Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Անիմաստ ժպիտների ու «անմեղ ստերի» մասին

Անիմաստ ժպիտների ու «անմեղ ստերի» մասին
05.04.2013 | 11:13

Երկու օրից կավարտվի Գեղեցկության և մայրության` կանանց տոնի միամսյակը։ Կանանց գեղեցկությունը գովերգելը, կին-տղամարդ հարաբերությունները վերլուծելը ավելի շատ գրչի վարպետների գործն են։ Սակայն այս անգամ որոշեցինք ճշտել օրենսդիր տղամարդկանց տեսակետները։

«ԿԻՆՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԷԱԿ Է»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (սոցիալական հարցերիմշտական հանձնաժողովինախագահ)

-Ի՞նչ է ներողություն խնդրելը։

-Ներողություն խնդրելը կնոջ և տղամարդու սկզբունքների կարգավորման առարկա չէ։ Ներողություն ասվածը սեռական պատկանելություն չունի, այն մարդկային սկզբունքների առարկա է։

-Ինքներդ ներողություն խնդրե՞լ եք կնոջից։

-Եթե սխալ եմ, իհարկե, կխնդրեմ։

-Մարտի 8-ից ապրիլի 7-ը Ձեզ համար տո՞ն է, թե՞ պարտականություն։

-Կարծում եմ, գարնան այս միամսյակը բաղկացած է 365 օրից։ Կինն ու տղամարդը հավասար չեն. կինն առանձնահատուկ էակ է, և տղամարդը հնարավոր ամեն բան պետք է անի, որ յուրաքանչյուր օրը կնոջ համար ժպիտ բերի։

-Մի քանի տարի առաջ նախարարների և փոխնախարարների հետ կանանց միամսյակի հետ կապված ճեպազրույցում նրանք ինձ խոստովանեցին, որ հաճախ են ստում իրենց կանանց։ Իսկ Դո՞ւք։

-Ո՛չ, կարծում եմ, ստելը արատ է, և դրա անհրաժեշտությունը չկա ոչ միայն կանանց դեպքում, այլև ընդհանրապես, սուտն անընդունելի է։

-Ի՞նչ եք ցանկանում կանանց։

-Նրանց ցանկանում եմ հոգուց բխող անկեղծ ժպիտ։

«ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԽՆԴՐՈՒՄ»

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Ընդհանրապես, հաճելի է կնոջից ներողություն խնդրելը, քնքշանքի խոսքեր ասելը։ Իմ խորին համոզմամբ, բնության մեծագույն արժեքը կինն է։ Տղամարդու հայացքում կնոջից բարձր վեհություն չկա։ Նրա մեջ է մարմնավորված մոր, կնոջ, քրոջ ամբողջականությունը։

-Կնոջից ներողություն խնդրելու հետ կապված խնդիրներ ունե՞ք։

-Չեմ կարծում, որ կնոջից ներողություն խնդրելը վատ բան է։ Այո, եղել են նման դեպքեր, ինչո՞ւ ոչ։ Չէ՞ որ մի փոքր կոպիտ վերաբերմունքը, ոչ ճիշտ արտահայտած խոսքը կարող են վիրավորել նրան։ Սակայն սկզբունքային հարցերում ներողություն չեմ խնդրում։ Եվ վերջապես, կնոջից ներողություն խնդրելը ինչ-որ տեղ նաև հաճելի է։ Օրինակ, Ձեզնից էլ ներողություն խնդրեցի սպասեցնելու համար։

-Ինձնից ներողություն չեք խնդրել։

-Դե, ուրեմն իմացեք, որ այս պահին խնդրեցի։

-Որոշ նախարարներ և փոխնախարարներ նշում են, որ հաճախ են ստում։ Կանանց։ Դուք ինչպե՞ս եք վարվում։

-Կապ չունի` տղամարդը նախարար է, պատգամավոր, բժիշկ, թե ինժեներ։ Տղամարդիկ ստում են կանանց նույն հաճախականությամբ, ինչ կանայք տղամարդկանց։ Տղամարդ-կին հարաբերություններում շատ հաճախ անմեղ սուտն ավելի օգտակար է, քան ճշմարտությունը։

-Այսինքն, կինն ուզում է, որ իրեն ստե՞ն։

-Ոչ թե նման բան է ցանկանում, այլ իրավիճակն է թելադրում անմեղ սուտ ասելու։

-Օրինակ։

-Երբ տղամարդն ուղղակի ժպտում է հաճելի կնոջը, և նրա կողքի կինն անմիջապես հարցնում է` ինչո՞ւ ժպտացիր, ապա այդ դեպքում օգնության է գալիս անմեղ սուտը։ Օրինակ, ասում ես` բան հիշեցի, ժպտացի։

-Եթե այս հարցազրույցը Ձեր կինը կարդա, հետագայում կհավատա՞ Ձեր «անմեղ ստերին»։

-Ինչո՞ւ, Դուք կարծում եք, որ կինն ունակ չէ՞ հասկանալու։ Դուք կնոջը թերագնահատում եք։ Շատ դեպքերում կնոջն էլ է ձեռք տալիս անմեղ սուտը։ Եվ եթե անկեղծ լինենք, արդյոք կինը, վերը նշված դեպքերում, անմեղ սուտ չի՞ ասում իր տղամարդուն։ Իհարկե, ասածս վերաբերում է միայն անմեղ ստերին, իսկ եթե սկզբունքային խնդիրներ են, ապա միանշանակ սուտն անընդունելի է։

-Հայերս տարածված ասացվածք ունենք. «Կնոջ մազը երկար է, խելքը` կարճ»։ Համաձա՞յն եք։

-Հայերը մեկ այլ ասացվածք էլ ունեն. «Տղամարդը գլուխն է, կինը` պարանոցը»։

-Դա հայկական չէ, ռուսական ասացվածք է։

-Համենայն դեպս, հայ կինը ողջ պատմության ընթացքում ապացուցել է իր կարևոր դերը օջախի պահպանման հարցում։ Մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք և ունենք հանճարեղ կին գործիչներ բոլոր բնագավառներում։ Հայ կինը կարողանում է համադրել գեղեցիկն ու խելքը։ Արդյո՞ք հայ կնոջ նման կին աշխարհում կա` թե՛ որպես կին, թե՛ որպես մայր, թե՛ որպես քույր։ Ինձ համար հայ կնոջից գեղեցիկ, վեհանձն կին գոյություն չունի։ Թող ինձ ներեն մյուս ազգերի կանայք, բայց ինձ համար հայ կինը այլ աշխարհ է։

-Միամսյակը տո՞ն է, թե՞ պարտավորություն։

-Առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս կարևորես և քնքշանքի խոսքեր ասես կնոջը։ Հայ տղամարդն առանձնապես լիրիկական չէ, սակայն առիթի դեպքում նա կարող է շռայլ և ռոմանտիկ լինել։

«ՇԱՏ ԿՈՒԶԵԻ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՐ ԱՅՆ ՄԵԿԸ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ՏԱՐՎԱ 365 ՕՐԸ ԿԴԱՌՆԱՐ Ե՛Վ ՄԱՐՏԻ 8, Ե՛Վ ԱՊՐԻԼԻ 7»

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

-Կինը չի կարող մեղավոր լինել։

-ՈՒրեմն հաճա՞խ եք ներողություն խնդրում կնոջից։

-Կանանց նկատմամբ երկու զգացմունք ունեմ։ Առաջինը` անսահման հիացմունք, և երկրորդը, անշուշտ, հայցում եմ ներողություն կանանցից իմ և տղամարդկանց բոլոր սխալների համար։

-Օ՜, ես պատկերացնում եմ` օրը քանի անգամ եք ներողություն խնդրում, եթե բոլոր տղամարդկանց մեղքերի համար եք ներողամտություն հայցում։

-Կարծում եմ, Դուք հասկացաք ասածիս անլրջությունը։

-Մեր նախարարների և փոխնախարարների գերակշռող մասը, պարզվում է, հաճախ է ստում կանանց։

-Խոսքը վերաբերում է ամուսինների՞ն, թե՞ պարզապես կանանց։

-Դե, եթե հստակեցնում ենք, եկեք երկու դեպքն էլ դիտարկենք։

-Քանի որ ես դեռ ամուսնացած չեմ, ապա հարցի առաջին մասին կոմպետենտ չեմ։ Ինչ վերաբերում է կանանց, ապա այստեղ պետք է ասելիքս լրջացնեմ` չեմ սիրում սուտը և, բնականաբար, չեմ սիրում ստել։ Եվ ոչ թե նրա համար, որ ես շատ լավն եմ և փորձում եմ ապրել պատվիրաններով, այլ պարզապես դրանում է իմ ազատությունը։ Ես ոչ մեկին պարտք չեմ, առավել ևս կանանց, բացի մեկ բանից` հիանալ, գովերգել նրանց, և այդպես էլ անում եմ։ Եվ քանի որ որևէ մեկի նկատմամբ պարտականություն չունեմ, հետևաբար պարտադրված չեմ ստելու` առաջին հերթին կանանց։

-Բնական է, քանի որ ամուսնացած չեք, գուցե դրանով է պայմանավորված, որ չեք ստում կանանց։

-Ամեն դեպքում ստելը իմ սկզբունքների մեջ չի մտնում։

-Դե, քանի որ Դուք այդքան կնամեծար եք, ուրեմն միամսյակը Ձեզ համար պարտավորություն չէ։

-Շատ կուզեի, որ վերջապես իմ կյանքում հայտնվեր այն մեկը, ում համար տարվա 365 օրը կդառնար և՛ մարտի 8, և՛ ապրիլի 7։ Ամեն օրը կփորձեի տոն դարձնել այն միակի համար, ում կնվիրեմ սիրտս, և իմ ընտանիքի մյուս կին անդամների համար։

-Ձեր այս խոստովանությունից հետո, կարծում եմ, կանանց հերթեր կարող են գոյանալ։

-Դեռ հերթեր չեն գոյացել։

Ճեպազրույցները`

Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ