ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առաջինը նորից խոսեց ԿԲ-ն

Առաջինը նորից խոսեց ԿԲ-ն
14.06.2013 | 11:33

Մինչ ԿԲ-ն կանխատեսեց, որ առաջիկա մեկ տարում գնաճի մակարդակը բարձր կլինի, գնաճն արդեն երկու ամիս է` իր «իրավունքների մեջ է»։ Պատճառները հայտնի են` էներգակիրների գնի բարձրացում և կարկտահարություն։ ԿԲ-ի տերմինաբանությամբ` այս երևույթը կոչվում է առաջին եռամսյակի առաջարկի «շոկեր», իսկ ժողովրդական լեզվով ասած` «քերվել»։ Ինչևէ, ԿԲ-ի կանխատեսումներով, գնաճը կկազմի 8 %, որը, մինչ վերը նշված «շոկերը», հաշվարկված էր 4 %։ Միևնույն ժամանակ ԿԲ-ն հուսադրում է, որ 2014-ի կեսերին գնաճը կվերադառնա նպատակային միջակայք` 4 %, գումարած-հանած 1,5 %։ ԿԲ-ի այս վստահությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ 2011-ին գրանցված 11 % գնաճը որոշ ժամանակ անց սկսեց նվազել։ ԿԲ-ի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը համոզված է, որ դա հաջողվեց կառավարության և ԿԲ-ի համատեղ իրականացրած ճիշտ քայլերով, որոնք այս անգամ ևս իրենց նպատակին կծառայեն։ Ըստ գլխավոր դրամատան կանխատեսումների, 2014-ին տնտեսական աճը կկազմի 4,7-5,9 %։ Արդյոք հաշվարկվա՞ծ է, թե այս տարվա երկրորդ եռամսյակի առաջարկի «շոկերը» ինչ ազդեցություն կունենա փոխարժեքի վրա։ Այս և էլի մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ԿԲ-ի խորհրդի անդամ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։
-Բոլորն էլ նկատում են, որ քանի ամիս է` արտարժույթի շուկայում որևէ լարվածություն չկա։ Նույնիսկ հակառակը, վերջին մի քանի օրերին մենք արտարժույթ ենք գնում, որպեսզի փոխարժեքի վրա մեծ ազդեցություն չլինի: Եվ չեմ կարծում, թե հետագայում որոշակի խնդիրներ կունենանք։
-Այսինքն, Ձեր կանխատեսած առաջարկի «շոկերը» փոխարժեքի վրա ազդեցություն չի՞ ունենա։
-Ո՛չ, նման կանխատեսում չկա։
-Ըստ ԿԲ-ի կանխատեսումների, առաջարկի «շոկերի» հավանականությունը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ և բնական աղետների` կարկտահարության հետևանքներով։ Ինչից ելնելով էլ հաշվարկվել են ռիսկերը տնտեսության մեջ։ Արդյոք կանխատեսվա՞ծ է, թե որ ոլորտում կոնկրետ ինչպիսիք կլինեն ռիսկերը։
-Դրամավարկային քաղաքականությունն առնչվում է մակրոտնտեսական քաղաքականության հետ։ Ամեն դեպքում, մենք նշել ենք, որ տարբեր ոլորտներ և տարբեր ծառայություններ իրենց ինքնարժեքի մեջ ունեն էներգակիրների տարբեր կշիռներ, և դրանով պայմանավորված հաշվարկվում են ռիսկերը։ Բնականաբար, էներգակիրների սակագնի բարձրացումը չի կարող տնտեսության վրա ազդեցություն չունենալ։ Ինչ վերաբերում է կոնկրետ ոլորտներին, ապա մենք այդ հարցին չենք անդրադարձել` միկրոմակարդակով վերլուծություններ չենք անում։
-Օրերս Ձեր ասուլիսում, անդրադառնալով տնտեսական աճին, նշել էիք, թե ամենաանկումայինը 2009 թվականն էր, քանի որ շինարարության ոլորտը կտրուկ անկում ապրեց։ Ի՞նչ է փոխվել, և ինչպե՞ս պետք է տնտեսությունը զարգանա, եթե այն սերտորեն կապված է շինարարական ոլորտի աճի հետ, որն այժմ նույնպես անկման մեջ է, և առանձնակի դրական տեղաշարժ 2009-ից մինչև 2013-ի հունիսը չի նկատվել։
-Դուք ճիշտ եք, իսկապես, վերջին տարիներին շինարարության ոլորտում անկում է գրանցվում։ Սակայն 2013-ի ծրագրով կանխատեսված է 5 %-ով աճ շինարարության ոլորտում։ Այս կանխատեսման համար հիմք ենք ընդունել այն, որ, ինչպես նշեցի, վերջին երեք տարվա նվազումը բավական ցածր բազա է ստեղծել, և վերջին տարիների քաղաքականությունը պետք է նպաստի աստիճանաբար զարգացմանը։ Մանավանդ որ շինարարության ոլորտում նախատեսված են նաև մեծ ծրագրեր։
-Գազի գնի բարձրացման մասին առաջինը հայտարարեց ԿԲ-ն` 2012-ի նոյեմբերի վերջին։ Այդ ժամանակ արդեն արվա՞ծ էին Ձեր այս կանխատեսումները, թե՞ դրանք արվեցին «ՀայՌուսգազարդի» հայտարարությունից հետո։
-Իհարկե, մենք կանխատեսումներ մինչ այդ չէինք արել։ Որևէ մեկն այդ ժամանակ չգիտեր և չէր կարող ասել, թե ինչպես, երբ գազի սակագնի փոփոխությունը տեղի կունենա և ինչ չափով։ Գազի սակագնի փոփոխությունը երևի թե սպասելի էր նաև այն իմաստով, որ վերջին երկու տարում փոփոխություն չէր եղել։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ