Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

«Ծառուկյանը քաղաքականության մեջ էլ է բիզնես տրամաբանությամբ շարժվում»

«Ծառուկյանը քաղաքականության մեջ էլ է բիզնես տրամաբանությամբ շարժվում»
16.05.2013 | 13:49

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ: Այս մասին օրերս Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ավելին, նա շատ հետաքրքիր մեկնաբանեց իր դիրքորոշումը. «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Եթե արդեն կա ընդդիմադիր երեք-չորս կուսակցություն, դա հինգ-վեց ընդդիմադիր կուսակցություն չի կարող լինել: ԲՀԿ-ն կողմնակից է այն ամենին, ինչը օգուտ է երկրին, ժողովրդին: Մենք այդ սկզբունքով ենք քայլել, արել և դա միշտ անելու ենք: Ոչ թե քաղաքականության մեջ մտել եմ անձնական շահի համար, քծնանքի, այլ հատուկ նպատակի` երկրի հզորացման, զարգացման, բարեկեցության համար»:

ԲՀԿ առաջնորդի հայտարարությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:
-Պարոն Հակոբյան, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի ընդդիմադիր չլինելը բացատրել է քաղաքական դաշտում 3-4 ընդդիմադիր ուժի առկայության հանգամանքով: Արդյոք անհեթեթ չէ՞ քաղաքական գործչի նման բացատրությունը:
-Եթե դիտարկում ենք բիզնեսի տեսանկյունից (չմոռանանք, որ Ծառուկյանը նախ և առաջ խոշոր գործարար է), ապա նրա պատասխանը բավականին տրամաբանական է: Բիզնես տրամաբանությունը հուշում է, որ եթե նույն փողոցում կողք կողքի գործում է չորս դեղատուն, 5-րդը հաստատ չի աշխատի, և չարժե նման «գործ դնել»: Թեև հենց Ծառուկյանի փորձը ցույց է տալիս, որ երբ ժամանակին կոնյակի գործարան էր բացում, նույն Հայաստանում բավականին շատ կոնյակի գործարաններ կային: Հավանաբար, Ծառուկյանը նաև մտավախություն ունի, որ իրականում ԲՀԿ-ն կարող է մրցունակ չլինել ընդդիմադիր դաշտում: Ինչ վերաբերում է այդ հայտարարության քաղաքագիտական ենթատեքստին, նրա ասածը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, գործարարը` բիզնեսով, քաղաքական գործիչը` քաղաքականությամբ: Այլ հարց է, որ հայաստանյան քաղաքական դաշտ են ներթափանցել այնպիսի մարդիկ, որոնք այլ ոլորտներում անհաջողակ են և, այլ ճանապարհներով գալով քաղաքականություն, կարող են որոշակի հաջողությունների հասնել: Գալիս է մի պահ, երբ զգացվում է քաղաքական մշակույթի, քաղաքական գիտելիքների պակասը:
-Ինչո՞վ է պայմանավորված, որ Ծառուկյանի թիմակիցները փորձում են արդարացնել ԲՀԿ առաջնորդի հայտարարությունները: Եվ ընդհանրապես ծայրահեղ ընդդիմադիր Օսկանյանն ի՞նչ է անելու այսուհետև:
-Որքան հասկանում եմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում մի քանի շերտ կա` ռադիկալ ընդդիմադիրից մինչև ռադիկալ իշխանամետ: Դա, իհարկե, նրանց խնդիրն է, ես դժվարանում եմ դա բացատրել: Այնուամենայնիվ, կարծում եմ, վերջին խոսքը Ծառուկյանինն է, քանի որ ինքն է ֆինանսավորում կուսակցությունը, և քաղաքական գիծն էլ ուղղակիորեն նրա միջոցով է թելադրվում:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ