ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Ինչու պետք է հինգ հարյուր հազար քվե ստացածն իրեն հաղթող համարի, իսկ ութ հարյուր հազարը` ոչ»

«Ինչու պետք է հինգ հարյուր հազար քվե ստացածն իրեն հաղթող համարի, իսկ ութ հարյուր հազարը` ոչ»
01.03.2013 | 00:40

Վերջին օրերին կազմակերպվող դասադուլներն ի՞նչ են տալիս ուսանողներին` իրենց պահանջները բավարարված տեսնելու առումով: Հարցի շուրջ զրուցում ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-Պարոն Գրիգորյան, Ձեզ համար սպասելի՞ էին այս դասադուլները:
-Կարող եմ ասել, որ դասադուլ ԵՊՀ-ի ոչ մի ֆակուլտետում ո՛չ այսօր, ո՛չ երեկ տեղի չի ունեցել: Մեր բոլոր ուսանողները սովորականի նման մասնակցում են դասընթացներին: Իսկ դասադուլ անելու կոչեր, այո՛, եղել են և այսօր էլ կան։ Հեղինակները մի խումբ մարդիկ են, ովքեր, կարող եմ ասել, հիմնականում դրսից են, իմա` ոչ համալսարանականներ: Դասադուլների կոչերը հնչեցնում են որոշակի քաղաքական ուժեր, որոնց նպատակը երկիրն ապակայունացնելը և իրենց ներքին խնդիրների լուծմանը հասնելն է: Հայաստանում կա հասարակության մի հատված, որը դժգոհ է իշխանություններից, ունի սոցիալական խնդիրներ և իր քվեն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց դա չի նշանակում, թե վերջինս հաղթել է: Ես եղել եմ տեղամասերում և կարող եմ ասել, որ այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից բոլոր առումներով` թափանցիկությամբ, հանգիստ պայմաններում ազատ կամքի դրսևորմամբ:
-Ձեր կարծիքով` ուսանողներն ինչո՞ւ են արձագանքում դասադուլ անելու կոչերին, բայց չեն պայքարում իրենց իրավունքների համար։ Չէ՞ որ նրանք բազում չլուծված խնդիրներ ունեն։ Զորօրինակ` ցածր կրթաթոշակ, ուսմանը զուգահեռ աշխատանք (որպեսզի հասցնեն ուսման համար պահանջվող վճարը մուծել), հաճախ նաև` ոչ որակյալ կրթություն:
-Իսկ ո՞վ ասաց, որ չեն պայքարում, տարբեր առիթներով միշտ հանդիպում եմ, զրուցում ուսանողների հետ։ Նրանք խոսում են տարբեր հարցերից, իրենց դժգոհությունն են հայտնում այս կամ այն բացասական երևույթի վերաբերյալ։ Նրանք հիանալի գիտեն, որ խնդիրներ կան մեր կյանքի բոլոր ոլորտներում, բայց, հավատացած եղեք, նախորդ տարիների համեմատ ուսանողների վիճակը հիմա ավելի բարվոք է: Եթե ուսանողը լավ է սովորում, բայց ուսման վարձավճարին առնչվող խնդիրներ ունի, համալսարանի ղեկավարությունը միշտ էլ գտնում է նրանց ուսման վարձը վճարելու միջոցներ: Չկա՛ մի դեպք, որ լավ սովորող ուսանողը ուսման վարձի չվճարման պատճառով դուրս մնա համալսարանից: Եվ հետո` այսօր սովորող ուսանողների մակարդակը 1993-94-ին սովորող ուսանողների համեմատ մի քանի անգամ ավելի բարձր է:
-Պարոն Գրիգորյան, ԶԼՄ-ներում այսօր հաճախ են շրջանառվում, ավելի ճիշտ (ինձ թող ներեն գործընկերներս)` շահարկվում այն խոսակցությունները, թե բուհերում դասախոսների վրա առկա են կոշտ ճնշումներ` պարտադրում են, որ ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական կազմերը սատարեն իշխանություններին, ավելի ստույգ` իշխող կուսակցությանը։
-Այսօր ԵՊՀ-ում չեք գտնի մի աշխատակցի, որն ասի, թե իրեն ճնշում են քաղաքական հայացքների համար, չկա՛ նման բան: Մեր աշխատակիցների ճնշող մասն ավելի շատ պետականամետ է։ Մարդիկ համոզված են, որ երկրի ապագան պայմանավորված է երկրում տիրող կայունությամբ: Չի կարող անկայուն վիճակ լինել, և հասարակությանը հուզող խնդիրները լուծվեն: Գիտե՞ք, թե ինչ մարտահրավերներ կան մեր տարածաշրջանում, և ինչպիսի ծանր փորձությունների կարող ենք հանդիպել: Այդ բոլորին դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կայունություն: Կուզենայի ինձ ասեիք` ե՞րբ է մեր երկրում այդքան հանդուրժողականություն, ազատ կամարտահայտություն եղել, որքան այսօր: Համամիտ եմ` մարդը պետք է պայքարի իր իրավունքների համար, բայց դա պետք է արվի օրենքի շրջանակներում: ՈՒսանողն այսօր իր կարծիքն արտահայտելիս շատ ավելի համարձակ է, քան երեկ էր: Ես 1966-ից աշխատում եմ մայր բուհում։ Նախկինում երբևէ չեմ տեսել, որ ուսանողն առանց քաշվելու, առանց վախենալու արտահայտի իր կարծիքը: Բուհում հարցումներ են անցկացվում, և ուսանողներն ազատ իրենց դասախոսների մասին կարծիքներ են արտահայտում` ինչպե՞ս է նա դասավանդում, ի՞նչ վարքագիծ ունի և այլն: Բողոքում են նաև կոռուպցիոն երևույթներից, ինչն էլ, թերևս նպաստել է, որ նման դրսևորումները սկսեն ավելի քիչ տոկոս կազմել: Իսկ ինչ վերաբերում է դասադուլ անելու կոչերին, ասեմ հետևյալը. 17-18 տարեկան ուսանողին ծնողն Արմավիրից կամ Հրազդանից ուղարկում է բուհ և համոզված է, որ իր երեխան դասի է նստած: Եվ հանկարծ ինչ-որ մարդիկ գալիս, կոչ են անում, թե դուրս գանք, գնանք փողոցներով երթեր անելու: Որևէ միջադեպի, Աստված մի արասցե, վթարի դեպքում, ծնողը մեր դեմ է, չէ՞, բողոքելու, դրանից բխող բոլոր ածանցյալներով: Դասադուլը հարցի լուծման մեթոդ չէ: Ինչո՞ւ պետք է հինգ հարյուր հազար քվե ստացածն իրեն հաղթող համարի, իսկ ութ հարյուր հազարը` ոչ:
-Պարոն Գրիգորյան, թերևս, գաղտնիք չէ, որ մեր ընտրական համակարգի նկատմամբ կա խոր անվստահություն, ինչի վկայությունն են հենց յուրաքանչյուր ընտրությունից հետո բարձրացող բողոքի ալիքները։
-Այդ անվստահությունը կա, և դա գալիս է 1995-96 թվականների ընտրություններից: Մեր ժողովրդի մեջ մտել է ընտրությունների նկատմամբ անվստահության սինդրոմը և դեռ երկար կպահպանվի: Եթե այսօր նույնիսկ Քրիստոսն էլ գա և ընտրություն անցկացնի, պարտվողն իրեն հաղթող է հռչակելու և իրեն սատարողներին փողոց է հանելու: Տեսեք, ամեն անգամ արտերկրից դիտորդներ են գալիս, իրենց կարծիքները գրում կեղծիքների մասին: Այս անգամ դիտորդները չեն գրել, որովհետև այս ընտրություններն արդար են անցել: Իսկ բոլոր խախտումների դեմը հնարավոր չէ առնել: Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ մի ընտրատեղամասում չունենալով վստահված անձ, ստացել է հինգ հարյուր հազարից մի փոքր ավելի քվե: Դա ինչի՞ մասին է խոսում: Ինչպե՞ս եղավ: Այդ 37 %-ը խոսում է միայն այն մասին, որ այս ընտրություններն արդար ու թափանցիկ են անցել:
-Վերջին մի հարց` որքա՞ն է արժանահավատ համացանցում հայտնված այն տեսաձայնագրությունը, համաձայն որի` ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը դասադուլ անող ուսանողների դեմ հանել է ուսանողների մեկ այլ խմբի և հրահանգում է` զորքը բեր առաջ, տղերքին` ախալքալաքցիներին, բեր առաջ:
-Չեմ կարող ասել, թե դա որքանով է հավաստի, որովհետև համացանցում հայտնվում են այնպիսի իրարամերժ, մեկը մյուսին հակասող նյութեր, որոնց մասին կարծիք հայտնելը, ըստ իս, կդառնա ոչ տրամաբանական:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ