ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲՀԿ-ի համար հիմա զվարճանքի ժամանակներ են

ԲՀԿ-ի համար հիմա զվարճանքի ժամանակներ են
10.06.2013 | 17:09

Լրատվակայքերից տեղեկանում ենք, որ այսօր երկրում խիստ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Ազգային ժողով է ժամանել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Պատգամավորը այսպիսին պիտի լինի` նոր տարվա լիմոնադի պես, հենց հայտնվի, լրագրողները ավետեն էդ մասին, պատգամավորները շշնջան իրար ականջի, սեփական կուսակիցներն էլ զգաստանան, թե բա շեֆն ասել է` շատ չքննադատեք: Վերջինիս հավաստիությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է Ծառուկյանը, այլ գերադասել է մի լղոզված պատասխան հրամցնել ԲՀԿ-ի ամեն անցուդարձը նշանառության տակ պահող լրագրողներին, թե «Ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու»: Ըստ երևույթին, Ծառուկյանի վերջին մի քանի բլթոցներից հետո բհկականները շեֆին սովորեցրել են ընդհանուր և ոչինչ չասող ֆրազներից էն կողմ չանցնել, որպեսզի ամեն անգամ ողջ կուսակցությունով մեկ թայմ-աութ չվերցնեն ու մի երկար հարցազրույց չմշակեն այլընտրանք դարձած ընդդիմադիրի (թե` իշխանամետի) փուլ եկած պատը ցեխաշաղախ հետ կանգնեցնելու համար: Սակայն ակնհայտ բաներ կան, որոնք, երբ չես հերքում, ակամայից հաստատում ես: Էսօրվանն էլ` էդ շարքից: Նույնիսկ առանց հերքել-հաստատելու: Քաղաքականությունը հրապարակային գործունեություն է, նրա մասին կարելի է կարծիք կազմել` հետևելով տվյալ ուժի գործունեությանը: Չասենք` քաղաքական ուժի, քանի որ ԲՀԿ-ն քայլ առ քայլ լքում է քաղաքական դաշտը` հանրության հիշողության մեջ թողնելով անցած ընտրությունների հինգհազարանոցները:

Եթե ոչ, ապա ի՞նչ է արել ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններից հետո ընտրակաշառքներով ավագանի մտնելուց զատ: Ընտրություններից հետո քաղաքապետարանը հայտարարեց, թե մտադիր է Հանրապետության հրապարակում փոփոխություններ կատարելու: Ինչպե՞ս արձագանքեց ԲՀԿ-ն այս հայտարարությանը: Քանի՞ հայտարարություն արեց, քանի՞ բողոքի ակցիա կազմակերպեց, ո՞ւր մնացին ԲՀԿ շապիկներով այն երիտասարդները, որ նախընտրական շրջանում Վարդան Օսկանյանի հետ փողոցներն էին չափչփում: Ո՞Ւր մնացին այն միտինգավորները, որ ԲՀԿ վերջին հանրահավաքից հետո Ազատության հրապարակը մի իսկական աղբանոցի էին վերածել` շունչները պահած սպասելով, թե ներկա-բացակա անողները երբ պիտի հեռանան, որ իրենք էլ գնան իրենց գործին: Ի՞նչ է անում ԲՀԿ-ն ընդհանրապես, բացի Ծառուկյանի կառուցած զվարճանքի օբյեկտներում բացումների մասնակցելուց:
Ինքը` Ծառուկյանը, ԲՀԿ պասիվության մասին նշել է, թե ինքը միշտ ԲՀԿ պատգամավորներին ասում է, որ վերջիններս ժողովրդի հետ շփվեն, ժողովրդի մատից փուշ հանեն, ժողովրդին օգնեն և նման ազգանվեր բաներ անեն: Վերջին մեկ ամսում ԶԼՄ-ներում շատացել են արտագաղթի մասին հրապարակումները կոնկրետ փաստերով: Արտագաղթը հասել է այնտեղ, որ Գյումրիից օրը 5-6 ավտոբուս մարդ է գնում Թուրքիա: ԲՀԿ-ն Գյումրիից քանի՞ պատգամավոր ունի: Գյումրու քաղաքապետը այս պահին ԲՀԿ-ական, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանն է: Գագիկ Ծառուկյանը քանի՞ անգամ է Բալասանյանի հետ քննարկել մարզի բնակչության վիճակը: Ծառուկյանի մտքով անցե՞լ է կազինո կառուցելու փոխարեն Գյումրիում մի քանի ընտանիքի ապահովել բնակարանով: Միայն Ծառուկյանը կիմանա, թե կոնկրետ որքան գումար է ծախսել վերջերս բացված կազինոյի, եկեղեցու և «Փարավոն» համալիրի համար միասին վերցրած: Գյումրիում մարդիկ սովամահ են լինում, ծայրահեղ աղքատություն է տիրում շատ ընտանիքներում, օրը մի քանի կարիքավոր ընտանիքի մասին հրապարակումներ կարելի է կարդալ տարբեր լրատվամիջոցներում: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե քանի ընտանիքի վիճակ կարելի էր քիչ թե շատ թեթևացնել այդ փողերով: Քանի երեխայի աչք կկշտանար, քանի երեխա նոր հագուստ կունենար, քանի երեխա կվերհիշեր շոկոլադի համը:
ԲՀԿ-ն իշխանությանը միշտ քննադատում է ընտրողաբար: Քննադատում էր: Մինչ ընտրությունները: Ավագանի էլ մտան ու հիմա` հանգստի, կազինոներում զվարճանալու, փարավոններում շողշողալու ժամանակն է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ