Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Ծիրանենին ավելի քան 6000 տարվա պատմություն ունի»

«Ծիրանենին ավելի քան  6000 տարվա պատմություն ունի»
23.04.2013 | 12:20

Հայաստանի սուրբ հողի վրա աճող ծիրանենին ուրույն դեր ու նշանակություն ունի մեր երկրի գյուղատնտեսության համար, քանի որ պտուղը հիմնական բնամթերք է ինչպես վերամշակող, արտահանող կազմակերպությունների, այնպես էլ բնակչության համար:
Ծիրանի արտադրության, այգիների կառավարման (հանրապետությունում դրանք շուրջ 10 հազար հեկտար են), ինտենսիվացման, սորտերի ընտրության և գենոֆոնդի պահպանման ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ: Դրանք լուծելու նպատակով ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, 2011 թվականի հունիսից գործողության մեջ է դրվել «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագիրը:
«Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակաուղղվածությունը կամ առաջնային խնդիրը»,- հարցով սկսեցինք մեր զրույցը ծրագրի ազգային խորհրդատու, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-Ծրագրի առաջնային խնդիրն է ստեղծել հայկական ծիրանենու (բոլոր սորտերով) կոլեկցիոն այգիներ, իսկ վերջինիս մշակության զարգացման համար օգտագործել նոր ագրոտեխնիկա և ցածրաճ պատվաստակալներ,- փաստեց պարոն Հովհաննիսյանը։- Բացի դրանից, ծրագրի շրջանակներում հիմնվելիք ցուցադրական այգիներում նախատեսվել է կիրառել նաև առաջավոր երկրների փորձն ու նվաճումները` դրանք հայ ծիրանագործների շրջանում տարածելու նպատակով:
-Ծրագրի շրջանակներում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել, և որտե՞ղ է հիմնվելու կոլեկցիոն այգին:
-Կոլեկցիոն այգու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Էջմիածնի երկրագործության ինստիտուտի տարածքում հատկացրել է 5 հա հողատարածք, որտեղ առաջիկայում, նախօրոք պատվաստի միջոցով աճեցված տնկանյութով, կհիմնվի այգին:
Ասեմ, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են քննարկումներ` ոլորտին առնչվող տնտեսությունների, ֆերմերների, գիտնականների հետ: ՈՒսումնասիրվել են արխիվային փաստաթղթեր: Ծիրանենու գենոտիպերի հայտնաբերման նպատակով կատարվել են ծիրանենու մշակության հետազոտություններ հանրապետության բոլոր շրջաններում: Նույնականացման հիմնական աշխատանքները կատարվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում: Կատարվել են այցելություններ մեծ ու փոքր այգիներ, ինչպես նաև տնամերձ հողամասեր: Գեղարքունիքի մարզում ուսումնասիրվել են ծիրանենու այնպիսի տեսակներ, որոնք մշակվում են ծովի մակերևույթից 1500-2000 մ բարձրության վրա: Մարզերում ծիրանի սորտերի հայտնաբերմանն օժանդակել են ֆերմերները, գյուղացիները, իսկ նույնականացման աշխատանքներին մասնակցել` պտղաբույծ մասնագետներն ու սորտագետները: Աշխատանքներին աջակցել են նաև բազմաթիվ կամավորներ: Պարբերաբար կատարվել են այցեր` մեծածախ և մանրածախ շուկաներ:
Նույնականացման աշխատանքների շնորհիվ արդեն ընտրվել է 82 սորտ: Կատարվել է ծառերի քարտեզագրում, նշագրում: Հայտնաբերված սորտերի մեջ կան մի շարք նոր տեսակներ և կլոններ, որոնք նախկինում չեն ուսումնասիրվել և չունեն անուններ, այդ պատճառով դրանց տրվել են պայմանական (մշակողի կամ տեղանքի անվանումով) անուններ: Պատրաստվել են նաև համապատասխան փաստաթղթեր` սորտերի պետական գրանցմանը ներկայացնելու համար: Սորտերի կենսաքիմիական հետազոտությունների արդյունքում, ըստ հասունացման փուլերի, կազմվել են աղյուսակ և ժամանակացույց: Ծիրանի բոլոր սորտերը լուսանկարվել են, գրանցվել գույնի, չափսի, ձևի, տերևի, կորիզի վերաբերյալ մանրամասն նկարագրություններն ու տեղեկությունները: Որպես հասունացման չափանիշ ընտրվել է «Երևանի» սորտը, որի հետ են համեմատվելու մնացած սորտերը:
Նշեմ, որ կոլեկցիոն այգին բաց է լինելու բոլոր գիտնականների, հետազոտողների, ինչպես նաև արտադրողների առջև: Այգու մի մասը ծառայելու է որպես մայրուտ` հասանելի լինելով տնկանյութ արտադրողների համար: Առաջարկ է արվել կոլեկցիոն այգու տարածքը ներառել պետության կողմից հատուկ պահպանվող տարածքների ցանկում:
Ծրագրի շրջանակներում, մարզերից հրավիրված ֆերմերների և ոլորտին առնչվող պատասխանատուների մասնակցությամբ, կազմակերպվել է սեմինար-աշխատաժողով, որտեղ հանգամանալից ներկայացվել են կատարված աշխատանքներն ու քննարկվել հետագա անելիքները: Ֆերմերներին ցուցադրվել է եվրոպական երկրներում ծիրանի մշակության և բերքահավաքի աշխատանքների կազմակերպման մասին տեսանյութ:
-Ի՞նչ առավելություններ ունեն ցածրաճ կամ գաճաճ ծիրանենու այգիները մեր ավանդական բարձրաճ տեսակների համեմատ:
-Բարձրաճ ծիրանենին, որի բարձրությունը 5-8 մետր է, իսկ սաղարթի լայնությունը` 5-7 մետր, բերքահավաքի և մշակության ժամանակ լուրջ դժվարություններ է ստեղծում: Բարձրաճ ծառերի վրա հատկապես դժվարությամբ են կատարվում նաև բուժման, էտի աշխատանքները, իսկ անհավասար լուսավորության պայմաններում պտուղները հավասարաչափ չեն հասունանում և լավ չեն գունավորվում: Բացի դրանից, նշված ծառերի վրա ընտրովի բերքահավաքի հնարավորությունը սահմանափակ է, իսկ պտղի կորուստը` մեծ: Նշեմ, որ մեկ հեկտարի վրա տնկվում է 100-200 ծառ (8մx7մ, 8մx8մ, 10մx10մ):
Կլոնային պատվաստակալների միջոցով ստացված ցածրաճ տնկիներով տնկումների դեպքում մեկ հեկտարի վրա կարելի է տնկել 600-2800 ծառ` 5մ x 3մ, 4մ x 2,5մ, 3,5մ x 1մ տնկման սխեմաներով: Այսպիսի այգիներում ծառերի ցածր և սաղարթի փոքր լինելու շնորհիվ դյուրին են դառնում էտի, բուժման և բերքահավաքի աշխատանքները: Լուսավորությունը հասանելի է բոլոր պտուղներին, հասունացումը` համահավասար, իսկ ընդհանուր բերքի գերակշիռ մասը` որակյալ:
Նշված այգիներում ծառերը շուտ են պտղավորվում, որի շնորհիվ արագ են փոխհատուցվում այգու հիմնման հետ կապված դրամական ծախսերը: Այս այգիներում ավելի արդյունավետ է ոռոգման, բուժման, ցրտահարությունից և կարկտահարությունից պաշտպանելու առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը, որի շնորհիվ հնարավոր է դառնում ամեն տարի ստանալ բարձրորակ և առատ բերք:
Համոզված եմ, որ, հիմնելով 5000 հա նման տիպի այգիներ, հանրապետությունում հնարավոր կլինի 8-10 անգամ ավելացնել ծիրանի արտադրությունն ու արտահանումը: Այս պարագայում ֆերմերների եկամուտները կավելանան ոչ միայն բարձր բերքատվության, այլև ցածր ինքնարժեքի շնորհիվ:
-Ո՞րն է ծիրանի այգիների աշխարհագրությունը մեծացնելու, կամ հանրապետության տարբեր գոտիներում շրջանացնելու առավելագույն գործոնը:
-Արարատյան դաշտավայրի (գտնվում է ծովի մակերևույթից 700-1000 մետր բարձրության վրա) ծիրանենիների միաժամանակյա ծաղկումը հաճախ է համընկնում վաղ գարնանային ցրտահարությունների և անձրևային օրերի հետ, որի պատճառով վնասվում է ապագա բերքը: Անգամ եթե տարին բարենպաստ է, ծիրանենու այգիներում բերքի միաժամանակյա հասունացումն առաջացնում է լարվածություն, աշխատանքային ծանրաբեռնվածություն, շուկայական գների տատանումներ` դառնալով 20-25 տոկոս բերքի կորստի պատճառ: Հետևաբար, ծիրանենու այգիները հանրապետության տարբեր գոտիներում շրջանացման (բազմազանեցման) կարիք ունեն: Այն հնարավորություն կընձեռի մեղմացնելու արտադրական ռիսկերը, երկարացնելու թարմ ծիրանի շուկայահանման ժամկետները և ավելացնելու միավոր տարածություններից ստացվող բերքը: Բացի դրանից, ծովի մակերևույթից ունեցած բարձրությամբ պայմանավորված, ծիրանենու տարբեր սորտերի շրջանացումը հնարավորություն կընձեռի մայիսի երրորդ տասնօրյակից սկսած մինչև սեպտեմբերի երրորդ տասնօրյակը ներքին շուկային մատակարարել թարմ ծիրան:
-Քանի՞ տարեկան է հայկական ծիրանենին, և եթե կարելի է` մի քիչ պատմական անդրադարձ:
-Նուրբ թավշյա կեղևով, անուշահամ կորիզով պտուղներ տվող ծիրանենին Հայաստանում ավելի քան 6000 տարվա պատմություն ունի: Այդ մասին են վկայել Գառնու տաճարի պեղումների ժամանակ գտնված ծիրանի կորիզները: Ծիրանենու բնիկ հայկական ծագման մասին հիշատակել է նաև Քսենոֆոնը:
Մ.թ.ա. առաջին դարում հայկական ծիրանը գրավել է նաև Ալեքսանդր Մակեդոնացու և Լուկուլլոսի ուշադրությունը, որոնք իրենց հետ որպես ավար են տարել նաև հայկական ծիրանենի: Մակեդոնացին այն տանելով Հունաստան` անվանել է «Հայկական խնձոր», իսկ Լուկուլլոսը` Հռոմ` անվանելով «Հայկական սալոր»: Այդ անվանումները` Prunus Armeniaca կամ Prunus Armeniaca vulgaris, պահպանվել են նաև բուսաբանության մեջ:
Նշեմ, որ ծիրանենու փայտից պատրաստվում է հայկական ամենասիրված և հայտնի երաժշտական գործիքը` դուդուկը (կոչվում է նաև ծիրանափող), որը վերջին տարիներին դարձել է արևմտյան հայտնի երաժիշտների ամենասիրված գործիքներից մեկը: Շատ վարպետներ փորձել են դուդուկ պատրաստել տանձենուց, սալորենուց և անգամ խնձորենուց, սակայն երաժիշտները նախընտրում են նվագել ծիրանենու փայտից պատրաստվածը, քանի որ վերջինիս հնչողությունը հիասքանչ է:
Ասեմ նաև, որ այսօր ծիրան աճեցնում են շատ երկրներում, բայց այլ տեղերում աճեցվածը չունի այն համն ու բույրը, ինչպիսին Հայաստանի արևով լեցուն հայկական ծիրանինն է: Բազմաթիվ կարծիքների և հին գրությունների համաձայն, նա, ով պարբերաբար օգտագործել է հայոց հողում աճեցրած ծիրան, ունեցել է երկարատև, առողջ և երջանիկ կյանք: Ծիրանի պտղի մեջ պարունակվող նյութերը, ինչպես թարմ, այնպես էլ չորացրած և պահածոյացված վիճակում, օգտակար են սրտանոթային համակարգի, լյարդի և երիկամների համար և կարող են մարդկանց «ոսկե հատման» վիճակ պարգևել: («Ոսկե հատումը» դրական և բացասական հույզերի, զգացմունքների, մտքերի, ունակությունների և էներգիայի ամբողջության ներդաշնակությունն է):
-Ծիրանի ո՞ր տեսակն է առավել նախընտրելի և տարածված:
-Նախընտրելի հասկացությունը որոշում է շուկան: Ծիրանի բոլոր սորտերն էլ ունեն իրենց դրական կողմերը: Սորտեր կան, որոնք ունեն ապրանքային լավ տեսք, համային հատկանիշներ և թարմ իրացման դեպքում անփոխարինելի են: Սորտեր էլ կան, որոնք ավելի նախընտրելի են վերամշակման համար և այլն:
Ասեմ, որ Արարատյան դաշտավայրի ծիրանուտների գերակշռող մասը «Երևանի» սորտի ծառատեսակն է, քանի որ վերջինս, խոշորապտուղ լինելուց բացի, օժտված է ապրանքային գրավիչ տեսքով և համային լավագույն հատկանիշներով: Սակայն կուզենայի նշել, որ այդ ծիրանի «գրավիչ տեսքը» հարաբերական է և զիջում է եվրոպական տեսակներին:
Հավելեմ, որ 2008 թվականին` Իտալիայի Մատերա քաղաքում անցկացվող ծիրանի միջազգային գիտաժողովի ժամանակ, 28 այլ եվրոպական սորտերի հետ համատեղ, երբ համտեսի ներկայացրինք «Երևանի» սորտը, համային հատկանիշներով այն գրավեց առաջին տեղը, իսկ ապրանքային տեսքով` 4-րդը:
-Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները:
-Ծրագրի իրականացումը, հայկական ծիրանի գենետիկ ռեսուրսները հավաքել- պահպանելուց բացի, կխթանի, կամրապնդի նշված պտղի կայուն արտադրությունը` հիմք ստեղծելով նաև հետագա գիտական և սելեկցիոն աշխատանքների համար:
Համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավորություն կստեղծվի ստանալու մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան` առավել կայուն արմատակալներ: Ընտրված սորտերով այգիների հիմնումից հետո զուգահեռաբար կկազմակերպվի պատվաստված տնկանյութերի արտադրությունը:
Ցուցադրական այգիներում, նոր ագրոտեխնիկայի կիրառումից բացի, լայնորեն կլուսաբանվեն և կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ նաև ֆերմերների համար: Զուգահեռաբար եվրոպական առաջավոր երկրների տնտեսություններ կգործուղվեն ֆերմերային խմբեր, որոնք սովորելով այնտեղի այգեգործական հմտություններն ու փորձը` վերադառնալուց հետո դրանք կփոխանցեն մյուսներին:
Եվ վերջապես ամենակարևորը` ծրագրի իրականացումը, մեր ազգային հպարտություն համարվող ծիրանենու արտադրությունը կայուն հիմքերի վրա դնելուց բացի, կբարձրացնի ֆերմերների եկամուտները` ամուր բազա ստեղծելով հետագա սելեկցիոն աշխատանքների համար:
Հավելեմ նաև, որ ծրագրի շրջանակներում մտադիր ենք ներկրել նաև եվրոպական ծիրանենու 10-15 սորտ, որոնք փորձարկումից հետո կշրջանացնենք ՀՀ տարածքում: Այդ սորտերը մեծ մասամբ կլինեն ինքնափոշոտվող տեսակներ, քանի որ մեր ծիրանենիները խաչաձև փոշոտվող են: Վերոնշյալ պրոցեսը չի կատարվում անձրևային և ամպամած եղանակներին, ինչը բացասաբար է անդրադառնում ծիրանի ապագա բերքի վրա:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 13093

Մեկնաբանություններ