ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Բարև, Երևանն» ընդդեմ «Նոր Հայաստանի»

«Բարև, Երևանն» ընդդեմ «Նոր Հայաստանի»
26.04.2013 | 17:31

Րաֆֆի Հովհաննիսյանի մասին սկսել են քիչ գրել: Նույնիսկ շատ ակտիվ կայքեր, որոնք որևէ լուր բաց չէին թողնում ու անդրադառնում էին Հովհաննիսյանի հետընտրական մարզային այցելություններին, այսօր գրեթե չեն լուսաբանում նրա գլխավորած «Բարև, Երևանի» քարոզարշավը:
Ընդհանրապես պիտի ասել, որ առանձնակի ակտիվություն չկա քարոզարշավային կոնտեքստում, չնայած կան հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ: Քաղաքապետի ավագանու ընտրություններն իրենց հնչեղությամբ զիջում են նախագահական ընտրություններին ու ոչ այն պատճառով, որ երևանցիներին չի հետաքրքրում, թե իրենց քաղաքապետն ով կլինի: Նախագահական ընտրությունների և հետընտրական պայքարի զարգացումները, թերևս, հոգնեցրել են երևանցիներին: Դրանք բավականին բուռն էին, թեև անհամամատելի էին 2008-ի իրադարձությունների հետ և ինչպես սկսվեցին, այնպես էլ ավարտվեցին` առանց լուրջ քաղաքական հիմնավորման: Ապրիլի 9-ին Բաղրամյան փողոցում կատարվածը պարզապես մի մեծ վերջակետ դրեց «2013- նախագական ընտրություններ» փուլին: Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում ենք, դա նկատի ունենալով հայտարարեց նոր պայքարի մասին`«Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում ֆորմատով:
Բայց մի բան է քաղաքական կառույց ստեղծելը, մեկ այլ բան ճիշտ մարտավարություն մշակելը: «Ժառանգության» ղեկավարի գործողությունները` մի կրակոցով երկու նապաստակ բռնել, անհաջողության դաշտից են: Երկրի համայնքներում, այսպես ասած, կուսբջիջներ ստեղծելն ու մայրաքաղաքի ընտրությունները տարբեր հարթություններ են: Այս օրերին մարզային հանդիպումները կարող են ոչ միայն վնասել սեփական ուժի` քաղաքապետի ընտրություններին հաջողություն ունենալու նկրտումներին (ուժերը կենտրոնացնել ոչ նպատակային), ոչ միայն կարող են շփոթության մեջ գցել մարզային բնակչությանն ու դրանով նպաստել «Ժառանգության» նկատմամբ հետաքրքրության վերջին նշույլների մարմանը , այլև ընդհանրապես երևանցիների ուշադրությունը շեղել այս ընտրություններից (եթե, իհարկե, նման նպատակ դրված չէ):
Երկաթի տաք լինելը դեռ բավական չէ դրանից զենք կռելու համար, եթե հարվածներդ մե´կ ենթադրյալ շեղբային հատվածին են ուղղված, մե´կ պոչին: Նման դարբնի կռած սուրը առաջին հարվածից կարող է պարզապես կիսվել` կիսելու փոխարեն: Ժամանակը ցույց տվեց, որ Հովհաննիսյանի քաղաքական ընկալումների և մեր իրականության միջև սար ու ձորեր կան: Դա ավելի ու ավելի ակնառու է դառնում նրա գործողություններին զուգահեռ: Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ օգտագործել իր կես միլիոնից ավելի ձայները, ու դրա պատճառները նախագահի նախկին թեկնածուն, կարծում ենք, պիտի փնտրի իր մեջ: Թերևս սրանք են պատճառները, որ «Բարև, Երևանը» ԶԼՄ-ների ուշադրությունից որոշ չափով դուրս է մնացել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, լրագրողները անհետաքրքիր բաների մասին հաճույքով չեն գրում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ