Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Փոխոստիկանապետը սպանվել է իր դռան առաջ։ Դրանից մեծ ապտակ պետությանն ու իշխանությանը չի կարող լինել»

«Փոխոստիկանապետը սպանվել է իր դռան առաջ։ Դրանից մեծ ապտակ պետությանն ու իշխանությանը չի կարող լինել»
06.02.2009 | 00:00

«ՁԱՅՆԻՑ ԶՐԿԵՆ, ԹԵ ՉԶՐԿԵՆ, ԴՐԱՆԻՑ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ»
Հովիկ Աբրահամյանի հերթական նամակագրական կապը, որի «զոհն» այս անգամ համազեկուցողներն էին, կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Սա նոր «դիվանագիտական» քա՞յլ է, թե՞ այս ձևով` նամակագրությամբ, հնարավոր է խնդիրներ լուծել և ազդել եվրոպական կառույցների որոշումների վրա։ Սույն հարցն ուղղեցինք ԱԺ նախկին նախագահ, այսօր անկախ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ։ «Հիշյալ նամակների հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում անել: Կարծում եմ, յուրաքանչյուր գրագետ մարդ, առանց հատուկ փորձ և գիտելիքներ ունենալու էլ, կարող է ճիշտ պատկերացում ունենալ»։
-Եթե Դուք լինեիք ԱԺ նախագահ, այս իրավիճակում նույն կերպ կվարվեի՞ք։
-Ես ԱԺ նախագահ եղել եմ և թե ինչպես եմ աշխատել, բոլորը գիտեն։
-ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ որոշումն ընդդիմադիր դաշտը որակեց որպես պարտություն, իսկ իշխանությունը` հաղթանակ։ Նախ` այդ որակումները որքանո՞վ են տեղին, և, ի վերջո, ըստ Ձեզ, ի՞նչ է դա։
-Իհարկե, տեղին չեն։ Երբ քննարկվում է պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը, ցանկացած լուծման դեպքում անհեթեթ կլինի հաղթանակի մասին խոսել։ Պարտություն ասելն էլ, կարծում եմ, տեղին չէ։ Ամենահարմար ձևակերպումը, որ կարելի է կիրառել, թերևս, «ցավալի իրողությունն» է։
-«Ցավալի իրողություն»` ո՞ւմ համար։
-Անշուշտ, Հայաստանի։ Մնացած բոլորի` խմբերի, անձերի շահերն ու խնդիրները ոչ մի արժեք չունեն Հայաստանի շահերի և խնդիրների հետ համեմատած։
-Ձեր բնութագրած «ցավալի իրողությունը» կպարզաբանե՞ք։
-Կարծում եմ, իրավիճակը բոլորն էլ շատ լավ հասկանում են։ Եթե բանը հասել է նրան, որ քննարկվում է ձայնից զրկելու հարցը, յուրաքանչյուր ողջամիտ մարդ կարող է հասկանալ, որ երկրում կան լուրջ խնդիրներ, իսկ դա ցավալի իրողություն է երկրի համար։
-Մեղադրանքներ հնչեցին պատվիրակության լավ չաշխատելու առնչությամբ։ Ըստ Ձեզ, պատվիրակության չաշխատունակությա՞ն պատճառով է, որ այսօր նման իրավիճակում ենք, թե՞ խնդիրն առավել խորքային է։
-Նախ` պատվիրակությանը ձայնից զրկելու խնդիրը ոչ թե վերաբերում է պատվիրակությանը, այլ երկրին, քանի որ ԵԽԽՎ-ն գնահատում է երկրի իրավիճակը, այլ ոչ թե պատվիրակության աշխատանքը։ Պատվիրակությունը, ընդհանրապես, երկու կարևոր առաքելություն ունի` Ստրասբուրգում ԵԽ-ի ղեկավարությանը, կառույցներին ներկայացնել երկրում իրական վիճակը, կատարված և նախատեսվող քայլերը և, որպես առավել հաճախ այդ կազմակերպությունների հետ շփվող մարդկանց խումբ, նրա առաքելությունն է նաև երկրի ղեկավարությանը ներկայացնել այնտեղի գնահատականները, դրանց հիմքը, պատճառները։ Պատվիրակությունը ներկայացնում է նաև իր առաջարկությունները իրավիճակը շտկելու վերաբերյալ։ Կարծում եմ, հունվարի վերջին նման հարցի քննարկումն առաջին հերթին գնահատական է երկրին ու նրա ներքին իրավիճակին։ Պատվիրակության աշխատանքը չեմ ցանկանում գնահատել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքս չորս տարի ղեկավարել եմ մեր երկրի պատվիրակությունն այդ հեղինակավոր կառույցում, սակայն պետք է նշեմ, որ երբ 2007-ին ձևավորում էի պատվիրակությունը` ըստ խմբակցությունների առաջարկությունների, աշխատել եմ ընդգրկել ԱԺ-ի առավել կարող մարդկանց։
-Հայաստանը շուրջ երկու ամսում կարո՞ղ է կատարել այդ բանաձևերի պահանջները, ինչը ինն ամսում չի իրականացրել։
-Շատ կարևոր է նպատակը։ Ո՞րն է նպատակը` անել ինչ-որ բան, որ ԵԽԽՎ-ն որոշում չընդունի՞ ձայնից զրկելու վերաբերյալ, թե՞ անել ինչ-որ բան երկրում առկա իրավիճակը շտկելու համար։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել։ Երկու ամսում հնարավոր է անել այնպիսի աշխատանքներ, որ անաչառ գնահատողն անգամ տեսնի զարգացումների դրական միտումները։ Բայց հիմնախնդիրները բավականին խորն են, և պահանջվում է շարունակական աշխատանք։ Դատական համակարգը լրջորեն պետք է բարեփոխվի։ ԶԼՄ-ների հետ կապված նույնպես շատ խնդիրներ ունենք, իշխանությունների թևերի միջև հակակշիռների և զսպումների համակարգի լիարժեք կիրառման խնդիրներ ևս կան։ Ասել է` բազմաթիվ են խնդիրները, իսկ մնացածը հետևանքներ են։ Ձայնից զրկեն, թե չզրկեն, դրանից մեր խնդիրները չեն լուծվի։ Դրա արծարծումը մեզ համար պետք է ահազանգ լինի, որ երկրի ներքին կյանքում առկա են շատ լուրջ խնդիրներ։ Սա՛ է իրողությունը։ Ինձ, անկեղծ ասած, առաջին հերթին հետաքրքրում է` խնդիրները կլուծվե՞ն, թե՞ ոչ։ Դրա համար արմատական վերանայումների անհրաժեշտություն կա։
-Արմատական վերանայումների մեջ մտնո՞ւմ են նաև կադրային փոփոխությունները։
-Զուտ կադրային փոփոխությունները խնդիրներ չեն լուծում։ Շատ կարևոր է` ով ումով է փոխարինվում, ինչ նպատակով։ Կարևոր է նաև, թե իշխանությունն իր համար ինչ խնդիրներ է ձևակերպում և ինչ քայլեր է անում դրանք լուծելու ուղղությամբ։ Կադրային խնդիրների առնչությամբ չեմ կարող չանդրադառնալ Գևորգ Մհերյանի սպանությանը: Փոխոստիկանապետը, որ ոստիկանության ամենաբանիմաց և խելացի երիտասարդ կադրերից էր, սպանվել է իր դռան առաջ։ Դրանից մեծ ապտակ պետությանն ու իշխանությանը չի կարող լինել։ Հուսով եմ, որ գոնե սրանից հետո իշխանությունն ու իրավապահ մարմինները կսթափվեն և կտրուկ միջոցների կդիմեն։ Իսկապես սա խայտառակություն է մեր երկրի համար։
-Նախկինում նման դեպքեր էլի եղել են, այն ժամանակ դա խայտառակություն չէ՞ր։
-Ամեն ժամանակ էլ խայտառակությունը խայտառակություն է։ Բայց ինչքան ժամանակն ավելի առաջ է գնում, այնքան նման և ցանկացած խնդիրների նկատմամբ վերաբերմունքն ավելի խիստ ձևակերպումներ է ստանում։ Ժամանակն ինքնին որևէ հարց չի լուծում, սակայն ժամանակը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկելու, որ ցավալի իրողությունները չկրկնվեն։ Մենք չենք կարող 90-ականների սկզբին տեղի ունեցած ինչ-ինչ իրադարձություններով բացատրել 2007, 2008, 2009 կամ 2010, 2012 թվականներին տեղի ունեցող իրադարձությունները։ Այլ բան է, եթե մենք պատրաստվում ենք չլուծել մեր երկրի խնդիրներն ու բացատրություններ ենք որոնում։ Միշտ կարելի է ինչ-որ բառեր գտնել և ինչ-որ բան բացատրել, այնինչ բացատրելու խնդիր չկա։ Կա առկա խնդիրները լուծելու լուրջ հարց։
-ՀՀ իշխանությունների կողմից խնդիրները լուծելու միտում տեսնո՞ւմ եք։
-Ո՛չ, չեմ տեսնում։ Շատ ափսոսում եմ, որ այդպես է։ Ինձ համար շատ ցավալի էր, որ Հայաստանը հունվարի վերջին ԵԽԽՎ-ում նման իրավիճակի առաջ կանգնեց։ Անգամ ծիծաղելի չէ այն հանգամանքը, որ կան մարդիկ, ովքեր փորձում են այստեղ հոխորտալ եվրակառույցների հասցեին, իսկ նրանց դիմելիս ճիշտ հակառակ կեցվածք ունենալ։ Մեկ այլ խնդիր էլ կա. անհրաժեշտ է մոտեցումները որակապես փոխել։ Հակառակ դեպքում լուրջ խնդիրների լուծում չի լինի։ Ցավոք, հակառակ նշանով որակական փոփոխություններն ինձ համար ակնհայտ են։ Ես չեմ ասում, որ բոլոր խնդիրներն այսօր են առաջացել, բայց եթե խնդիրները լուծում չեն ստանում, դրանք մի օր հանգեցնելու են ցավալի հետևանքների։ Մեկ տարի առաջ որևէ մեկը չէր մտածում, որ այսպիսի խնդիրների առաջ կկանգնենք։ Կային բավականին լավ սպասումներ։ 2007-ի և՛ ընտրություններն էին հաջող, և՛ մեր պարտավորությունների կատարման, երկրի իրավիճակի գնահատականներն ու բանաձևերն էին էապես տարբեր։ Սա չտեսնել` նշանակում է իսկապես ցանկություն չունենալ իրավիճակն արմատապես փոխելու։ Կան իրողություններ, որոնք ինքնին խոսում են, դրանց մասին երկար-բարակ դատողությունների անհրաժեշտություն չկա։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4729

Մեկնաբանություններ