ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ֆրանսիայի կենսականորեն կարևոր շահերը համաեվրոպական չափում են ստացել

Ֆրանսիայի կենսականորեն կարևոր շահերը համաեվրոպական չափում են ստացել
08.02.2020 | 12:46

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է ներգրավել ԵՄ երկրներին Ֆրանսիայի միջուկային ուժերի վարժանքներին, եթե այդ երկրները ցանկանան: Փետրվարի 7-ին Փարիզի Ռազմական դպրոցում 600 հրավիրյալներ ներկա էին՝ առաջիկա տարիներին Ֆրանսիայի պաշտպանական ռազմավարությանը նվիրված՝ Մակրոնի խոսքին: France Presse-ը նշում է, որ հրավիրյալների թվում էին ռազմական ատաշեներ շատ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանի, Պակիստանի, Իսրայելի, երկրներ, որ «պաշտոնապես կամ ոչ» ունեն միջուկային զենք: Ֆրանսիայի նախագահը, ինչպես և ակնկալվում էր, անդրադարձավ Ֆրանսիայի միջուկային զինանոցի թեմային: Այդ հարցը կարևոր է դարձել Եվրոպական մայրցամաքի համար բրեկզիտից հետո: Մեծ Բրիտանիան ԵՄ-ում երկրորդ միջուկային տերությունն էր: Բացի այդ՝ եվրոպացիներն անհանգստացած են ՆԱՏՕ-ում ԱՄՆ մասնակցության շահագրգռության նվազումից: «Ֆրանսիայի կենսականորեն կարևոր շահերը հիմա համաեվրոպական չափում են ստացել»՝ ասաց Մակրոնը: Այդ պատճառով նա ցանկություն հայտնեց «ռազմավարական երկխոսություն զարգացնել եվրոպացի գործընկերների հետ, որ դրան պատաստ են, միջուկային զսպման քաղաքականության դերի մասին մեր ընդհանուր անվտանգության մեջ»: Նախագահը նկատի ուներ ֆրանսիական միջուկային մարտագլխիկները, որ «300-ից պակաս են հաշշվում»: Էմանուել Մակրոնը առաջարկեց եվրոպացի գործընկերներին մասնակցել Ֆրանսիայի միջուկային ուժերի վարժանքներին: Բայց ոչ նախագահը, ոչ Ելիսեյան պալատը չեն ճշտել՝ համատեղ վարժանքների ձևը: Այնուհանդերձ, Ելիսեյան պալատը կտրուկ մերժեց երկուշաբթի օրը Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) պատգամավոր Յոհան Վադեֆուլի՝ համաեվրոպական միջուկային զինանոցի ստեղծման առաջարկը: Բունդեստագում ՔԴՄ խմբակցության փոխնախագահը առաջարկն արել էր Tagesspiegel-ին հարցազրույցում: Նրա խոսքով՝ Գերմանիան «պետք է քննարկի Փարիզի հետ համագործակցելու հնարավորությունը միջուկային զենքի ոլորտում», իսկ Ֆրանսիան «պետք է պատրաստ լինի իր միջուկային ուժերը դնել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համատեղ հրամանատարության ենթակայության տակ»: Ֆրանսիայում այդ առաջարկը համարեցին չափազանց: Համագործակցության գաղափարը ոչ թե «Միջուկային զենքի համընդհանուր հասանելիության տրամադրումն է, այլ Եվրոպայում ռազմավարական ընդհանուր մշակույթի խորացումը»՝ հակադարձեց Փարիզը: 2018-ի հունվարին Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան ամբողջությամբ կնորացնի իր միջուկային զինանոցը մինչև 2035-ը: Պաշտպանության նախարարությունը ստացել է առանձին բյուջե՝ 37 միլիարդ եվրո, որ Ֆրանսիայի պաշտպանական բյուջեի 10%-ն է:
Պաշտպանական ռազմավարության մասին ելույթ ունենալու ավանդույթը կա 1958-ից, Ֆրանսիայի Հանրապետության յուրաքանչյուր նախագահ անդրադառնում է միջուկային զսպման հարցերին, որ Ֆրանսիան համարում է հիմնարար իր անվտանգության համակարգում:
RFI


Հ.Գ. Տարօրինակ են գերմանացիները՝ ինչու՞ պիտի Ֆրանսիան իր միջուկային զենքը դնի ԵՄ-ու առավելևս ՆԱՏՕ-ի, որ ոչ պակաս միջուկային զինանոց ունի, ընդհանուր հրամանատարության տրամադրության տակ: Էմանուել Մակրոնը միջուկային համագործակցության «ժեստ» է արել ԵՄ-ին, որ ընկալվել է չափազանց ուղղակի: Ամենայն հավանականությամբ՝ Ֆրանսիայի նախագահը նկատի է ունեցել համագործակցությունը անվտանգության հարցերում՝ համատեղ ծրագրերի մշակման, իմա՝ ՆԱՏՕ-ից առանձին պաշտպանական քաղաքականության մշակելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ