ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա

Նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա
07.05.2013 | 16:18

Հերթական ընտրություններն ավարտվեցին ընդդիմության պարտությամբ: Ընդդիմությունը սա բացատրում է ընտրակաշառքներով: Իհարկե, ՀՀԿ-ի մասին ավելի շատ է խոսվում, քան` ԲՀԿ-ի, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Իրականությունն այն է, որ այս երկու կուսակցություններն էլ որքան կարողացել, ընտրակաշառք են բաժանել երևանցիներին: Կա փաստ` հասարակության մի ստվար շերտ ընտրակաշառք է վերցնում, ու սա ամենալուրջ խնդիրն է Հայաստանում, ըստ իս:
Մարդիկ 5, 10, 20 հազարը վերցնում, գնում են ընտրության: Իսկ ի՞նչ կարելի է գնել, օրինակ, 20 հազարով, որի դիմաց մարդը վաճառում է իր ձայնը, մի քանի տարիների կյանքը: 20 հազարով կարելի է գնել 7-8 կգ տավարի միս, հինգ հազարի պարագայում այդ մսային հաճույքը իջնում է մինչեւ 2 կիլոգրամի: Ինչու՞ ընտրակաշառք վերցնողը նախընտրում է 2 կիլոգրամ միսը, իմանալով հանդերձ, որ սա իր վերքը չի բուժելու: Չեմ կարծում, թե պատճառը ժողովրդի մի զգալի հատվածի չքավորությունն է: Ժողովուրդը շատ նուրբ զգացողություն ունի և ունակ է իմաստուն որոշումներ կայացնելու: Ժողովուրդը հրաշալի կարողանում է թացը չորից զատել, ժողովուրդը, վերջապես, արժանապատվություն ունի, բայց նրա մի հատվածն իր արժանապատվությունը վաճառում է: Ինչու՞: Սրա մասին ո՞վ պիտի մտածի, եթե ոչ` ընդդիմությունը: Ի՞նչ է տալիս ինքը ընտրողին հինգ հազարի փոխարեն: Ո՞րն է այլընտրանքը::
2002-ին, երբ ընդդիմության ներկայացուցիչներն Ազատության հրապարակում խոսում էին պաշտոնյաների ավտոմեքենաների մուգ ապակիներից, իմ մի շատ լավ բարեկամ ներողամտաբար ասաց. «Դե, մի բան պիտի ասեն, էլի: Հարցն էն է, որ նրանք պիտի գնան, սրանք` գան, վերջ»: Ինչպե՞ս, եթե ասելիքն էն չի, ինչ են տալիս ժողովրդին: Բարեկամս ժպտաց. «Դե, էս է»: 2003-ին դա չստացվեց: 2008-ին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով, կարծես թե, ստացվելու էր, բայց մարտի 1-ը խառնեց խաղաքարտերը: Տարիների ընթացքում շարժումը մարեց, իսկ ասելիքը մնաց նույնը: Ընդդիմությունը պիտի հասկանա, որ հասարակությունը հոգնում է անընդհատ նույն մտքերը լսելուց, որքան էլ որ դրանք ճիշտ լինեն: Երևանի ավագանու ընտրությունները դրա լավագույն ապացույցն էին: Ստացվում է, որ ժողովուրդը իշխանությանն ուղղված քննադատությունների փոխարեն նախընտրում է «նաղդը»: Կանխիկը շոշափելի է, քննադատությունը` օդում ասված խոսք, քանի որ արդյունքը չի երևում: Այնպես չէ, որ ժողովուրդը չի հասկանում, թե ով ով է: Բայց ժողովուրդը նուրբ քիմք ունի` աչք ունի, տեսնում է, ականջ ունի, լսում է:
Վաղուց արդեն խոսքը, տեքստը նոր ձևով մատուցելու, նոր ձևակերպումների կարիք կա: Իհարկե, հարցը միայն նոր ձևակերպումներով, նոր խոսքով չի լուծվելու, բայց հենց նոր խոսքն իր հետ նոր գործողություններ է բերելու: Նոր բովանդակային գոծողություններ: Իսկ նորը ամենևին էլ նորացված հինը չէ: Կարծում եմ, լուրջ վերլուծության կարիք ունի 1988-ից մինչև հիմա ընդդիմության պայքարի բովանդակային, խոսքային տրամաբանությունը, հայ ժողովրդի էական առանձնահատկությունները այլ ժողովուրդներից, Հայաստանի այս պահի իրավիճակային տարբերությունները այլ երկրների` հեղափոխական ժամանակներում եղած իրավիճակներից և, վերջապես, իշխանությունների գործելաոճը: Ցանկացած ընդդիմության համար ճակատագրական է դառնում այն, թե ինչ է ինքը առաջարկում հասարակությանը` ինչ բաղադրիչներ է պարունակում մատուցվող քաղաքական ճաշը, արդյոք դրանք թարմ էին, թե պահածոյացված, կարմիր թե սև պղպեղ է օգտագործվել ճաշի մեջ, և աղը երբ է ավելացվել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ