Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԻՆՉՈ՞Ւ Է ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ…

ԻՆՉՈ՞Ւ Է ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ…
26.03.2010 | 00:00

Չնայած արևն իր ջերմությունը հավասարապես է բաշխում, սակայն երկրագնդի էլիպսաձև կորության պատճառով այն տարբեր կերպ է բաշխվում երկրի մակերևույթին: Հավանաբար, աշխարհի բնակչությունը հաշտվել է այս տրամաբանական բաշխման հետ, յուրաքանչյուր երկիր հարմարվել է իրեն բաժին հասած արևի ջերմության աստիճանին ու դրանով պայմանավորված բնակլիմայական պայմաններին, քանզի կյանքում չեն ընտրում ծննդավայրը, ծնողներին ու հայրենիքը: Չէ, հնացած ու ժամանակավրեպ չէ վերջին միտքը, չնայած մի կտոր հացի խնդիրը լուծելու համար արտագաղթը շարունակվում է: Իսկ ինչի՞ն ու ինչպե՞ս հաշտվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, երբ եզակի տաք աշուն ու ձմեռ ենք ունեցել, և հանկարծ գարնան շեմին հայտնում են, որ գազն ազգաբնակչության համար ապրիլի 1-ից պետք է թանկանա 37,5 տոկոսով (36 դրամով), իսկ խոշոր սպառողներին վաճառվող բնական գազը` 13 տոկոսով: Բնական գազի սակագների բարձրացման առնչությամբ ԶԼՄ-ներում հնչած հարցադրումների վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում զետեղված պարզաբանումներն ավելի շատ «ՀայՌուսգազարդի» ջրաղացին ջուր լցնելու փորձեր են, քան համոզիչ փաստարկներ: Թերևս ընդունելի լինի հանրապետություն ներկրվող բնական գազի գնի 17 տոկոս բարձրացումը, քանզի այն պայմանավորված է սահմանի վրա գազի գնի բարձրացմամբ:
Թանկացման երկրորդ պատճառը, իբր, դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ բարձրացումն է: Գործող սակագնի հաշվարկում դոլարի փոխարժեքը կազմել է 303,69 դրամ, իսկ սահմանվող սակագնի հաշվարկի հիմքում 2010 թ. պետբյուջեով հաստատված 386,41 դրամն է: Հարց` ինչո՞ւ դոլար-դրամ փոխարժեքի տատանումները լոկ ի վնաս ազգաբնակչության են: Գուցե աշխատավարձերում հաշվարկվե՞ն այդ տարբերությունները։ Ինչո՞ւ արժեզրկված դոլարի ժամանակ չխոսեցին մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդի» գերշահույթներից, իսկ հիմա պաշտպանության տակ են առնվում մենաշնորհատիրոջ եկամուտները: Ավելին, պարզաբանումների 6-րդ կետում նշվում է, որ ընկերության ծախսերի գերակշիռ մասը` 80 տոկոսը, դոլարային ծախսեր են, հետևաբար, վերջին տարվա ներդրումները թանկ չեն նստել գազամատակարարի վրա։ Ի՞նչ է, անցածը մոռացվա՞ծ է։
Թանկացման երրորդ պատճառը պայմանավորել են բնական գազի սպառման ծավալների շուրջ 20 տոկոսի նվազմամբ: Այստեղ` մի ճշտում. ոչ թե 20, այլ 30-40 տոկոսի մասին պետք է խոսեին: Երբ ամիս առ ամիս դուրս գրեցի 2008 թ. և 2009 թ. իմ 4 անդամից բաղկացած ընտանիքի սպառած գազի ծավալը, պարզվեց, որ գրեթե 30-40 տոկոսով է պակասել գազի սպառումը` տարեկան կտրվածքով (իսկ 2010 թ. հունվարի ծախսը 2009-ի հունվարի համեմատ ուղիղ 50 տոկոս է)։ Գազի սպառման ծավալի խիստ նվազումը նկատելի էր արդեն 2009 թ. հոկտեմբեր-նոյեմբերին: Ստացվում է, որ արևը ժպտում է լոկ մի քանիսին ու կշարունակի ժպտալ այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական մրցակցություն չկա։ Եթե տաք աշուն-ձմեռ ենք ունեցել, հո չե՞նք թողնի «խեղճ» «ՀայՌուսգազարդը» տուժի։
Պարզաբանումների մեջ նշվում է, որ բնակիչները հանդիսանում են գազամատակարարման համակարգի վերջին օղակի սպառողներ, և նրանց սպասարկումն ավելի մեծ ծախսեր ու ներդրումներ է պահանջում: Շատ շուտ են մոռանում, որ բնակչությունը զգալի ներդրումներ արեց` գազիֆիկացման առաջին փուլում տալով 40 հազար դրամ կանխավճար հաշվիչների տեղադրման համար։ Ավելին, յուրաքանչյուր ընտանիքի պարտադրեցին գազատար խողովակներն անցկացնել սեփական միջոցներով: ՈՒ ոլորտի բիզնեսի ծաղկման համար 1 գծամետր, 3/4 դյույմանոց 50-դրամանոց խողովակը վաճառեցին 3,5 հազար դրամով, ինչի արդյունքում աղավաղվեց շատ շենքերի արտաքին տեսքը, որպեսզի գազամատակարարը հանկարծ «ստայակների» ծախս չաներ:
Իսկ բնակչության գազիֆիկացման բուն խնդիրը հիմնականում լուծված է: Քաղաքներում մնացել է ամենախոցելի խումբը, որն արդեն գազի մասին միայն երազել կարող է:
Ինչպես երևում է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խիստ մտահոգ է միակ գազամատակարարի խնդիրներով, այլապես նեղություն չէր կրի ավելորդ հաշվարկներով ապացուցելու, որ գազի սպառումն այսօր շահավետությամբ 2,5 անգամ գերազանցում է էլեկտրաէներգիային, իսկ առաջարկվող սակագնի պարագայում` 2 անգամ։ Եվ դեռ շարունակում են հավաստիացնել, թե էլեկտրաէներգիան չի թանկանալու (պարզաբանումների 8 և 9 կետ)։ Գուցե մի հաշվարկ էլ անեին, թե ընտանեկան բյուջեին հասցված ամսական 3-4 հազար դրամի վնասը քանի՞ ընտանիքի կհասցնի աղքատության շեմին, հուսահատության, հուսալքության ու ճամպրուկներն ավելի արագ հավաքելուն:
Սահակ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հ. Գ. Երբ Իրանից Հայաստան մուտք գործող գազատարի տրամագիծը դիտավորյալ փոքրացվեց, արդեն հասկանալի էր, որ չենք ունենալու երկրորդ գազամատակարար օպերատորը, ու կրկնվեց «ԱրմենՏելի» անփառունակ պատմությունը: Իսկ նոր, այլընտրանքային մատակարար ունենալու համար երկար ճանապարհ պիտի անցնենք, կամ էլ բնավ չանցնենք։ Հայի բախտ է, չէ՞, ընկել ենք, պիտի քաշենք։

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ