Միացյալ Նահանգներ կատարած այցի, Ջո Բայդենի հետ հանդիպման մասին մեկ-երկու հարց Տիգրան Սարգսյանին տալու մեր մի քանի փորձերը ՀՀԿ համագումարի սկզբում պսակվեցին անհաջողությամբ: Այնուհանդերձ, լրագրողների ձեռքից մի կերպ «մազապուրծ» վարչապետին ՄՀՀ «անվտանգության դռներն» անցնելիս մեզ հաջողվեց «բերման ենթարկել»: Մինչ ավտոմեքենայից կիջներ Սերժ Սարգսյանը, վերջինիս դիմավորող ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հասցրինք մի քանի հարց ուղղել:
-Պարոն Սարգսյան, Սերժ Սարգսյանի նախորդ նախընտրական արշավից հետո Դուք հանդիպել էիք ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հետ, այս անգամ` նախընտրական կամպանիայից առաջ հանդիպեցիք Ջո Բայդենի հետ. դա Ձեր առաջի՞ն հանդիպումն էր:
-Այո:
-Ի՞նչ տպավորություն ստացաք. ասում են` նա ամերիկյան վարչակազմի հին և ծեր քրմերից է, որ փորձում է աշխարհի վրա թողնել մասամբ էքսցենտրիկ գործչի տպավորություն, սակայն իրականում բավականին հմուտ, մտքի լուրջ գեներացիայով այր է, որ հանդիպումների է գնում առանց թղթի: Ձեզ հետ հանդիպմանը` ևս, չնայած Հայաստանի մասին բավականին տեղեկացված է եղել:
-Դուք էլ «տեղեկացվա՜ծ» եք… Տպավորությունը, իսկապես բավականին մեծ էր, որովհետև նա, իրոք, փորձառու, ճանապարհ անցած գործիչ է, և նրա քաղաքական մեսիջները բավականին կարևոր են բոլորիս համար: Այն է` Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությունում սկսված բարեփոխումների ընթացքին:
-Ի դեպ, Ձեր և իր հանդիպման մասին Բայդենը գրել է թվիթերյան իր էջում. այն է` Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և փոխադարձ հարաբերությունները խորացնելու ծրագրեր: Այդ ի՞նչ «խորացող» հարաբերություններ և «հետաքրքրություններ» ներկայացնող հարցեր են. որքան մենք ենք «տեղեկացված», և ինչի մասին չի գրվել Թվիթերում, այն է, որ նա աջակցություն է հայտնել նաև հայաստանյան երկու գործիչների` Սերժ և Տիգրան Սարգսյաններին: Այդպե՞ս է:
-Ջո Բայդենն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքին, երկկողմ հարաբերությունների զարգացման ծրագրերին:
-Խոսակցություններ կան, որ առաջիկայում մեկնելու եք Մոսկվա:
-Ոչ, առաջիկայում նման այց չկա պլանավորված:
-ԱՄՆ-ում Դուք հանդիպել եք նաև «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն Դենիել Յոհաննեսին: «Տեղեկացվածություն» կա, որ «Հազարամյակները» կրկին վերսկսելու է իր աշխատանքները Հայաստանում: Կա՞ն նման պնդումների հիմքեր: Եթե այո, ապա ե՞րբ:
-Այո, հարցը ես բարձրացրել եմ պարոն Յոհաննեսի հետ հանդիպման ժամանակ, ասել, որ մենք լի ենք վճռականությամբ` բարելավելու մեր ցուցանիշները տնտեսական ռեֆորմների շնորհիվ և ստանալու լուրջ արդյունքներ: Գարնանն անդրադառնալու ենք այս խնդիրներին` մեր գործընկերների հետ` կրկին Միացյալ Նահանգներում:
Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ