեմ, այլև ողջ օրենքին, որովհետև քրեական օրենսգրքում այս բոլոր հարցերը կան: Վաղը-մյուս օրը, երբ այս օրենքները կընդունվեն, երեխայի ծնողները չեն գրվի` հայր, մայր, այլ առաջին և երկրորդ ծնող: Նորմալ մարդիկ փոքրամասնությունների զոհն են դառնալու: Այլասերվածության դիկտատուրա է հաստատվելու:
-Սուտ են որակել նաև Ձեր հետևյալ միտքը. «Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը մասոնական կառույցների ներկայացուցիչներ են: Հայաստանում ևս մասոնությունը տարածված է»:
-Մասոնությունը Հայաստանում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն` Դեմիրճյան 27 հասցեում: «300-ի կոմիտե. համաշխարհային կառավարման գաղտնիքներ» և «Աշխարհի գրավման ճանապարհ» գրքերում գրված է, որ ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը մասոնական կառույցներ են: Դա իմ խոսքը չէ, դա բոլորը գիտեն: Իրենք իրենց տգիտությունն են ծածկում կամ դիտավորյալ փորձում են շահագործել: Բամբասելը շատ հեշտ է, ինձ միշտ բամբասում են:
-Ի՞նչ «բախտի» կարժանանա այս նախագիծը, ըստ Ձեզ:
-Երբ օրենքն ընդունվի, դրա դեմ պայքարելը շատ դժվար կլինի: Հուրախություն ինձ պիտի նշեմ, որ Հայ առաքելական եկեղեցին դրան դեմ է ու այդ մասին շուտով կհայտարարի: Պետք է բոլորով դրա դեմ պայքարենք:
-Տեղեկություններ կան, որ այս նախագիծը ԱԺ-ն աշնանային նստաշրջանում քննարկելու է: Ի դեպ, սա ևս ՄԻՊ-ը «սուտ» է որակել:
-Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ ինքն ասաց, որ սեպտեմբերին կստորագրի օրինագիծն ու կհանձնի ԱԺ-ին: Ես փոխանցել եմ ընդամենը Կարեն Անդրեասյանի խոսքը: Ստախոսության մասին խոսելը մեղք է, մանավանդ որ ինքն իրեն հռչակում է քրիստոնյա և հավատացյալ: Գիտակ լինելը դեռ չի նշանակում հավատացյալ լինել: Թող Աստված իրեն ների, բայց ինքն է այդ մասին ինձ ասել:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ