Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը

Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը
17.03.2023 | 22:09
Մարտի 17-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության կողմից Մայր Աթոռի թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Դրամաշնորհային ծրագիրը, որով ձեռք են բերվելու անհրաժեշտ սարքավորումները, կյանքի է կոչվելու Հայ Բարեգործական Ընդհանուր Միության միջոցով: Այդ հանդիսավոր առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, դեսպանատան և ՀԲԸՄ-ի գրասենյակի աշխատակիցներ:
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում հյուրերին ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի ողջույններն ու օրհնությունը: Ինչպես նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ դեռևս 2014 թվականից արդյունավետ համագործակցություն է սկսվել Ճապոնիայից ժամանած վերականգնողների հետ: Պարբերաբար իրականացվող սեմինարների ընթացքում ճապոնական կողմը բարի ցանկությամբ որոշել է աջակցել Սուրբ Էջմիածնի թանգարանների վերականգնման բաժնին: Այս հարցն արծարծվել էր նաև Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ, երբ տարիներ առաջ Մայր Աթոռ էր այցելել Ճապոնիայից ժամանած բարձրաստիճան մի պատվիրակություն: Այդ օրվանից ի վեր թանգարանների տնօրենությունը սկսել է աշխատել Ճապոնիայի դեսպանության հետ դրամաշնորհի հայտը ներկայացնելու առնչությամբ:
Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման նշեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահպանվող մշակութային ժառանգությունը՝ անգին։
Իր հերթին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն արձանագրեց, որ Հայ Եկեղեցու կատարած աշխատանքը մեր ազգի համար շատ կարևոր է, և Վերականգնողական կենտրոնը նոր սարքավորումներով համալրվելուց հետո լավագույնս կներկայանա աշխարհին իր պատմական, մշակութային ժառանգությամբ։ Ճապոնիան և Հայաստանը ունեն հարուստ հնագույն մշակույթ և մեծ սեր իրենց ազգային ժառանգության հանդեպ։ Այս ծրագրի միջոցով երկու երկրների միջև բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի։
Նշենք, որ 2012 թ. ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները սկսել են գործվածքի ֆոնդի հինավուրց առարկաների վերանորոգությունները: Հայ վերականգնող մասնագետների աշխատանքները բարձր գնահատանքի են արժանացել Պետական Էրմիտաժի, Ճապոնիայի Սագայի համալսարանի և Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանի համապատասխան բաժինների վարպետ վերականգնողների կողմից:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 5810

Մեկնաբանություններ