Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Ընտրելու եմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»

«Ընտրելու եմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»
15.02.2013 | 00:40

«Իրատես de facto» ակումբի հյուրը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին։

-Նախագահական ընտրարշավն ավարտվում է, Ձեր կարծիքով` ի՞նչ առանձնահատկություններ ուներ այս ընտրարշավը, և նախագահական այս ընտրությունները նախորդներից տարբերվո՞ւմ են:
-Նախ` նախորդ նախագահական ընտրություններից տարբերվելու մասին. հիմնական տարբերությունն այն է, որ հիմնազուրկ ու չարդարացված քաղաքական դրդապատճառներով քաղաքական ներկապնակում լուրջ ազդեցություն ունեցող և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող երեք հիմնական ուժերը` ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ, չեն մասնակցում այս ընտրություններին և չեն սատարում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին` իրենց դուրս դնելով Հայաստանի Հանրապետությունում գլխավոր քաղաքական իրադարձությանը մասնակցելուց: Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող հիմնական քաղաքական ուժերի նման վարքագիծը հանգեցրել է ՀՀ քաղաքական դաշտի մի նոր որակական իրավիճակի ձևավորմանը, որի հիմնական բնորոշիչն արդեն ՀՀ գործող նախագահի հաղթանակի անվիճարկելի հնարավորությունն է, ընդ որում` նույնիսկ առանց որևէ քաղաքական, տնտեսական և այլ կարգի ուժերի գործուն աջակցության:
-Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը նախընտրակա՞ն տրամաբանության մեջ էր, թե՞ նրա անձի հետ է կապվում:
-Որևէ հակաիրավական գործողություն չի կարող տեղավորվել նախընտրական տրամաբանության մեջ, իսկ ինչ մնում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառներին` նախաքննական մարմիններն աշխատում են և, կարծում եմ, հարուցված քրեական գործի արդյունքում կտան իրենց գնահատականը:
-Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը նո՞ր տեխնոլոգիա է ընտրապայքարում, և Ձեր գնահատականով` ընտրություններից հետո նա կմնա՞ քաղաքական ասպարեզում:
-Ամեն ոք ինքն է ընտրում ընտրապայքարում իր մարտավարությունը: Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ընտրել է պայքարի այդ ձևը, որը ես անձամբ չեմ խրախուսում, և եթե իմ հորդորն ընդունելի է, ապա կոչ եմ անում և խնդրում Անդրիաս Ղուկասյանին` դադարեցնել հացադուլը: Ես ճանաչում եմ նրան որպես պարկեշտ ու ազնիվ մարդու, ինքը պետք է որոշի քաղաքական ասպարեզում իր տեղի ու դերի հարցը:
-Ինչպե՞ս եք գնահատում մյուս թեկնածուների շանսերը: Չունե՞ք տպավորություն, որ նրանց որոշակի մասն առաջադրվել է սոսկ առաջադրվելու համար և իրականում նախագահ դառնալու մտադրություն չունի:
-Առաջին հարցի պատասխանում անդրադարձել եմ թեկնածուների շանսերին, իսկ թե ինչու են նրանք առաջադրվել և ինչ հավակնություններ ունեն, կարծում եմ, դա նրանց պատասխանելիք հարցն է, միաժամանակ չեմ ցանկանում, որ իմ կարծիքը փոխի այսօրվա դրությամբ նրանց վարկանիշը:
-Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
-Գործող նախագահի վերընտրությունից հետո նրա համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում անկաշկանդ գործելու և ձևավորելու այնպիսի իշխանական համակարգ, որն ի զորու կլինի վերադարձնելու ժողովրդի հավատն առ իշխանություն և լուծելու Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած ազգային-պետական կարևորագույն խնդիրները:
-Ներքին ու արտաքին ի՞նչ խնդիրների է բախվելու նոր նախագահը:
-Այս հարցի պատասխանը բավականին բարդ է ու երկար, և այն հնարավոր չէ ներկայացնել մեկ հարցազրույցում, բայց նշեմ, որ ներքին խնդիրների լուծման հիմնական կռվանը արդարության նկատմամբ հասարակության հավատի վերականգնումն է, իսկապես ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը: Արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերը մնում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը:
-Թեև ընտրությունը փակ, գաղտնի է, կասե՞ք, թե ում եք տալու Ձեր ձայնը:
-Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
-ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի Ձեր պաշտոնում Ձեզ փոխարինեց Վիկտոր Դալլաքյանը, ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը:
-Պարոն Դալլաքյանի աշխատանքը ես չէ, որ պետք է գնահատեմ: Նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է, որն իրականացնում է նաև ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պարտականությունները, և նրա աշխատանքը գնահատողը ՀՀ նախագահն է և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
-Ձեզ մշտապես համարել են Ռոբերտ Քոչարյանի համակիր, այդպե՞ս է:
-Ես բազմիցս եմ նշել, որ շատ լավ հարաբերություններ ունեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ու զարմանում եմ, որ այս պնդումը ոմանց մեջ շոկ է առաջացնում` անկախ նրանից, որ հարցնողներից շատ շատերն ավելի երկար ժամանակ ու ավելի ջերմ հարաբերություններ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն. մարդկային հարաբերությունները որևէ կերպ չեն կարող պայմանավորված լինել մարդկանց սոցիալական ու քաղաքական տվյալ պահի կարգավիճակներով: Ես նույնքան լավ ու ջերմ հարաբերություններ եմ պահպանում նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
-Ի՞նչ եք անում հիմա և ի՞նչ եք մտադիր անել հետո:
-Հիմա հարցազրույց եմ տալիս Ձեզ, իսկ հետոյի մասին կասեմ մյուս հարցազրույցի ժամանակ:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ