Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Ժողովուրդն ընտրեց հրամանատար, որը համապատասխանում է մեր երկրի կարգավիճակին»

«Ժողովուրդն ընտրեց հրամանատար, որը համապատասխանում է  մեր երկրի կարգավիճակին»
22.02.2013 | 00:30

ՀՀ նախագահի ընտրություններն ավարտվեցին, սակայն պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ արդյունքներին և հանրահավաքներ է հրավիրում: Հետընտրական հնարավոր զարգացումների մասին է զրույցը ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Արշակյան, ՀՀ նախագահի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթեց Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ինքն է հաղթող թեկնածուն, և հաղթանակը պետք է տրվի ժողովրդին: Ըստ Ձեզ` ի՞նչ զարգացումներ են սպասվում: Ձեր կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմությանը համախմբող լիդեր:
-Ես համարում եմ, որ ընտրություններն ավարտվեցին: Այդ մասին հայտարարել են համապատասխան մարմինները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նախնական տվյալներն է հրապարակել: Իրենց նախնական կարծիքներն են հրապարակել ընտրություններին հետևող և վերահսկող կազմակերպությունները: Ես դրանց բոլորին ծանոթ եմ: Այսինքն` խաղի ավարտի սուլիչը հնչել է, խաղն ավարտվել է, և այն ավարտվել է որոշակի արդյունքներով:
Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կարգավիճակին հարիր անձնավորությունը (Հայաստանի Հանրապետությունը ես համարում եմ քաղաքակրթական դիրքապահ երկիր, որը ոչ թե սահմաններ ունի հարևանների հետ, այլ խրամատներով է բաժանված մյուս երկրներից, իսկ խրամատներում գտնվող երկիրը պետք է ունենար ուժեղ մարտիկ նախագահ և հրամանատար): Այսինքն` ժողովուրդն ընտրեց հրամանատար, որը համապատասխանում է մեր երկրի կարգավիճակին: Երկրորդ տեղը զբաղեցրեց հաճելի և բարի մարդը (ես դրանով նույնիսկ հպարտանում եմ): Իսկ դրանով մենք աշխարհին ուղերձ հղեցինք, որ ոչ միայն մարտիկ ու զինվոր ենք, այլև ունենք ընտանիք, հարգում ենք մեր ծնողներին, ինքներս հոգատար ծնող ենք մեր երեխաների նկատմամբ, ճիշտ ժամանակին գնում ենք աշխատանքի, սափրվում ենք, հարդարվում, հետևում մեր քաշին, բարևում անծանոթ մարդկանց: Ընդհանուր առմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ հղեց մեր դաշնակիցներին, որ մենք ուզում ենք լավ ապրել, և մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Ես կարծում եմ, որ բարության և բարեկեցության մրցանակը ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երրորդ տեղը, իմ կարծիքով, զբաղեցրին մյուս թեկնածուները, ինչը ցույց տվեց, որ մենք նաև հումորի զգացում ունենք, գիտենք զվարճանալ: Եվ ես շատ գոհ եմ, շնորհակալ եմ նրանց, որ ինքս մասնակցեցի այս հանդեսին: Բացի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից, որի համար ցավում եմ, շատ հաճելի ընտրարշավ էր:
-Պարույր Հայրիկյանին հնարավորություն էր ընձեռվել փոխելու ընտրությունների ժամանակացույցը, և միգուցե նաև` կանխորոշված ելքը։
-Քանի որ տեղի ունեցածը կապվում է Հայրիկյանի հետ, Հայրիկյանը չէր կարող վնասել Հայաստանին: Այդ ժամանակացույցը նա չէր փոխի: Բարեբախտաբար, նա ողջ մնաց, և ինքն էլ նախընտրեց չփոխել ընտրությունների ժամանակացույցը:
-2008-ին Դուք եղել եք նախընտրական և հետընտրական իրադարձությունների անմիջական մասնակիցը: Ձեր կարծիքով` ի՞նչ դասեր քաղեցինք մենք 2008-ից, ի՞նչ տվեց 2008-ը Հայաստանին և հայ քաղաքացուն:
-Ոչ միայն 2008-ին, այլև բոլոր ընտրությունների ժամանակ ես արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը: 2008-ի ընտրություններում մենք սրբագործեցինք մեր քաղաքացիությունը: Մենք զոհեր տվեցինք (ի դեպ, մեզնից յուրաքանչյուրը կարող էր զոհ լինել), և դրանով քաղաքացիությունը ստացավ մկրտություն: Կարծում եմ, դա միակ դրական բանն էր, որ մնաց այդ ընտրություններից: Կարծում եմ նաև, որ մենք բավականին լուրջ դասեր քաղեցինք այդ ընտրություններից: Այս ընտրությունների կազմակերպիչները հաստատ լուրջ հետևություններ էին արել, դասեր էին քաղել, և այս ընտրությունները նախորդից տարբերվում էին դրական իմաստով: Կարծում եմ, որ հետընտրական պայքարն էլ աչքի չի ընկնի իր անհանդուրժողականությամբ:
-Այնուամենայնիվ, կա հասարակության մի ստվար շերտ, որն ամեն ընտրության ժամանակ սպասելիքներ ունի ընդդիմության լիդերից: Րաֆֆի Հովհաննիսյանը թե՛ գործադիր իշխանության մեջ, թե՛ Ազգային ժողովում միշտ չէ, որ հասկանալի և հստակ դիրքորոշում է արտահայտել քաղաքական ընթացիկ գործընթացների մասին: Նա կարո՞ղ է այս անգամ դիմել որոշակի քայլերի:
-Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց քվեն տված քաղաքացիները համամիտ են նրա այսօրվա դիրքորոշմանը: Նա տարբերվում է մյուս քաղաքական գործիչներից և ներկայանում է որպես այլընտրանքային քաղաքացի: Նա այլընտրանքային քաղաքական մշակույթ է ներմուծում` ներկայանալով որպես բարի մարդ: Իսկ մեր հասարակության մեջ կա այդպիսի վերաբերմունքի կարոտ: Անհանդուրժող, մարտական, բարիկադային կռվի պատրաստ քաղաքական գործիչների կողքին ներկայանում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես նրան չեմ պատկերացնում բարիկադների վրա, չեմ պատկերացնում նաև Զարուհի Փոստանջյանին, Ստեփան Սաֆարյանին բարիկադների վրա, արյան ծարավով, չեմ պատկերացնում Արմեն Մարտիրոսյանին բուլիժնիկը (մայթի սալահատակի քարը) ձեռքին: Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքսեղմումը խորհրդանշական է, և նրան տրված 36 տոկոսից ավելի քվեները մեր խաղաղասեր քաղաքացիների դիրքորոշման մասին են վկայում: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ճիշտ է պահում, որ չի հրահրում քաղաքական անհանդուրժողականություն:
-ՀՀ նախագահի այս մի ընտրության առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ երկիր ղեկավարելու հայտ ներկայացրին անհայտ, քաղաքական փորձ ու կենսագրություն չունեցող անձինք` փորձելով մրցակցային ընտրության պատրանք ստեղծել: Ո՞րն է երաշխիքը, որ հետագայում էլ այդ նախադեպը չի կրկնվի:
-Իմ կարծիքով, ՀՀ նախագահի թեկնածու լինելու հայտ պետք է ներկայացնեն այն անձինք, ովքեր ավարտում են իրենց քաղաքական կարիերան և անցել են քաղաքական գործունեության բոլոր օղակներով` ուսանողական, տեղական ինքնակառավարման մարմիններով, քաղաքային ընտրություններով և այլն: Նրանք պետք է ոչ միայն մշակած լինեն համապատասխան ծրագիր, այլև հասարակության մեջ աշխատած լինեն բազմաթիվ մարդկանց հետ: Նրանք պետք է ունենան աշխատանքային հարաբերությունները կարգավորելու մշակույթ և համարվեն քաղաքական գործիչներ, որոնք ունակ են ղեկավարելու հանրապետությունը: Երկրի ղեկավար լինելու հայտ ներկայացնելը նման է ավարտական վկայագիր ստանալուն: Իսկ ընտրողների` ՀՀ նախագահի թեկնածուին տրված քվեները նրան տրված գնահատականը պետք է լինեն: Իսկ դրա համար նախագահի թեկնածուն պետք է հաշվետվություն տա իր նախորդ քաղաքական գործունեության համար: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո քաղաքական գործիչը դառնում է քաղաքական թոշակառու: Իսկ նրանց մասին, ովքեր առանց այդ ճանապարհն անցնելու հավակնում են երկրի նախագահ դառնալուն, հարգելով թերթի ընթերցողներին, չեմ հնչեցնի այդ գնահատականը:
-Քաղաքական այսօրվա մշակույթի պայմաններում, ըստ Ձեզ` առաջիկայում ի՞նչ վերադասավորումներ են սպասվում, ո՞ր քաղաքական ուժերը հայտ կներկայացնեն 2017-18-ին:
-Մեր քաղաքական գյուղում բոլորս իրար ճանաչում ենք, նույնիսկ ոմանց չենք բարևում: Կարծում եմ, տեղի կունենա սովետական նոմենկլատուրայից մնացած գործիչների պաշտոնանկություն: Նրանք բնական ձևով կհեռանան քաղաքականությունից: Տեղ կբացվի արդեն անկախ Հայաստանում մեծացած, քաղաքական մշակույթ ձեռք բերած, ազատական հայացքների տեր քաղաքական գործիչների համար: Ես կարծում եմ, լավ շանս է բացվելու երիտասարդ քաղաքական գործիչների համար: Մենք այնքան հասունացել ենք, որ կարողանում ենք գնահատել մարդկանց: Մենք տեսնում ենք ոչ միայն հայտարարություններն ու կոչերը, ոչ միայն կրծքանշաններն են մարդկանց մասին խոսում, այլև նրանց գործունեությունը: Եվ մենք կարող ենք սելեկցիա կատարել` դուրս մղելով նրանց, ովքեր քաղաքական գործիչներ չեն և չունեն ծրագրեր: Քաղաքական ասպարեզից պետք է հեռանան ապաքաղաքական ուժերը: Կմիավորվեն կամ առանձին հայտ կներկայացնեն ժամանակին համահունչ ծրագիր ներկայացնող քաղաքական գործիչները: Եվ մենք 2017-18-ին հնարավորություն կունենանք թարմություն տեսնելու քաղաքական դաշտում, որի մեկնարկն այսօր արդեն տրված է:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 3048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ