Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Մեր ծիրանի համային հատկանիշները չենք փոխելու»

«Մեր ծիրանի համային  հատկանիշները չենք փոխելու»
16.04.2013 | 13:38

Այսօր նախարարնե՞րն են լարված, թե՞ շատ լրատվամիջոցներ ձանձրացրել կամ էլ սովորեցրել են միևնույն` «կմնա՞ք պաշտոնում» հարցին, չգիտենք։ Բայց մեր զրույցը գյուղնախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ սկսվեց ոչ թե հիշյալ հարցով, այլ իմ մոտենալուն պես նա հստակեցրեց.
-ՈՒզում եք հարցնել` մնալո՞ւ եմ պաշտոնում, թե՞ ոչ։
-Բոլորովին, բայց որ ինքներդ ասացիք, ուրեմն պատասխանեք այդ հարցին։
-Ես չգիտեմ։ (ՈՒրախ և առաջին անգամ լայն ժպիտով ասաց Սերգո Կարապետյանը-Ժ. Վ.)։
-Հարցս, ճիշտն ասած, ոլորտային է։ Վերջին շրջանում շատ է խոսվում ծիրանի սելեկցիայի իրականացման մասին, այսինքն, նոր ծիրան եք ստեղծելու։ Որքանո՞վ այդ նոր ծիրանը հետաքրքիր կլինի եվրոպացու համար։
-Նախ, գյուղատնտեսությունն առանց սելեկցիայի չի կարող զարգանալ։
-Դա ինքնին պարզ է, բայց հարցս ընդհանուր առմամբ չէ։
-Մենք 5 հա-ի վրա հիմնել ենք կոլեկցիոն այգի, որի նպատակն է պահպանել մեր ծիրանի գենոֆոնդը։ Այսինքն, առաջին անգամ ուսումնասիրում ենք, թե ծիրանի քանի սորտ ունենք։ Մինչ այժմ մեր գիտնականներն էլ կարծում էին, թե ծիրանի 40 սորտ կա Հայաստանում։ Վերջին երկու տարում մեր մասնագետները բոլոր այգիներում, անգամ տնամերձներում ծիրանի սորտերի հայտնաբերման աշխատանքներ են կատարել։ Արդյունքում այս պահին ունենք ծիրանի 82 սորտ, որից 17-ն են գրանցված, մյուսներն անուններ չունեն։ Մեր նպատակն է պահպանել այդ գենոֆոնդը։
-Գենոֆոնդի պահպանումը լավ բան է, բայց չէ՞ որ ունեք նաև այլ հիմնավորում։
-Այո, իհարկե, ճիշտ եք։ Մենք ներկրել ենք նաև եվրոպական լավագույն չորս սորտի ծիրանենիներ, որոնք պետք է մեր տեղական ծիրանենիների հետ խաչասերվեն։ Արդյունքում կստանանք նոր սորտ, որը նախատեսված է արտահանման համար։ Այսինքն, այդ նոր սորտի ծիրանի ապրանքային տեսքն ավելի լավը կլինի, կհեշտացվի տեղափոխման խնդիրը։ Դուք գիտեք` որքան էլ մեր ծիրանը համեղ է, արտահանման համար սակայն այնքան էլ պիտանի չէ` դիմացկունության իմաստով։
-Տարիներ առաջ լոլիկի սորտն էլ փոխեցին նույն հիմնավորմամբ, և այսօր մենք զրկվեցինք համեղ, բարակ կեղևով տեղական սորտից. այն կորավ։
-Չի՛ կորել, տեղական սորտն արտադրվում է։
-Կորել է, որովհետև գյուղացին սկսեց նոր ստեղծած սորտը ցանել, քանի որ այն ավելի ամուր էր, դիմացկուն և անգամ հինգ անգամ ինքնաթափ անելուց հետո չի ճխլվում։
-Դե հիմա Դուք էդպես եք կարծում, ես էլ ասում եմ` տեղական լոլիկի սորտը չի կորել։
-Շուկայում տեղական սորտի լոլիկ ցույց տվեք։ («Չկա», փաստեց մեր զրույցին հետևող պատգամավորներից մեկի օգնականը-Ժ. Վ.)։
-Հիմա ասեմ` ջերմոցային սորտերի մեջ, ճիշտ է, տեղական սորտ այդքան շատ չկա։ Հիմա շուկայում վաճառվում են ջերմոցային սորտերը։
-Ամռանը նույնպես պինդ, հաստ կեղևով լոլիկն է վաճառվում։
-Ամա՜ռը... ՈՒրեմն բաց գրունտում այդ ներկրված սորտերից կան, բայց 50 տոկոսը տեղական սորտն է։ Հիմա փորձում ենք հին տեղական սորտը վերականգնել։ Սերմնաբուծության ծրագիր ենք իրականացնում, որում մեծ դերաբաժին է հատկացված լոլիկին։ Մասնավորապես, տնտեսությունների հետ պայմանագրեր ունենք, որոնց համաձայն` անցած տարի 20 հա-ի, այս տարի 50 հա-ի վրա աճեցնելու ենք մեր տեղական սորտերը։
-Այսինքն, գիտե՞ք ինչ է ստացվում. սկզբում կորցնում ենք լավ սորտերը, հետո էլ գործում ենք «сотрем, начнем сначала» տարբերակով։
-Բայց ինչո՞ւ միայն սորտերը, մեր ամբողջ տնտեսությունը կորցրինք 20 տարում։
-Եկեք վերադառնանք ծիրանին։ Ծիրանի արտահանումը կարևորելով, նոր սորտ ստեղծելով, մի քանի տարի հետո ասելու ենք` եկեք վերականգնենք մեր հին ծիրանը։
-Ո՛չ, մեր ծիրանը կա, լինելու է և ընդհանրապես այդ սելեկցիայի հետ կապ չունի։ Խնդրում եմ` մի շփոթեք մեկը մյուսի հետ։
-Չեմ շփոթում, Դուք ինքներդ ասացիք, որ չորս տեսակի լավագույն ծիրանենի եք ներմուծել Եվրոպայից, որ խաչասերելու եք ծիրանենիների հետ, և ընդգծեցիք, որ նոր ծիրանն ավելի պինդ է լինելու, ինչը արտահանման համար շատ լավ է։
-Մենք մեր սորտերը պահպանում ենք։ Մեր հիմնական նպատակը գաճաճ սորտ ստանալն է։ Մեր ծիրանի ծառերի բարձրությունը 6-7 մետր է, ինչը խնդիրներ է ստեղծում խնամքի, բերքահավաքի և այլ ագրոաշխատանքների համար։
-Հայաստանի ծիրանը դրսում մեծ պահանջարկ ունի ոչ թե իր «առևտրային տեսքի», այլ համային հատկանիշների համար։
-Մենք դրանք բոլորը պահպանելու ենք։
-Չեք կարող, խաչասերման արդյունքում նրա համային հատկանիշները կփոխվեն։
-Ասում եմ` պահպանելու ենք։
-Կապրենք` կտեսնենք։
-Այո՛, կապրենք` կտեսնենք։
-Էդ ժամանակ կարող է Դուք նախարար չլինեք արդեն, իսկ ծիրանն արդեն «եվրոպականացված» կլինի։
-Դե, հիմա։ Ես շատ լուրջ եմ ասում, մենք մեր ծիրանի համային հատկանիշները չենք փոխելու։
-Մի՞թե չէր կարելի «եվրոպացու» հետ չխաչասերել մեր ծիրանը, այլ գործարարների հետ այնպես կազմակերպել արտահանումը, որ ո՛չ ծիրանը տուժեր, ո՛չ էլ գործարարները։
-Ի՞նչ եք ասում։ Ծիրանը քանի՞ օրում է հասնում Հայաստանում` 20 օրում։ Իսկ մենք ձգտում ենք այդ սեզոնը երկարացնել։ Հասկանո՞ւմ եք։
-Չեմ հասկանում, որովհետև, գաղտնիք չէ, որ այլ սորտի հետ խաչասերման արդյունքում ցանկացած մրգի, բանջարեղենի համը փոխվում է։ Սակայն, քանի որ անընդհատ ես սա եմ պնդելու, Դուք էլ հակառակը, դրա համար փոխենք թեման, թե ով է ճիշտ, իսկապես ժամանակը ցույց կտա։ Գյուղական տնտեսությունները մտավախություն ունեն, որ այս տարի բաժանված ցորենի էլիտար սերմերը անցած տարվա պես իրենց խնդրի առջև կկանգնեցնեն։ Նրանք համոզված են, որ անցած տարի տրամադրված էլիտար սերմերը մեջ-մեջ են արվել և իրականում տրվել են որոշակի շրջանակի մարդկանց, իսկ գյուղացիներին բաժանվել է անորակը։
-Գլուխները պատին են տալիս։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հ. Գ.- Չգիտենք` ով ում գլուխն է պատին տալիս, սակայն փաստենք, որ Հայանիստ գյուղում բաժանված ցորենի, այսպես կոչված, էլիտար սերմերը չծլեցին։ Եվ սա մեր իմացած միակ գյուղը չէ։ Գյուղական տնտեսություններն անցած տարի լրատվամիջոցներով անգամ բարձրացրին այս խնդիրը։

Դիտվել է՝ 3335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ