Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

SOS

SOS
15.10.2023 | 11:11

Քանի օր է զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է.

-Տեղ չունենք, կարգն այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավելի խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ:

-Բայց դուք հասկանում եք չէ՞, որ ճգնաժամային իրավիճակում թղթի վրա գրված ստանդարտներով չեն առաջանորդվում:

-Դե, եթե թույլ տան կընդունենք, բայց այս պահին թույլտվություն չկա:

-Այսինքն որևէ այլ արտոնություն չկա՞:

-Կա՛, ընդունվելու դեպքում անվճար է:

Բոլոր մանկապարտեզներից բացասական պատասխան ստանալուց հետո, բայց հույս ունենալով, որ հնարավոր չէ լուծման որևէ այլ տարբերակի առաջարկ չլինի, զանգում եմ կրթության նախարարություն: Պատասխանը կտրուկ էր.

-Զանգեք քաղաքապետարան, մենք կապ չունենք, ընդամենը ծրագիր գրող ենք:

Զանգում եմ քաղաքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը լսելով իմ բացատրությունները՝ սառը տոնով պատասխանում է.

-Այո, ձեզ ճիշտ տեղեկություն են տրամադրել, պետք է հերթագրվեք ու սպասեք ձեր հերթին, տեղերը սահմանափակ են, դիմորդները շատ, ձեզ նման շատ ծնողների երեխաներ դուրս են մնացել ցուցակից,- ու էս ասածների մեջ զրո էմոցիա ու ապրումակցում:

Հուզմունքս մի կերպ զսպելով՝ հարցնում եմ.

-Դուք իմ կարգավիճակում հայտնվածներին համեմատում եք նախօրոք հերթում գրանցված ու դուրս մնացածների հե՞տ: Հասկանում եք չէ՞, մեզ ինչքան է պետք աշխատելը, մի՞թե որևէ լուծում չկա:

-Ո՛չ, չկա:

Աչքիս առաջ եկավ սեպտեմբերի 19-ի տեսարանը.

Ճաշի ժամ էր, աշխատանքից վերադարձա տուն, կոշիկներս հանելուն պես պայթունի ձայն լսեցի: Վազելով հասա պատուհանի մոտ. բոլորը վազում էին: Հասկացա՝ նորից պատերազմ է սկսվել: Ամուսինս այդ պահին երեխաներին էր քնեցնում, որոնց մանկապարտեզ չէի ուղարկել հիվանդության պատճառով: Քնաթաթախ, ջերմող երեխաներիս վերցրեցի ու վազելով իջանք նկուղ: Այդ օրը մենք չէին մտածում, որ կորցնում ենք տուն, տեղ աշխատանք, հայրենիք, մենք միայն փրկության մասին էինք մտածում:

Չգիտեմ, մտածում եմ, արժե՞ր այդ մի փոքրիկ հատվածը մեր ապրած դժոխքից պատմել այդ աղջկան, գուցե մոտը ապրումակցման նշույլ առաջանար, բայց երևի ճիշտը չպատմելն էր:

Բոլորս շատ լավ գիտենք, որ կարճ ժամանակ հետո մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնալու, երկարաժամկետ լուծումներ են պետք, որոնք ցավոք պետության կողմից չեն ձեռնարկվում: Մասնավոր հատվածը մեծ բեռ է իր վրա վերցրել, որի համար երախտապարտ ենք:

Մենք մուրացկան չենք, ընդամենը պահանջում ենք պայմաններ ստեղծել, կաշխատենք ու մեր գլխի ճարը կտեսնենք:

Խնդրում եմ, տարածել գրառումը, գուցե պատկան մարմիններին տեղ հասնի, վստահ եմ, որ իմ կարգավիճակում շատերն են հայտնվել:

Մարիամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3631

Մեկնաբանություններ