Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Հովիկ Աբրահամյանի հայտնվելը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին ազդակ էր, որ բանակցողները փոխվեին»

«Հովիկ Աբրահամյանի հայտնվելը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին ազդակ էր, որ բանակցողները  փոխվեին»
29.03.2013 | 00:33

Նախագահի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը շատ վերլուծաբաններ անհասկանալի են համարում։ Քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով, «Ժառանգության» առաջնորդին նախագահական ընտրություններից հետո ընթացող պրոցեսներում առայժմ չի հաջողվում քաղաքական կապիտալի վերածել ընտրություններում ստացած 37 տոկոս քվեն, և Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո այդ տոկոսներն ընդհանրապես կարող են կորցնել քաղաքական արդիականությունը։ Հարցազրույցը Վիգեն Հակոբյանի հետ ներկայացնում ենք ստորև։

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական վարքագիծը։
-Նախագահի ընտրություններից առաջ իշխանության գլխավոր խնդիրներից մեկը նոր ընդդիմության ձևավորման հարցն էր, և կարծում եմ՝ որոշակի վերլուծություններից, հաշվարկներից ու աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների հետ խորհրդակցելուց հետո նախապատվությունը տրվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պետք է դառնար նոր ընդդիմադիր բևեռի առաջնորդ։ Նրան՝ որպես ընդդիմության լիդերի, պետք է ճանաչեին նաև մյուս ուժերը։ ՀՀ քաղաքական պատմության մեջ, երբ որևէ ուժ կամ գործիչ նույնիսկ նախընտրական շրջանում տեսանելի առավելություններ է ձեռք բերում, էլ չեմ ասում՝ բավականին լուրջ տոկոսներ է արձանագրում ընտրությունների արդյունքում, մյուս կուսակցությունները սովորաբար ընդունում են դեֆակտո իրավիճակը և համախմբվում նրա շուրջը։ Այս անգամ իրավիճակն այլ էր. որևէ լուրջ գործուն քաղաքական ուժ կարծես թե չհամախմբվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կամ «Ժառանգության» շուրջը։ Փաստորեն, ընդդիմադիր այդ բևեռն այդպես էլ չձևավորվեց, դրա փոխարեն քաղաքական պրոցեսը վերածվեց ավելի շատ քաղաքացիական կամ հասարակական շարժման։ Այնպիսի տպավորություն է, թե այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը հիմնականում համախմբված են բնապահպանական, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ՀԿ-ներ։ Դա է պատճառը, որ բավականին լայն զանգվածներ, որոնք բնույթով հիմնականում կոշտ բողոքական են, չեն ներգրավվում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած հետընտրական շարժման մեջ. այն իր տեսակով ավելի շատ նմանվում է ոչ թե ավանդական քաղաքական պայքարի, այլ հասարակական սեկտորի գործունեության։
-Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոսը բավականին լուրջ կապիտալ է, որը նա այդպես էլ չվերածեց քաղաքականի։ Ի՞նչն էր պատճառը։
-Ի սկզբանե, երբ իշխանությունները, բնականաբար, տարբեր սցենարներ էին գրում նախագահի ընտրությունների համար, քաղաքական ներկապնակում ընտրություններին մասնակցած ընդդիմադիրների մեջ առաջնորդի նախապատվությունը կարծես թե տրվեց նույն Րաֆֆի Հովհաննիսյանին, անկախ իր կամքից։ Նախատեսվում էր, որ նա բավականին մեծ թվով ձայներ կստանա (այո, գուցե և ոչ այդքան), և որպես արևմտյան արժեքների կրող՝ հայաստանյան պետական քաղաքական դաշտում կկատարի յուրահատուկ «սանիտարի» դեր։ Այսինքն՝ նա կբարձրացնի, ասենք, կադրային հարցեր, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի խնդիրներ, որոնց բարձրաձայնման պայմաններում գործող նախագահը միշտ կարող է պատրվակ ունենալ և, առաջնորդվելով ընդդիմադիր լայն զանգվածների պահանջով, լուրջ բարեփոխումներ կատարել երկրում, որոնք կդիտվեն որպես վերևից իրականացվող հեղափոխություն՝ ներքևների պարտադրանքով կամ ճնշմամբ։ Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը, գուցե ինչ-ինչ վերահսկողական լծակներ ստանալով, պետք է լիներ այդ հարցերը բարձրացնողը, իսկ Սերժ Սարգսյանը, հիմնվելով ժողովրդի պահանջների վրա, դրանց լուծում տար։
-Ինչո՞ւ պետք է նախագահը փոփոխություններ անելու համար արդարացումներ փնտրի։
-Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը թեև բավականին ճկուն գործիչ է, չի սիրում կտրուկ քայլերի գնալ, և ինչպես ինքն է ասում՝ շտապելու է դանդաղ։ Միշտ ինչ-որ հիմնավորումներ պետք է լինեն, թե ինչու է ինքը տվյալ քայլն անում։ Նույնիսկ յուրայիններից ու ենթականերից ազատվելու համար փորձում է կտրուկ քայլեր չանել։ Րաֆֆին այդ կատալիզատորի դերը պետք է կատարեր։ Նրանից հենց դա էլ պահանջվում էր. դառնալ բևեռ ու քաղաքական սուր պահանջներ դնել, որոնք կյանքի կկոչվեին։ Այդ պլանը, կարծում եմ, համաձայնեցված էր և՛ ամերիկացիների, և՛ ռուսների, և՛ եվրոպացիների, ինչպես նաև տարածաշրջանային որոշ կենտրոնների հետ։ Սակայն «Ժառանգության» առաջնորդի հացադուլի հայտարարումը, ըստ էության, ոչ մեկի պլանների մեջ չէր մտնում, քանի որ հետընտրական պայքարը փաստացի կորցրեց քաղաքական բաղադրիչը։ «Դիակի վրայով» անցնելու և նման այլ հայտարարություններից հետո քաղաքական պայքարն ու շարժումը վերածվեցին բարոյական, հասարակական շարժման։ Կարծում եմ՝ ներքևից ճնշման և վերևից բարեփոխումների ծրագիրն իրականացնում էր իշխանության, այսպես կոչված, երիտասարդ տեխնոկրատական կամ պայմանականորեն ասած, բարեփոխիչ թևը։ Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի ղեկավարության հույսերը չարդարացրեց, նախաձեռնությունն իր ձեռքը աստիճանաբար սկսեց վերցնել իշխանության ավանդական, ավելի կոշտ թևը։ Հովիկ Աբրահամյանի հայտնվելը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին ազդակ էր, որ բանակցողները փոխվեին, և երիտասարդների գործառույթներն ավարտվեին։ Չի բացառվում, որ դրանով էր պայմանավորված բարեփոխիչ թևից ոմանց դեսպան նշանակելը, ոմանց էլ՝ արձակուրդ գնալը։ Իշխանությունն էլ իր հերթին հասկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա իրական քաղաքականությամբ չզբաղվի, կոնտակտային դեմքերն էլ կփոխվեն դրանից բխող բոլոր հետևանքներով։
-Այսօր ինչպե՞ս կգնահատեք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կշիռը։
-Հենց որ Րաֆֆի Հովհաննիսյանը փոխեց տակտիկան, բավականին լուրջ վտանգի առջև կանգնեց։ Մինչև Երևանի ավագանու ընտրությունները, քանի դեռ չի ֆիքսվել Րաֆֆի Հովհաննիսյանի իրական տոկոսը, նա կարող է ընդդիմադիր բևեռ ընկալվել և ինչ-որ լուրջ պահանջներ դնել, այդ թվում և՝ իշխանությունը կիսելու շուրջ։ Բայց այն պահից սկսած, երբ կավարտվեն ավագանու ընտրությունները, և ընդդիմադիր դաշտում նոր ստատուս քվո կարձանագրվի, նրա հետ այլևս ոչ ոք նամակագրությամբ չի զբաղվի։ Այդ է պատճառը, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը շտապում է նախկին պլանին վերադառնալ և ստանձնել «սանիտարի» դերը։ Տպավորությունս այնպիսին է՝ եթե մեկ ամիս առաջ իշխանությունը համաձայն էր իր գծած սցենարի տրամաբանության համատեքստում բավականին լուրջ գործառույթներ տրամադրելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա այսօր, կարծում եմ, իշխանությունն էլ իր հերթին է մտածում՝ ինչպես նրան հանել խաղից՝ պահպանելով վերջինիս դեմքը։ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ հասկանում է, որ թեկուզ որոշակի ուշացումով ընտրություններում ստացած տոկոսները պետք է փորձի վերածել որոշ քաղաքական կապիտալի։ Եվ այն բանից հետո, երբ գործող նախագահը գաղտնազերծեց իրենց ամբողջ խոսակցությունը, նույնիսկ պլանները, Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացավ, որ ժամանակն իր դեմ է աշխատում, բանակցային ռեսուրսներն օր օրի մաշվում են, մանավանդ երբ եղանակ ստեղծող գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ավագանու ընտրություններին գնում են առանձին ցուցակներով։
-Ոմանք Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարում տեսնում են գունավոր հեղափոխության տարրեր։
-Գործընթացի արտաքին ձևը գուցե գունավոր հեղափոխության տարրեր է պարունակում, բայց իրականում այն ոչ թե հեղափոխություն էր, այլ գունավոր հակահեղափոխություն, որովհետև իշխանությունների վրա չկա զանգվածային ճնշում։ Իսկ գունավոր հեղափոխության էությունը զանգվածների մեթոդական և հետևողական ճնշմամբ, վարչական և այլ իշխանական ռեսուրսների խարխլմամբ իշխանությունը խաղաղ եղանակով մասամբ կամ ամբողջովին վերցնելն է։ Մինչդեռ այսօր հակառակն է. զանգվածային ճնշման ցանկացած նախաձեռնություն հիմքում մերժվում է, բացառությամբ շաբաթական պարբերականությամբ անցկացվող թույլ էներգետիկայով հանրահավաքների։


Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ