Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Այս ընտրություններին հայությունը չպետք է քվե տա ո՛չ Ռոմնիին, ո՛չ էլ Օբամային»

«Այս ընտրություններին հայությունը չպետք  է քվե տա ո՛չ Ռոմնիին, ո՛չ էլ Օբամային»
19.10.2012 | 12:30

«Իրատես de facto»-ի հյուրն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ:

(սկիզբը` այստեղ)


-Պարոն Սասունյան, Դուք այն կարծիքին եք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, խիզախ արտաքին քաղաքականություն չի վարում: Առհասարակ, որևէ փոքր երկիր կարո՞ղ է իրեն վերապահել խիզախ լինելու իրավունքը արտաքին աշխարհի, հզոր երկրների առաջ:
-Այո՛: Դա շատ կարևոր հարց է, և ես չեմ ուզում սխալ հասկացվել: Ինքս էլ լավ գիտեմ, որ Հայաստանը փոքր երկիր է և չի կարող իրեն պահել հզոր երկրի նման: Ասածս այն է, որ, լինելով փոքր երկիր, Հայաստանն իր փոքրությանը համապատասխան չի վարվում: Վարվում է ավելի թույլ, քան իր հնարավորություններն են ենթադրում: Եթե մեկը կատվի ուժ ունի, չի կարող վագրի կամ առյուծի նման վարվել: Վագրերն ու առյուծները նրան պարզապես կհոշոտեն, կոչնչացնեն: Բայց եթե կատու ես, պիտի կատվի ուժով վարվես, ոչ թե մկան: Սա է ասածս:

-Դուք ծնվել եք Սիրիայում` Հալեպում, և բնականաբար, առավել հետաքրքրված պիտի լինեք այդ երկրի ու նրա հայազգի բնակիչների ճակատագրով: Այս դաշտում ի՞նչ հեռանկարներ եք կանխատեսում:
-Առաջին իսկ օրից` մոտ մեկ ու կես տարի առաջ, երբ Սիրիայում սկսվեցին այս խնդիրները, ես խորապես մտահոգված էի դրանցով: Յուրաքանչյուր նոր օրն ավելի ու ավելի է մտահոգում ինձ: Մեր համայնքի կրած վնասներն օր օրի շատանում են: Ավելի ու ավելի է թեժանում կռիվը Սիրիայում: Հիմա էլ մտածում եմ, որ առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում ավելի կխորանա այս պայքարը, կավելանան մեր հայրենակիցներին պատճառված վնասները: Այս ընթացքում ամենքս էլ փորձում ենք ինչ-որ բանով օգտակար լինել սիրիահայերին: Պետությունն իր կողմից է անում ինչ-որ բան, սփյուռքն ու առանձին անհատները` իրենց: Ինչ-որ անում ենք, լավ է, որ անում ենք: Բայց դա բավարար չէ: Ավելի մեծ մասշտաբով պիտի քայլեր ձեռնարկենք: Եթե հիմա օգնում ենք հազարավոր դոլարներով, ապա պիտի այդ օգնությունը հասցնենք ոչ թե միլիոնավոր, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների: Պիտի օգնենք թե՛ նրանց, որ մնում են իրենց տեղերում, թե՛ նրանց, որ տեղափոխվում են Հայաստան կամ այլ երկիր: Միակ ձևն այն է, որ այս տարվա հեռուստամարաթոնի հասույթն ամբողջությամբ ուղղվի սիրիահայ համայնքի կարիքներին:

-ՀՀ վարչապետը քննադատեց Ռուսաստանի Դաշնության «Հայրենակիցներ» ծրագիրը, որի պատճառով Հայաստանը լքել ու լքում են հազարավոր հայեր: ՀՀ-ում ՌԴ դեսպան Կովալենկոն էլ հակադարձեց Տիգրան Սարգսյանին` վկայակոչելով այն փաստը, որ Հայաստանից առավել մեծ թվով հայեր են մեկնում ԱՄՆ` «Գրին քարտով»: Որպես հայ մարդու` Ձեզ համար կա՞ տարբերություն, թե հայրենիքից հատկապես որ երկիր են գաղթում հայերը:
-Ինձ համար ամենակարևոր և ամենամտահոգիչ հարցը, իբրև հայ մարդու, հայրենիքից արտագաղթի հարցն է: Դրանից դուրս ավելի կարևոր խնդիր մեզ համար չկա: Հենց պետությունն պիտի ամեն ինչ անի, որ արտագաղթը կասեցնի: Իսկ կասեցնելու ամենաճիշտ միջոցը մարդկանց աշխատանքով ապահովելն է: Եթե աշխատանք չլինի, կարտագաղթեն: Եթե տնտեսությունը վատ վիճակում է, ժողովուրդն աշխատանք չունի, և մարդիկ ստիպված արտագաղթում են, այս պարագայում երկրորդական հարց է, թե որ երկիր են արտագաղթում: Անշուշտ, նախընտրելի է, որ մոտակա մի երկիր արտագաղթեն: Բայց արտագաղթողը չի հետաքրքրվում երկրի մոտ կամ հեռու լինելով: Նրա համար կարևորն այն է, որ գնա մի այնպիսի երկիր, որտեղ կկարողանա աշխատանք գտնել: Ռուսաստանո՞ւմ է այդ հնարավորությունը, կգնա Ռուսաստան, Ամերիկայո՞ւմ է` Ամերիկա: Այս հարցի շուրջ վեճերն անիմաստ վեճեր են: Գլխավորը մեր ժողովրդին գնալուց հետ պահելն է: Պետք է այստեղ վիճակը բարելավեն, որպեսզի մարդիկ մնան հայրենիքում` իրենց տներում: Ոչ թե վիճեն այն հարցի շուրջ, թե որ երկիր արտագաղթելն է գերադասելի` Ամերիկա՞, Ռուսաստա՞ն, թե՞ մեկ ուրիշ: ՈՒր էլ գնան, վատ է մեզ համար:

-Որպես քաղաքագետ` արցախյան պատերազմի վերսկսումը հնարավոր համարո՞ւմ եք:
-Ես այն տեսակետին եմ, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք, կարողանանք դիմակայել հավանական որևէ հարձակման: Պատերազմից խուսափելու լավագույն ձևը հուսալիորեն պաշտպանված լինելն է: Եթե թշնամիդ իմանա, որ լավ պաշտպանված ես, երբեք չի հարձակվի: Իմ կարծիքով` ազերիները չեն հարձակվի մոտ ապագայում, որովհետև պատրաստ չեն հարձակվելու: Եթե հարձակվեն, ավելի մեծ վնասներ կկրեն, քան արդեն կրել են:
-Պատրաստվելու ձևերը, ընթացքը Հայաստանում և Ադրբեջանում համարժե՞ք են` ըստ Ձեզ:
-Ես զինվորական հարցերի մասնագետ չեմ: Կարող եմ ընդամենն իմ կարծիքը հայտնել` որպես ոչ զինվորական անձի: Կարծում եմ, որ ազերիներն ավելի ուժեղ են տեխնիկայով. ունեն հսկա ռեսուրսներ, նավթ, փող, և այդ ամենը ներդնում են` տեխնիկապես զինելու համար իրենց բանակը: Բայց մարդկային ռեսուրսի առումով չունեն լավ բանակ, նրանց զինվորները չունեն հոգեբանական այն ուժը, այն նվիրումը, որն ունենք մենք: Հայության համար Արցախը լինել-չլինելու հարց է: Ազերիների համար Արցախն ընդամենը մի կտոր հող է, հավելյալ մի բան, որի սիրուն ադրբեջանցի զինվորը պատրաստ չէ զոհելու իր կյանքը: Մեր բանակը շատ ավելի լավ կազմակերպված է ու պատրաստ որևէ մարտական գործողության:
-Դուք երկքաղաքացի եք: Բնականաբար, Ձեզ հարց պիտի ուղղեմ նաև` իբրև Միացյալ Նահանգների քաղաքացու: Ներկա դրությամբ Ձեր երկրորդ հայրենիքում պայքարի մեջ են նախագահության երկու թեկնածու` գործող նախագահ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին: Ո՞Ւմ շանսն եք առավել բարձր գնահատում առաջիկա ընտրություններում, և ո՞ր թեկնածուն է նրանցից առավել նպաստավոր հայերի համար:
-Շանսերն ամեն պահի փոխվում են: Ասել, թե ով կհաղթի, հիմա այնքան էլ հեշտ չէ: Ես մարգարե չեմ, կանխագուշակություններով չեմ կարող զբաղվել: Ոչ ոք չգիտի, թե հաջորդ փուլում նրանցից ով որտեղ կլինի: Ամեն մի դեբատի ժամանակ մի նոր բան է բացահայտվում, մի նոր սխալի կամ առավելության մասին է խոսվում: Եվ դրանով պայմանավորված` փոփոխության են ենթարկվում վարկանիշները` կա՛մ Օբամայի, կա՛մ Ռոմնիի օգտին: Բայց ընդունված կարգն այն է, որ սովորաբար վերընտրվում է գործող նախագահը, քանի որ նա ինչ-ինչ առավելություններ ունի մյուս մրցակիների համեմատությամբ:
-Այսինքն` իր ձեռքում լծակնե՞ր ունի` իբրև գործող նախագահ, որից զրկված են մնացած թեկնածուն կամ թեկնածուները:
-Այո՛: Նա ունի իշխանության լծակներ: Սակայն փաստ է նաև այն, որ ներկայումս ԱՄՆ-ի տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում: Սա Օբամայի դեմ աշխատող բացասական մի հանգամանք է, որը, անշուշտ, նվազեցնում է վերընտրվելու նրա շանսերը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ամերիկահայությունն այս կամ այն թեկնածուից որին է տալիս նախապատվությունը, դարձյալ ասեմ, որ ողջ ամերիկահայության անունից ես խոսելու իրավունք չունեմ: Կարող եմ ասել իմ անհատական կարծիքը, որը հետևյալն է. այս ընտրություններին հայությունը չպետք է քվե տա ո՛չ Ռոմնիին, ո՛չ էլ Օբամային: Օբամայի պարագան պարզ է. նա տասնյակ անգամ թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոստումներ է տվել հայությանը, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և չի հարգել իր իսկ խոստումը: Ես որևէ հարցում չեմ վստահում այն մարդկանց, ովքեր թեկուզ մեկ անգամ խոստումնադրուժ են լինում: Սա ասում եմ` անկախ այն բանից, որ ես պետք չունեմ Օբամայից «ցեղասպանություն» բառը լսելու: Հարցն այն է, որ իր խոստումը չհարգելով` Օբաման դառնում է ստախոս: Իսկ ստախոս մարդուն ես երբեք քվե չեմ տա: Ինչ վերաբերում է Ռոմնիին, նա երբեք ոչ մի խոսք չի ասել, ոչ էլ ուզում է ասել Հայոց ցեղասպանության մասին: Երբեք չի հանդիպել մեզ հետ: Մի մարդ, որ բնավ չի ուզում հայության հարցերով զբաղվել, այն դեպքում, երբ մեր քվեների, մեր փողերի կարիքն ունի, ի՞նչ պիտի անի մեզ համար արդեն ընտրվելուց հետո: Իհարկե, ոչինչ: Հետևապես, ես ոչ մի դեպքում Ռոմնիին քվե չեմ տա: Նա ոչ միայն միտում չի ցուցաբերում մեր հարցերով զբաղվելու, այլև ավելին` Իրանի, Սիրիայի, այլ երկրների վերաբերյալ իր հայտարարություններում խորապես մտահոգվելու առիթ է տալիս: Ես կարծում եմ, որ այս մարդը կարող է լուրջ վտանգ սպառնալ թե՛ աշխարհին, թե՛ Ամերիկային:

-Դուք «Լինսի» հիմնադրամի փոխատենապետն էիք: Հիմնադրամը ներկայումս դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն Քըրք Քըրքորյանի ներդրումներով ստեղծվել է մեկ այլ` «Երազանք» հիմնադրամը: Պատմե՛ք, խնդրեմ, այդ հիմնադրամի աշխատանքների մասին: Ի՞նչ ընթացքի մեջ են դրանք, արդյո՞ք «Երազանք» հիմնադրամի գործունեությունը նույնպես ներառում է հայանպաստ ծրագրերի հովանավորչությունը, թե՞ այն հայանպաստ ձեռնարկումներին միտված կոնկրետ նպատակներ չի հետապնդում:
-Ձեզ ուղղակի տեղեկացնեմ, որ «Լինսի» հիմնադրամը փակվել է, և վե՛րջ: Այս հիմնադրամի հետ կապված որևէ գործողություն այլևս չի կատարվում: Պարոն Քըրքորյանն այն գումարը, որ մնացել էր «Լինսի» հաշվում` 200 մլն դոլար, նվիրեց Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA-ի) հիվանդանոցին: «Երազանք» հիմնադրամը ներկայումս որևէ կապ չունի պարոն Քըրքորյանի հետ: Նա այդ դրամն արդեն նվիրել է ուրիշին: Եվ այդ ուրիշն է, որ տնօրինում է «Երազանք» հիմնադրամը և այդ փողով անում այն, ինչն ինքն է ուզում: Անշուշտ, այդ փողը նրանք օգտագործում են իրենց նպատակների համար: Բայց քանի որ այդ փողը հայից են ստացել, նրանք հարգում են այդ հանգամանքը, և ես ուրախ եմ, որ վերջին ամիսներին այդ փողից ինչ-որ մասնաբաժին տրամադրում են Լոս Անջելեսի հայկական վարժարաններին, ինչպես և հայկական բարեսիրական մի շարք կազմակերպությունների: Սա է ամբողջը:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ