Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Մենք եկել ենք, որպեսզի Երևանի և երևանցու համար իրատեսական և գործնական քայլեր ձեռնարկենք»

«Մենք եկել ենք, որպեսզի Երևանի  և երևանցու համար իրատեսական և գործնական քայլեր ձեռնարկենք»
11.06.2013 | 11:22

Անցած շաբաթ տեղի ունեցավ քաղաքապետարանի ավագանու առաջին նիստը, որում հաստատվեցին հանձնաժողովներն ու դրանց նախագահները։ Հետաքրքրական էր, որ նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար և քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Թամարա Պողոսյանն անդադրում գրում էր, սակայն ինչ` անհայտ էր, իսկ «Բարև, Երևան» խմբակցությունը հայտարարեց նիստի քվեարկություններին չմասնակցել ւ մասին։ Գուցե դա պայմանավորված էր նրանով, որ ձևավորվող չորս հանձնաժողովներից ոչ մեկը չէր կարող տրվել «Բարև, Երևանին», իսկ քվեարկել ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հանձնաժողովների ձևավորման համար ցանկություն չուներ։ Ինչևէ, «Բարև, Երևանը» հայտարարեց, որ չի մասնակցի, քանի որ իշխանությունները լեգիտիմ չեն։ Իսկ ԲՀԿ-ական Թամար Պողոսյանի ելույթը հիշեցրեց «Հա՛մ նալին, հա՛մ մեխին» ասացվածքը։ Հետաքրքրական է, որ նա իր խոսքում ասաց հետևյալը. «Մենք կողմնակից ենք կոնստրուկտիվ համագործակցությանը»։ Այնպիսի տպավորություն էր, որ կարծես տիկին Պողոսյանը մեսիջ ուղարկեց քաղաքապետին։
Ինչ խոսք, մի կողմից` լավ է, որ ավագանին բազմակուսակցական է, սակայն, մյուս կողմից, չի բացառվում, որ հարցերի քննարկումների ընթացքում այդ նույն բազմակուսակցականությունը բացասական ազդեցություն ունենա։ Այս և մի քանի այլ հարցերի շուրջ ավագանու նիստից հետո զրուցեցինք Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։

-Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ բացասական երևույթներ կլինեն։ Կարծում եմ, որ աշխատանքների ընթացքում բազմակարծությունը շատ ավելի դրական գործոն կհանդիսանա։ Երևան քաղաքի կառավարման հարցում կարևորել եմ և կարևորում եմ համագործակցությունը բոլոր ուժերի հետ, ինչի մասին ընդգծեցի նաև ավագանու առաջին նիստի իմ ելույթում։ Այո, տիկին Պողոսյանն իր խոսքում համագործակցության միտքը հնչեցրեց։ Այո, մենք պատրաստ ենք համագործակցելու այն բոլոր ուժերի հետ, որոնք պատրաստակամ են դրական քայլեր իրականացնելու Երևանի և երևանցու համար։
-Այսինքն, Թամար Պողոսյանի խոսքից կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿ-ն համագործակցության առաջարկ է անում։
-Ճիշտ կլինի հարցն ուղղել տիկին Պողոսյանին։ Ես կարող եմ խոսել միայն մեր անունից և ասել, որ մենք պատրաստ ենք նստելու, խոսելու նույնիսկ մեզ քննադատողների հետ` լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները, հասկանալ և լուծումներ գտնել։ Մենք եկել ենք, որպեսզի Երևանի և երևանցու համար իրատեսական և գործնական քայլեր ձեռնարկենք։ Երևանցու համար յուրաքանչյուր օրը պետք է փոխվի դրական զարգացումներով։ Ով մեր այս կոչին համամիտ կլինի և ում համար մեր այս քաղաքականությունն ընդունելի կլինի, մենք պատրաստ ենք սերտ աշխատելու ցանկացած քաղաքական ուժի հետ։ Ոչ միայն որպես Երևանի քաղաքապետ, այլև որպես երևանցի համոզված եմ, որ մայրաքաղաքի ծրագրերը և զարգացմանն ուղղված ցանկացած քաղաքականություն չպետք է քաղաքականացնել։ Ի դեպ, պատահական չէ, որ ավագանու ընտրությունները համարվում են քաղաքային իշխանությունների, ոչ թե քաղաքական իշխանության ընտրություններ։
-Բայց «Բարև, Երևան» խմբակցությունը, կարծես թե, ավագանու նիստերի դահլիճը շփոթեց ԱԺ դահլիճի հետ։ Եվ այդ «հովերով» տարված բոյկոտեց` որոշեց չմասնակցել նիստի օրակարգի հարցերի քվեարկությանը։
-Դա իրենց իրավունքն է։ Ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ եթե երևանցին վստահել է որևէ քաղաքական ուժի, ապա այդ ուժը պետք է ակտիվ լինի։ Ցանկանում եմ, որ ավագանու բոլոր անդամները, անկախ կուսակցական պատկանելությունից, լինեն շատ ակտիվ։ Ըստ էության, մեծ թե փոքր խմբակցություններին իրենց քվեներն են վստահել երևանցիները։ Հետևաբար, մեր քաղաքացիների բարձրացրած խնդիրներին պետք է փորձենք աստիճանաբար լուծում տալ։
-Ձեր վերընտրվելուց հետո մայրաքաղաքի փոքր կենտրոնում աննախադեպ դեպք տեղի ունեցավ։ Քաղաքապետարանն ապամոնտաժեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի հետնամասի կառույցի մի քանի հարկերը։ Իսկ ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասացիք, որ ցանկացած օլիգարխի անօրինական կառույցներ կապամոնտաժվեն։ Արդյոք Ձեր այդ սկզբունքայնությունը խնդիր չի՞ դառնա հենց Ձեզ համար, քանի որ օլիգարխ ասածը նշանակում է սերտ կապ վերին իշխանության հետ։ Պատրա՞ստ եք արդյոք նման առճակատման գնալու։
-Առճակատման խնդիր չի կարող լինել։ Առաջին հերթին վերին իշխանություններն իրենք են շահագրգռված ապօրինությունների վերացմամբ։ Քաղաքային իշխանությունը, ինչպես Փակ շուկայի, այնպես էլ նման այլ դեպքերում, կատարել և կատարելու է իր վրա դրված լիազորությունները` եթե բացակայում են անհրաժեշտ շինփաստաթղթերը, և քաղաքապետարանի թույլտվությունը չկա, ապա, անկախ կառուցապատողի պաշտոնից և դիրքից, գործելու է օրենքը։
-Այս օրերին կրկին քննադատվում է գլխավոր ճարտարապետի քաղաքականությունը։ Նարեկ Սարգսյանին քննադատում էին բոլոր ժամանակներում և այն ժամանակ, երբ այգիները վերածվում էին սրճարանների։ Սակայն մոռանում էին, որ ոչ թե գլխավոր ճարտարապետի մտահղացումներն էին դրանք, այլ քաղաքական որոշումներ, որոնք, անկախ նրանից, թե ով էր գլխավոր ճարտարապետը, պետք է իրականացվեին։ Այսինքն, ստացվում է, որ քաղաքական որոշումները, որոշ դեպքերում, շատ ավելի զորեղ են լինում։
-Քաղաքապետարանում գործել և գործում է քաղաքաշինական խորհուրդ, որում ընդգրկված են ճանաչված ճարտարապետներ, ճարտարապետության միության անդամներ, ՀԿ-ներ։ Եվ ցանկացած նախագիծ նախապես քննարկվել և քննարկվում է այդ խորհրդում, նոր միայն կյանքի կոչվում։ Այսինքն, բոլորը, ովքեր շահագրգռված են մեր քաղաքի ճարտարապետության խնդրով, լիարժեք կարող են իրացնել իրենց այդ խորհրդում։ Պետք է նշեմ, որ մեր քաղաքի կառույցների մեծ մասն իրականություն է դարձել միայն այդ խորհրդի անդամների որոշումների հիման վրա։ Խորհուրդը ստեղծված է նաև նրա համար, որ ովքեր դեմ են կոնկրետ նախագծին, կարողանան իրենց կարծիքն արտահայտել, տեղ հասցնել։ Վստահեցնում եմ, այն թիմը, որն այսօր ձևավորված է, կարևորում է ցանկացած հիմնավոր այլակարծություն, որի հետ հաշվի ենք նստելու։
-Պարոն քաղաքապետ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի երևանցին, և որպես երևանցի` բնավորության ի՞նչ գիծ ունեք։
-Ցանկացած մարդ, ով սիրում է Երևանը, ով սրտացավ է Երևանի համար, ով ուրախանում է Երևանի ձեռքբերումներով և փորձում նպաստել թեկուզ մի փոքր քայլով Երևանի զարգացմանը, ինձ համար սիրելի երևանցի է։ Բնավորության գծի մասին չեմ մտածել, երևի հայրենասիրությունը, սկզբունքայնությունը, ընկերությունը, հանդուրժողականությունը։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ