ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, որն այս օրերին գտնվում է Ղազախստանում, «Իրատես de facto»-ի հետ հեռախոսազրույցում, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ քաղաքական և իրավական հետևանքներ կարող է ունենալ ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սահմանադրական դատարան հայց ներկայացնելը, ասաց, որ դա ճիշտ քայլ է:
«Ես գտնում եմ, որ անկախ այն բանից, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ քայլը, դա Հայաստանի Հանրապետությունում ընդունված իրավական պրոցեդուրա է, որով պետք է անցնել: Մենք, ցավոք, մինչ այժմ որևէ նախադեպ չունենք, որ Սահմանադրական դատարանը որևէ ազդեցություն ունենա ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Մեր այն դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը վերջին օրերին բուռն քննարկումների, քննադատությունների առիթ է դարձել սոցիալական ցանցերում, Հովհաննես Իգիթյանն արձագանքեց. «Այդ հանդիպումը, կարծում եմ, որ եղել է ոչ թե գործարքի շրջանակներում, այլ զրույց է եղել այն մասին, թե ինչպես է հնարավոր Հայաստանը հանել ճգնաժամային իրավիճակից»:
«Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է ազատ Հայաստանի, քաղաքացիական հասարակության մասին և միաժամանակ հանդիպում է իշխանության հենասյուներից մեկի` ամենահարուստ օլիգարխի հետ: Որքանո՞վ են համահունչ նրա խոսքերն ու գործողությունները»,- հետաքրքրվեցինք Հովհաննես Իգիթյանից:
«Ես չեմ տիրապետում Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մանրամասներին: Կարծում եմ, որ այդ հանդիպումը գործարք չէ, և Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր քաղաքական ապագան Գագիկ Ծառուկյանի հետ չի կապում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ