«Այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ սիգի պաշարներ չունենք: Ոչ մի մխիթարական բան չկա: Սիգի վիճակը քանի գնում` վատանում է: Սևանի պատմության մեջ ձկնային պաշարների այսպիսի վիճակ դեռ չի եղել: Արդյունագործական պաշար մենք այսօր Սևանա լճում չունենք: Չհաշված ներմուծված, անցանկալի տեսակը` կարասը, որը մենք դիտում ենք Սևանա լճի համար ոչ արժեքավոր, ոչ ցանկալի ձկնատեսակ»,-այսօր, մամուլի ասուլիսում լրագրողների հետ իր մտահոգությունը կիսեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ: Նա ցավ հայտնեց, որ Սևանա լճում այսօր ավելացել են այնպիսի ձկնատեսակները, որոնք նույնպես ինչ-ինչ ձևերով ներմուծվել են լիճ և կարող են լուրջ վտանգ հանդիսանալ տեղի արժեքավոր ձկնատեսակների` Սևանի էնդեմ իշխանի, բեղլուի և կողակի համար: «Մանրաձուկը բաց են թողնում, որսագողը բռնում է, չի թողնում գոնե հասունանան, բազմանան: Ձուկը պետական սեփականություն է: Ինչո՞ւ չեն թողնում բանկեր թալանվեն: Դե թող թողնեն, թող չարգելեն: Ինչո՞ւ են արգելում, թող այդպիսի հսկողություն էլ որսագողերի վրա սահմանեն, ձկների վրա դնեն: Ի՞նչ տարբերություն, սա էլ է պետական սեփականություն»,-ասաց բանախոսը:
Իսկ թե ինչ պետք է անի կառավարությունը ձկնապաշարի արտադրությունը խթանելու և ձկնատեսակները բազմացնելու ուղղությամբ, պարոն Գաբրիելյանը ընդգծեց երկու կարևոր կետ` պատշաճ վերահսկողություն և մանրաձկան շարունակական բացթողում: «Մանրաձկան բացթողումը շատ ճիշտ և լավ գործ է, բայց պետք է պահպանել: Որպեսզի ձուկը չվերանա, այդ հսկողությունը շարունակական պետք է լինի»:
Նա անդրադարձավ նաև շուկաներում, բակերում վաճառքի հանվող ձկներին, նշելով, որ դրանց 99 տոկոսը Սևանա լճի սիգն է:
«Շուկաներում հիմնականում ոչ հասուն ձկներն են վաճառվում: Դրանք 1,5 տարեկան ձկներ են, իսկ սիգը հասունանում է 2 տարեկանից: Առհասարակ, եթե կենդանին սերունդ չի տվել, նա համարվում է մատղաշ և չի կարելի որսալ: Իսկ մեզ մոտ որսում են: Դա է պատճառը, որ ունենք այն, ինչ ունենք»,-մտահոգվեց Բ. Գաբրիելյանը` համեմատական անցկացնելով անցած և այս տարվա ձկնային պաշարների քանակի միջև. «Սիգի պաշարների քանակը անցած տարի առավելագույնը եղել է 8, 5 տոննա և մոտավորապես 50 տոննա էլ կարաս: Այդ թիվը (սիգ ձկան) այս տարի իջել է` հասնելով 6,5 տոննայի: Միշտ թվերը տատանվում են: Բայց, ցավոք սրտի այդ տատանումները գնում են դեպի նվազում: Այսպես որ շարունակվի, հաջորդ տարի ավելի քիչ կլինի»,-կանխատեսեց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ