ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դատարանը թույլատրել է Քոչարյանին մեկնել Հայաստանից

Դատարանը թույլատրել է Քոչարյանին մեկնել Հայաստանից
02.02.2021 | 20:30

Դատարանը թույլատրել է Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը ներառյալ մեկնել Հայաստանից, այսօր Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստի ժամանակ ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը՝ նշելով, որ ոստիկանությունից են տեղեկությունը ստացել։


Բաղադասարյանն ասաց, որ գրությամբ դատարանը խնդրել է ոստիկանությանը Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները նշված ժամանակահատվածում վերացնել, այնուհետև կրկին կիրառել։
Դատախազը պարզաբանում պահանջեց՝ ինչի՞ հիման վրա է թույլատրվում Քոչարյանին մեկնել Հայաստանից։ «Մենք նախորդ նիստերից մեկում այս հարցը բարձրացրել ենք և դատարանից որևէ պարզաբանում չենք ստացել։ Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի՞ հիման վրա է թույլատրվում մեկնել Հայաստանից, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞վ է որոշվում մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը՝ դատարանի կողմից թույլատրված։ Վստահ եմ, որ մենք պետք է դրան տեղեկացված լինենք, քանի որ ամբաստանյալի՝ դատական նիստերին մասնակցությունը և դրա հետ կապված բոլոր ռիսկերը, շոշափում են մեր կողմից իրականացվող մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթը, հետևաբար մենք հավասարապես պետք հնարավորություն ունենաք տեղեկացված լինելու այդօրինակ գրությունների պատճառների մասին, մասնակցելու դրանց քննարկմանը, հայտնելու դիրքորոշումներ, առարկելու կամ համաձայնելու», - ասաց մեղադրող դատախազը։


Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանեց․ «Եթե գտնում եք, որ դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման, այդ հնարավորությունից զրկված չեք»։
Դատարանն արդեն մեկ անգամ թույլատրել է Քոչարյանին մեկնել Հայաստանից․ 2020-ի հոկտեմբերի վերջին Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էին հայտնել մեկնել Մոսկվա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, դատարանն էլ Քոչարյանին էր վերադարձրել իր անձնագիրը։ Սակայն մի քանի օր անց երկրորդ նախագահի գրասենյակը հայտնեց, որ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, հետևաբար չի կարող մեկնել Մոսկվա։

Դիտվել է՝ 8833

Մեկնաբանություններ