ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա»

«Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա»
07.09.2012 | 12:52

«Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի հանգիստ ընտրություններ չեն լինի, ինչպիսին մեզ մոտ նախագահական ընտրություններն են սպասվում: Վերադասավորումներ կամ, այսպես ասած, ավելորդություններ չեն լինելու: Կլինի այնպես, ինչպես արդեն տեսել ենք, ու դա ճիշտ է: Այսպիսի պայմաններում դա մեր ժողովրդի համար շատ կարևոր է»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում նախագահական ընտրությունների առնչությամբ նկատեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության ղեկավար ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

-Ի՞նչ հիմք ունի Ձեր լավատեսությունը:
-Հանդարտությունը մեր արտաքին խնդիրների լուծման գրավականն է: Այո, մենք ունենք խնդիրներ, բայց եթե քաղաքական ուժերը կարծում են, որ դրանց մասին ցույցերով ու հանրահավաքներով բարձրաձայնելը ճիշտ է, չարաչար սխալվում են, քանի որ դա վնասում է մեր երկրի արտաքին վարկանիշին ու հեղինակությանը: Հետևապես, ամեն ինչ պիտի անել, որ գործող նախագահը վերընտրվի:
-Ասել է՝ գործող վարչախումբը պետք է շարունակի՞ աշխատել:
-Այո: Ասում են՝ իմաստուն մարդն ուրիշի սխալների վրա է իր ճիշտը կառուցում, իսկ խելոքը՝ իր սխալների վրա: Իմաստուն լինենք ու տեսնենք աշխարհում ինչ է կատարվում: Բոլոր երկրներում էլ նախագահները սովորաբար երկրորդ անգամ են ընտրվում ու ավելի պատասխանատու աշխատում, կիսատ գործերն ավարտին են հասցնում ու ստանում իրենց գնահատականը: Ինչո՞ւ նախորդ երկու նախագահները երկու ժամկետ պաշտոնավարեն, իսկ գործողը` ոչ: Կամ` ո՞վ է այն անձը, որ կարող է լուծել խնդիրները:
-Գործող նախագահին այլընտրանք չե՞ք տեսնում:
-Այո: Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում: Այլ արժանի թեկնածու չկա: ԲՀԿ-ից կլինի, թե այլ կուսակցությունից, միևնույն է, ՀՀԿ-ի սկսած գործը չեն կարող շարունակել, անհամեմատ կծանրանա երկրի և ժողովրդի վիճակը, եթե հանրապետության նախագահը չվերընտրվի:
-Լինելով կոմունիստ, Դուք լիովին իշխանական տեսակետ եք հայտնում՝ քննադատաբար խոսելով ընդդիմության գործունեության մասին: Ինչո՞ւ:
-Ընդդիմությունը, կարծես, իր գործն ավարտած է համարում և խորհրդարանում ստացած մանդատներով բավարարված է: Նրանց շարքերում նախագահի արժանի թեկնածու չեմ տեսնում: Էն ճղճղոցներն ու ավելորդությունները, որ նրանք իրենց թույլ են տալիս, քաղաքական լուրջ, հայանպաստ գործունեության մասին չեն խոսում: Ինչ վերաբերում է իմ իշխանական կեցվածքին, ինձ շատերն են մեղադրել այդպիսին լինելու համար: Սակայն ես երբեք իշխանական չեմ եղել, խնդիրն այն է, որ սիրում եմ իմ երկիրն ու ժողովրդին: Գիտեմ, որ եթե այսօր հեղափոխություն լինի, առաջին տուժողը ժողովուրդն է լինելու:
-Այսօր քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Մի՞թե նա ևս չի կարող արժանի մրցակից լինել գործող նախագահին:
-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ականատես եղանք, որ ընդդիմությունը միասին վերցրած 25-26 տոկոս ձայն հավաքեց, ու սա էլ այն պայմաններում, որ հասարակության դժգոհ հատվածը մեծ է: Եթե սթափ դատենք, կտեսնենք, որ ընդդիմության մեջ ոչ մի լավ բան ասող չկա: Նրանք չեն ասում հավասարություն, արդարություն, այլ նրանք վատն են, ես` լավը, թողեք ես ղեկավարեմ, ես թալանեմ, ի՞նչ տարբերություն. թալանչին թալանչի է: Այնինչ պետք է նախագահին թողնել նույնը և ուժեղացնել պայքարն անարդարության, բևեռացման դեմ: Բայց տեսեք, օրինակ, «Ժառանգության»` ԼՂՀ-ի անկախության ճանաչման հայտարարությունը խեղկատակություն է: Իբր բոլոր խնդիրները լուծված են, մնում է սա, լավ է, էլի, ծափ տանք ու պարենք: Այդ ամենը մի կողմ պիտի թողնել ու օգնել նախագահին, որ այսօրվա հաստավզերից շուտ ազատվի: Հիմա էլ շատ վատ միտում է նկատվում. մեծահարուստներն իրենց կապիտալը երկրից հանում են, ի՞նչ է, Հայաստանում կամ Արցախում տեղ չկա՞: Բայց ընդդիմությունն այս մասին չի խոսում:
-Ընդդիմությունն ասում է՝ իրավիճակի մեղավորը վարչախումբն է, պետք է օր առաջ ազատվել նրանից:
-Կարդացեք նրանց ծրագրերը, ազատ շուկայական հարաբերություններից այն կողմ չեն անցնում: Մշտապես խոսվում է անձն անձով փոխարինելու մասին:
-Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ մեր քաղաքական դաշտի ողբերգությունն է, որ գործող նախագահին արժանի մրցակից չեք տեսնում:
-Այդ ողբերգությունը սկսվեց է այն ժամանակ, երբ պետությունը ոչ ճիշտ քաղաքականություն որդեգրեց կուսակցությունների հանդեպ, ու դրանք մասնատվեցին:
-Անդրադառնանք նաև վերջին օրերի ամենաթեժ թեմային. Սաֆարովի արտահանձնումը և Հայաստանի արձագանքը դրան:
-Մեր ժողովրդի դարավոր փիլիսոփայությունն ասում է՝ թշնամուն հաղթելու համար նրա նման պիտի մտածել: Բայց մենք չսովորեցինք մտածել թրքավարի, մենք հայավարի ենք մտածում: Չեմ կարծում, որ Ռամիլ Սաֆարովը Բաքվում երջանիկ ապագա ունի: Բոլորովին: Նրան վերացնելու են, դարձյալ ասելով, թե հայերն արեցին: Ի սկզբանե այս թոհուբոհը սադրանքային հոգեբանություն ունի, այսինքն, նույնիսկ այս պարագայում թուրքը մնում է թուրք, ամեն ինչ կանի Հայաստանին միջազգային հանրության աչքում հեղինակազրկելու համար: Հայաստանում բարձրացված աղմուկն ի սրտե էր, հատկապես երիտասարդների շրջանում: Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ միջազգային բոլոր կազմակերպություններն իր համար խորհրդատվական արժեք ունեն ու իրենց ձեռքը չեն կարող բռնել: Սա արդեն փաստ է, որ մարդակերի հետ ղարաբաղցին չի կարող ապրել:
-Այս պայմաններում պատերազմի վերսկսումը հնարավոր համարո՞ւմ եք:
-Քյալլագյոզությունը, խելքից դուրս գործունեությունը նրանց բնորոշ է: Բայց այն դեպքում, երբ նրանք հիմքեր են ունենում: Ղարաբաղյան պատերազմից հետո ստացած դասը նրանք երկար չեն մոռանա, քանի որ նրանց հաշվարկները չիրականացան:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ