«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ:
-Դուք հավատո՞ւմ եք սենսացիաներին:
-Այն, ինչ այսօր անվանվում է սենսացիա, նախկինում կոչվում էր հրաշք և մարդկային կյանքի ու էության շատ կարևոր մասն էր կազմում: Մարդն ուրիշ էր, ուրիշ հայացքով էր նայում աշխարհին և աշխարհից սպասում էր հրաշք` որպես ապացույց, որ իր պատկերացումները ճիշտ են: Իսկ նա պատկերացնում էր է՛ աշխարհ և անէ՛ աշխարհ` երկու աշխարհներում էլ ապրում էր: Մենք ապրում ենք է՛ աշխարհում, որտեղ կարող են լինել միայն սենսացիաներ, հրաշքներ լինել չեն կարող:
-Դուք շրջանցեցի՞ք հեքիաթի փուլը, հրաշքներն ինչ-որ ժամանակ հեքիաթ էին անվանում:
-Կարող էին անվանել, բայց մարդն ավելի չհարստացավ հեքիաթներից: Ցինիզմին միախառնված պրագմատիզմի շնորհիվ եղան նաև ձեռքբերումներ, և հիմա մարդը շատ ունակություններ ունի և է՛ աշխարհում, և անէ՛ աշխարհում: Մնում է մարդկային էությանը վերադառնա: Չարենցի ասած` «Անէ աշխարհի քնքշությունը իմ» թողնել մի կողմ և զբաղվել ավելի լուրջ գործերով:
-Քաղաքականությունը ո՞ր աշխարհում է:
-Այն քաղաքականությունը, որին ականատես ենք, սենսացիաների աշխարհի երևույթ է և պետք է լինի սենսացիոն, այդ պատճառով անդադար նկարահանում են, թե որ քաղաքական գործիչը ինչ խայտառակ վիճակում հայտնվեց, փորձում են ներքաշել կանանց և ոչ միայն նրանց:
-Ինչպե՞ս պիտի քաղաքականությանը վերադարձվի բուն բովանդակությունը:
-Մարդը նախ պետք է հասկանա, որ ցանկանա վերադարձնել իր բուն իմաստը ամեն ինչին, այդ թվում` քաղաքականությանը: Ճանապարհներից մեկը. մարդը սկսում է մտածել, հասկանալ, ինչը դժվար գործ է այսօրվա աշխարհում, որտեղ գլխավորը վազել, պոկել, թռցնել, նվաճելն է: Երկրորդ ճանապարհը. վազել-պոկել-թռցնել-նվաճելը բերում է այն բախումներին ու աղետներին, որի մեջ հայտնվել է մարդը, և անելանելի վիճակում մարդը հարկադրված է փնտրում սկիզբը, այսինքն` կրկնվում է հայտնի պատմությունը` մինչև դժոխքի դուռը չտեսնես, «Փրկեա, տեր»-ը չես հիշի:
-Հայաստանի քաղաքական դաշտը հասե՞լ է դժոխքի դռանը, թե՞ դեռ չի էլ գիտակցել դռան գոյությունը:
-Դժոխքի դռանը սրընթաց մոտենում ենք ոչ միայն քաղաքականության մեջ: Այն, ինչ անվանվում է քաղաքական դաշտ, մարդիկ են, որ պատասխանատվություն են ստանձնել: Այսօր այդ դաշտում ընդունված է գործել բացարձակ անպատասխանատու: Այսինքն` ես ունեմ խնդիր շքեղ հագուստ գնելու ընտանիքից ներս կամ դուրս մի դիցուհու համար, նոր մեքենա, Դուբայ մեկնելու և վերադառնալու, մի քիչ էլ առաջընթաց կարիերայում, մի քիչ էլ փառք ու ճանաչում, ու` վերջ:
-Վա՞տ է, բնական, մարդկային, միջինացված երջանկության մոդելն է:
-Այո, իհարկե, բայց ոչ քաղաքական գործչի համար, որովհետև երբ նա ասում է, որ պատասխանատու է, մարդիկ կամա-ակամա սկսում են նրան վստահել, երեքը, թե երեք միլիոնը, կարևոր չէ: Վստահողներին խաբողները Դանտեի դժոխքում իններորդ պարույրում են, ավելի ծանր մի տեղ, քան մարդասպանները, մարդակերները:
-Դանտե՞ն չէր ասում, որ լավագույն մտադրություններով սալարկված են դժոխքի ճանապարհները:
-Մտադրությունը և խաբեությունը տարբեր են, մարդուն չի կարելի ձեռնունայն թողնել: Հակառակը անվանում են ճակատագրի հարված, վերագրում են զանգվածների բարբարոսությանը և այլն, և այլն: Ես վերջերս խիստ դատապարտել էի ռուսական եկեղեցուն` Նիկոլայ Երկրորդի ընտանիքի սրբացման համար, որովհետև նրանց նահատակությունը գնահատվել է իբրև բոլշևիկյան բարբարոսության դրսևորում: Բայց մոռացվել է, որ երբ այդ ընտանիքի հայրը երկրի կառավարման պատասխանատվություն էր վերցնում, պետք է տեղյակ լիներ, որ Ռուսաստանում կատարվող բոլոր սանձարձակությունների համար ինքը մեղավոր է:
-Դուք «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»-ը համարում եք արդա՞ր:
-Համարում եմ-չեմ համարում, այդպիսին է աշխարհը: Ես չեմ ընդունում երկրաշարժերը, բայց նրանք կան: Ինձ դուր չի գալիս բռնությունը, բայց բռնությունը կա: Իսկ պարբերական բռնությունը կուտակում է ատելություն, որը վերադառնում է, և պետք չէ հարցնել, թե ո՛վ արեց: Այսօրվա աշխարհի տերերն անընդհատ, աշխարհով մեկ ձևավորում են բռնություն: Հայաստանը բացառություն չէ:
-Եթե տեսությունից գործնականին վերադառնանք, Ձեր կարծիքով` ԲՀԿ-ի հայտնի հայտարարությունը ցրե՞ց, թե՞ ավելի խորացրեց անորոշությունը:
-Անկախ այն բանից, թե ԲՀԿ-ն ինչ կորոշեր, Հայաստանում կյանքը կանգ չէր առնելու: Ե՛վ ԲՀԿ-ն, և՛ նրա մրցակիցները գործում են նույն դաշտում` ամեն գնով հարստություն կուտակելու: Հին հայկական արտահայտություն կա` «չաղ, ուրախ, բախտավոր», երբ մարդիկ առաջնորդվում են այդ կարգախոսով ու մյուսներին էլ ասում են` հետևեք մեզ, դուք էլ կլինեք մեզ նման, լավ ոչինչ մի սպասեք: Այսօր բոլոր կուսակցություններն անխտիր «Բարգավաճ Հայաստան» են իրենց միօրինակ տեսլականով:
-Միօրինակ ապահովությա՞ն:
-Ապահով բառն ուղղված է կողմնակիցներին, ոչ մի ապահովություն կյանքը չի խոստանում: Հայաստանը բոլորովին այլ մարտահրավերների առաջ է կանգնած. ցանկացած արտաքին ուժ կարող է օգտագործել այսօրվա վիճակը: Հիմա բոլորը հանգիստ շունչ քաշեցին, թե ԲՀԿ-ին հնարավոր եղավ չեզոքացնել:
-Բայց այդպե՞ս է:
-Բոլոր դեպքերում ժողովուրդը խորապես հիասթափված է, որովհետև կորցրած է համարում այն գործիքը (իսկ ժողովրդի համար միևնույն է` որ քաղաքական ուժը կամ որ քաղաքական գործիչը դա կանի), որ պիտի իրեն այս վիճակից հաներ: Այդ հիասթափությունն ազդում է տվյալ քաղաքական ուժի հնարավորությունների վրա, բայց չի ազդում արտաքին ուժերի հնարավորությունների վրա, որոնք կցանկանան օգտագործել այդ քաղաքական ուժը որպես գործիք: Երկրում անհրաժեշտ են փոփոխություններ, փոփոխությունները կկատարի իշխող ուժը, այլ քաղաքական ուժեր, թե դրսից կկատարվի, ժողովրդի համար միևնույն է:
-ԲՀԿ-ի հայտարարությունը, որ նախագահական ընտրություններին չի մասնակցում, որ որևէ քաղաքական ուժի չի աջակցում, չի պատասխանում այն հարցին, թե Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը ի՞նչ է ուզում: Գնում է դեպի ընդդիմադի՞ր դաշտ, մնո՞ւմ է այլընտրանքի կարգավիճակում, ընտրություններից հետո կոալիցիա՞ է կազմում իշխանության հետ: 500000 մարդ չեն կարող մեկ մարդու նման նույն որոշումն ունենալ, ի՞նչ պիտի նրանք ընտրեն:
-Մենք դիտարկում ենք մոտակա հանգրվանից` նախագահական ընտրությունների, և ասենք թե` այսօրվա իշխող ուժն այդ հարցերը կարգավորեց այս կամ այն ձևով, բայց պրոբլեմային դաշտը մնում է. ամեն պահի ցանկացած պայմանավորվածություն կարող է դրժվել, որովհետև այդ մարդկանց չի հետաքրքրում ոչինչ, բացի կերակրատաշտից, և չի միավորում ոչինչ, լծակներից բացի: Չկա ոչ մի սրբություն, չկա ոչ մի գաղափար: Նույն ուժը, անկախ իր տեղից, կարող է օգտագործվել տարբեր նպատակներով:
-Դա քաղաքական ճկունությո՞ւն է կոչվում, թե՞ անսկզբունքայնություն:
-Դա ընդհանրապես քաղաքականություն չէ, դա տնտեսական գործունեություն է, ընդ որում` արդի աշխարհի տեսանկյունից, երբ ամեն մեկի ճարպկությամբ է որոշվում իր տեղը: Մարդիկ իրենք են որոշել, որ ուզում են ապրել այդպիսի աշխարհում: Եթե շարքային մարդը չի կարող ասել, որ ինքն է ընտրել, իրեն փաստի առաջ են կանգնեցրել, աշխարհի հզորները կարող են ընտրել: Երկրի ղեկավարը կարող է փոխել, բայց նա էլ է գերի դառնում իշխող տրամաբանությանը: Հայաստանում 10-15 տարի առաջ սկսվեց հրապարակային ճոխ սպառման ժամանակը, երբ ունեցած-չունեցածն ի ցույց են դնում, ինչը բացահայտ լպիրշություն է: Այսօրվա աշխարհի հարուստն անպայման պետք է հսկայական թվով մարդկանց սոված թողնի, առանց աշխատանքի:
-Ինչո՞ւ այսօրվա: Աշխարհում միշտ էլ եղել են ուտողներ և ուտվողներ:
-Նախկինում կային հիմնավորումներ, թե ինչու պիտի լինեն ուտողներ ու ուտվողներ. կառավարումը բարդ գործ էր, շատերին անհասու, կար հսկայական անգրագետ զանգված և գրագետների շատ փոքր շերտ: Այսօր գրագիտությամբ ոչ մեկին չես զարմացնի, գուցե հին աշխարհի պարզությունից ու ներդաշնակությունից շատ կորուստներ են եղել, բայց մարդը գնում է նոր պարզության ու նոր ներդաշնակության որոնման: Ադամը դրախտից դուրս եկավ, որ իմաստնություն ձեռք բերի և վերադառնա դրախտ որպես իմաստուն:
-Իսկ եթե ընթացքում կորցնի՞ դրախտի ճանապարհը: Գայթակղությունները շատ են, իմաստունը կարող է և չար մարդ լինել:
-Միշտ էլ եղել են նրանք, ովքեր կապը չեն կորցրել: Հիշեցումն անդադար է: Երբ դրախտի հիշեցումը խամրում է, դժոխքը դառնում է ուսուցանող համակարգ` ուսուցանում է և՛ լույսի աշխարհի, և՛ մթի աշխարհի երևույթը:
-Ի՞նչը պիտի մարդուն մղի ճիշտ ընտրության, մարդը միշտ ուզում է լավ ապրել: Ո՞րն է չափանիշը:
-Մարդը երկար ժամանակ առաջնորդվելով չաղ, ուրախ, բախտավոր կյանքի սկզբունքով` ունեցավ այն, ինչ ունի այսօր` ծավալուն ցնցումներ ամբողջ աշխարհում: Տարբերությունն այն է, որ Իսպանիայում նա ասում է` ես ապստամբ եմ, որովհետև դու ինձնից շատ չպետք է ուտես, Հայաստանում իրական, խորքային ապստամբների բազմություն է առաջացել, որն ասում է` ուտելու սկզբունքը սխալ է, մարդն ուտում է, որ ապրի, ոչ թե ապրում է, որ ուտի: Հայաստանում այդ ընկալումը սրընթաց զարգանում է, և Հայաստանն առաջիններից մեկն է նոր մարդու աշխարհը ձևավորելու: Հայ մարդն ուզում է, որ իր երեխան տաղանդավոր լինի, սիրված լինի, և ամեն ինչ անում է զավակի համար, բայց մեկ էլ` շլացած շրջապատի թոհուբոհով, երեխայի համար թանկարժեք իրեր է գնում, մեքենա, տուն և դժբախտացնում է նրան` պարտադրելով կեցության ուրիշ լուծումներ: Ես շատ զույգեր գիտեմ, որոնց երեխաները եվրոպաներում են, որովհետև այնտեղ սպառման և արկածների ավելի մեծ ընտրություն կա:
-Գուցե Եվրոպայում քաղաքակրթական այլ մոդել է գործում, և այդ մոդելն ինքնարտահայտման մեծ հնարավորություններ է տալիս: Ես կարող եմ հայտնի մարդկանց տասնյակ օրինակներ բերել, որ, հայկական միջավայրում ինքնարտահայտման հնարավորություններ չունենալով, հայրենիքից դուրս հասան հաջողության, միաժամանակ կարող եմ տասնյակ այլ, ոչ պակաս տաղանդավոր մարդկանց թվարկել, որ մնացին հայրենիքում և ոչնչի չհասան: Գուցե խնդիրը մթնոլո՞րտն է, միջավա՞յրը նաև:
-Ես խոսում եմ հարուստների մասին, Դուք խոսում եք տաղանդների մասին: Արևմուտքի տաղանդը տաղանդավոր մարդկանց ինքնարտահայտման շանսեր տալն է, բայց դա կատարվում է ամբողջ աշխարհը քամելու միջոցով, որ նվազագույնը սրիկայություն է:
-Ո՞րն էր, Ձեր կարծիքով, բազմամշակութայնության նպատակը:
-Եվրոպան միշտ մրցակցել է անգլոսաքսերի հետ, և այդ տեսակետից հնարավորն արվել է, որ առավելագույնս հեռանա եվրոպական քաղաքակրթությունից: Այսօրվա Եվրոպան քիչ ընդհանրություններ ունի եվրոպական քաղաքակրթության հետ:
-Ինչո՞վ եք բացատրում, որ Արևմտյան Եվրոպայի բոլոր պետություններն ունեն ժողովրդագրական սուր պրոբլեմ: Հռչակելով բազմամշակութայնության քաղաքականությունը` ժողովրդագրական խնդի՞ր էին ուզում լուծել, էժան աշխատուժի ապահովմա՞ն: Աշխարհում սրընթաց աճում է մուսուլմանների թիվը, այսօր դեռ քրիստոնյաները թվով գերակշռում են, բայց դա ժամանակի խնդիր է միայն. քաղաքակրթությունների բախման վտանգ չե՞ք տեսնում:
-Կա երկու կրոնների էլ կեղծ դրսևորում: Քրիստոնեությունը, որ տիրում է աշխարհում, քրիստոսության հետ որևէ աղերս չունի, դարձել է հիմնարկային մի համակարգ, ուր զբաղվում են ամենատարբեր հարցերով:
-Այսինքն` կրոնական հիմքից հեռացե՞լ ենք:
-Քրիստոսի ապստամբությունը ապստամբություն էր մեռյալ հոգու աշխարհի դեմ: Նա ապրում էր հավատի աշխարհում, իսկ մարդու հոգին մեռած էր, և նրա ամբողջ ուսմունքը նվիրված էր հոգու վերակենդանացմանը: Իր սիմվոլիկ վերակենդանացումը կենդանի հոգու պահանջն է: Այսօրվա քրիստոնեական աշխարհը հոգու անդադար սպանություն է, դա ոչ թե քրիստոնեություն է, այլ հակաքրիստոնեություն, հերթական մեռած հիմնարկ: Բոլոր ինստիտուտները, գաղափարները, համակարգերը չեն աշխատում. ինչպես կարող է կեղծ քրիստոնեությունը իսլամի հետ համադրվել: Իսլամն էլ ունի խորքային և կեղծ դրսևորումներ: Խորքային իսլամը տեսնում է քրիստոնեական կեղծիքը և փորձում զերծ մնալ` մերժելով որևէ առաջադիմություն, որովհետև վախենում է` տեսնելով ուր է տանում առաջադիմության ճանապարհը: Բայց դա ևս ճանապարհ չէ, որովհետև չես կարող կյանքը կանգնեցնել: Սուֆիականությունը, օրինակ, ասում է` եթե մարդու սրտում փորձես տեղավորել Արարչին իր ողջ արարի հետ, նա այդ սրտի մի փոքրիկ մասը միայն կզբաղեցնի: Քրիստոնեական աշխարհը` լինելով լիդեր, ստեղծել է իսլամի տարբեր տեսակներ, որ լուծի այս կամ այն ընթացիկ խնդիրը, հետո դրանք մեծացել են ու հարվածում են իրենց ստեղծողներին: Իրական քրիստոնեական աշխարհը շատ հստակ գիտի ելքը` Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ մարդը պետք է ձեռք բերի կենդանի հոգի:
-Մայաների նշած աշխարհի վերջը գուցե հենց դա է: Մինչ մենք ամեն ինչ պատկերացնում ենք նյութական մակարդակում, գուցե նրանք հենց հոգեկան աշխարհի վերաիմաստավորումն ու վերագտնումը նկատի ունեն, որ հնարավոր է միայն որոշակի վերջից հետո:
-Նյութականն աստվածացրած աշխարհը, Ոսկե հորթի աշխարհը չի կարող հարատևել:
-ՈՒ հիմա սպասում ենք պատվիրաններ բերող Մովսեսի՞ն:
-1998 թ. արդեն կար անգլիական թագուհու Հայաստանի հայեցակարգը, որ նախագահի պաշտոնը դարձնում էր սիմվոլիկ, մեր երկրի հոգեկերտվածքը կրող, ողջ խորքը, բարոյականությունը, սկզբունքները կրող մեկը կարգվում էր նախագահ, իսկ վարչապետն ու խորհրդարանը զբաղվում էին երկրի կառավարմամբ: Մեծ Բրիտանիայի թագուհին ունի անծայրածիր իշխանություն` իշխանություն չունենալով նեղ իմաստով: ՀՀԿ-ն կոնսոլիդացիա՞ էր ուզում, նման մեկին ընտրեր նախագահ, իսկ կուսակցության ղեկավարին դարձներ վարչապետ, ինչո՞ւ ոչ:
-Ոչ, որովհետև ոչ միայն ՀՀԿ-ն, նաև հասարակությունն է շատ պրագմատիկ` հասկանալու, որ այդ անծայրածիր իշխանությամբ անհատին մեկուսացնելու և վարչապետին ամենաթողության իրավունք տալու համար ոչինչ չի խանգարում: Հայաստանում չկան այն գիտակցությունն ու մթնոլորտը, որ սահմանադրություն չունեցող Մեծ Բրիտանիայում կա` իր խորհրդարանով ու միապետով:
Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ