ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

3. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան

3. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան
22.01.2020 | 14:27

(Նախորդ մասը)


Հրաժարվելը քրդերից ԱՄՆ-ի լավագույն բարեկամներից Սիրիայում
Սիրիայում գործում են Սիրիայի դեմոկրատական ուժերը (ՍԴՈՒ), որոնց վերահսկում են քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Քրդական ստորաբաժանումների վերաբերյալ տեսակետների տարբերությունը Անկարայի ու Վաշինգտոնի առավել նկատելի պրոբլեմն է: ԱՄՆ-ը քրդական ջոկատներին համարում էր գլխավոր դաշնակիցը Սիրիայում՝ սկսած 2014-ին ամերիկյան ինտերվենցիայից՝ նրանք ԱՄՆ զինվորների հետ կռվել են ԻՊ-ի դեմ: Թուրքիան մեծ տարբերություն չի տեսնում քրդերի ջոկատների ու ԻՊ-ի միջև և նրանց դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Անկարան ՍԴՈՒ-նհամարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մի ճյուղը, որ Թուրքիայում, ԱՄՆ-ում ու ԵՄ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքերը կռվում են ՔԱԿ-ի դեմ թուրք-սիրիական սահմանի շրջագծում: ԻՊ-ի ոչնչացումից հետո Սիրիայում քրդերը մնում են ամենամեծ վտանգը Թուրքիայի համար, ու դա Թրամփին դրել է անելանելի վիճակում՝ նա պիտի ընտրի երկու դաշնակիցների միջև՝ Թուրքիայի ու քրդերի: Թրամփը գերադասեց մասնակի հրաժարվել իր ռազմավարական դաշնակցից Սիրիայում, հատկապես ԻՊ-ի ոչնչացումից հետո, երբ թիկունքով շրջվեց քրդերին, իսկ ամերիկյան զինուժը հեռացավ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքից, որ սկսել էր Թուրքիան Սիրիայի հյուսիսում՝ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով՝ ազատ քրդական ուժերից: Թուրքիայի գործողությունը սկսվեց 2019-ի հոկտեմբերի 9-ին և շարունակվեց, քանի դեռ Թուրքիան ու ԱՄՆ-ը չէին պայմանավորվել հրադադարի մասին հոկտեմբերի 17-ին: Անկարան նպատակին հասավ անվտանգության գոտու ստեղծումով, որտեղ քրդեր չկան՝ 30 կիլմետր խորությամբ, որ կառավարում է թուրքական բանակը: Հրադադարը ուրախացրեց թուրքերին ու կատաղեցրեց քրդերին, որ իրենց լքված էին զգում՝ ԱՄՆ-ի հետ երկար տարիների ռազմական ալյանսից հետո սիրիական տարածքում:


Անվտանգության գոտին նպաստում է սիրիացիների վերադարձին Սիրիա, որ ձեռնտու է Էրդողանին՝ Թուրքիան է ընդունել ամենամեծ թվով սիրիացի փախստականներին: 5,55 միլիոն սիրիացի փախստականներից 3,75 միլիոնը հարևան երկրներում են՝ ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի տվյալներով: Դա ձեռնտու է նաև Թրամփին՝ նրան անհանգստացնում է փախստականների ու միգրանտների հոսքը ԱՄՆ Երրորդ աշխարհի երկրներից, մինչդեռ քրդերը կարող են կորցնել անկախության հույսը հյուսիսային Սիրիայում Ռոժավայի շրջանակներում: Հիասթափվելով ամերիկացիներից՝ նրանք կարող են նոր դաշնակիցների որոնում սկսել՝ իրենց նպատակներին հասնելու համար: Դա կարող է լինել Ռուսաստանը, Սիրիայի վարչակարգը կամ նույնիսկ արևմտյան երկրներից մեկը, որոնց զայրացնում է ԱՄՆ-ի դիրքորոշումը քրդերի նկատմամբ:


«Քրդերի երազանքը խորտակված է»՝ գտնում է սիրիացի քաղաքագետը, որ չցանկացավ անունը նշվի: Նրա գնահատականով՝ «Վերադարձը վարչակարգի հովանու տալ՝ քրդական երազանքի վախճանն է, վարչակարգը չի կարող քրդերին ինքնավարության հույս տալ: Հաֆեզ Ասադը ժամանակին արդեն հաստատել է «արաբական գոտին», քրդերի ցանկությունը հնարավոր չէ կատարել: Ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը քրդերի դաշնակից չեն դառնա՝ հակառակ սիրիական վարչակազմի կամքի»: Մեկնաբանելով ԱՄՆ-ի դիրքորոշումը քրդերի ու Սիրիայի ապագայի հարցում սիրիացի քաղաքագետը նշում է. «Նախ մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ը միշտ նախապատվությունը տալիս է իր շահերին մերձավոր դաշնակիցների շահերից համապատկերում: Բացի այդ՝ երբ նավակը սկսում է սուզվել, Վաշինգտոնը միշտ հրաժարվում է իր դաշնակիցներից»: Նա բացատրում է. «Ամենասկզբից պարզ էր, որ ԱՄՆ-ի հարաբերությունները քրդերի հետ ձախողման են դատապարտված: Դրանք ժամանակավոր, մարտավարական, ոչ թե ռազմավարական հարաբերություններ էին: Ապացույցը՝ Վաշինգտոնն ու միջազգային հանրությունը կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Իբրև հետևանք՝ ամերիկացիները դեմ են Սիրիայի մասնատմանը: Իսկ ամերիկացիների ու քրդերի համագործակցության ապագա՞ն: ԱՄՆ-ը հետայսու էլ նրանց սահմանափակ աջակցություն ցույց կտա նրանց ազդեցության գոտում՝ նավթային հանքավայրերի պաշտպանության ու ԻՊ-ի վերադարձն այդ շրջաններ կանխելու համար»:
Sasapost (Եգիպտոս)


Հ.Գ. Քրդերի հարցը միայն Թրամփի սխալը չէ: Քրդերը նախևառաջ իրենք են սխալվում՝ չկարողանալով համախմբվել Թուրքիայի, Իրաքի, Իրանի տարածքներում ապրող հայրենակիցների հետ: Նրանք ԻՊ-ի դեմ կռվում էին՝ այդ տարածքներում ինքնավարություն հայտարարելու համար՝ հույս ունենալով, որ Ասադը կպարտվի, Սիրիան կմասնատվի ու իրենք էլ կհայտարարեն իրենց անկախ պետության ստեղծումը: Բայց Ասադը չպարտվեց, երկիրը չմասնատվեց, ու քրդերին մնում է կամ միավորվել, կամ՝ շարունակել երազել: Իրականում Թրամփի հիմնական սխալը քրդերին դավաճանելը չէր, այլ իր զորքերը հանելով՝ Էրդողանի առաջ կանաչ լույս վառելը՝ անվտանգության գոտու ստեղծման համար: Այդ անվտանգության գոտին սոսկ անվանական է անվտանգության գոտի՝ իրականում Էրդողանի հավակնությունների հաստատումն է դեպի Միջերկրական ծով Մ-4 ճանապարհը իր վերահսկողության տակ պահելու համար, որովհետև դա երկրի հյուսիսն ու հարավը կապող ավտոմայրուղի լինելուց զատ՝ նավթի ու գազի ճանապարհն է: Անվտանգության գոտի՝ իմա սիրիական բնական ռեսուրսները վերահսկելու հնարավորությունն ԱՄՆ-ից ու Ռուսաստանից ստանալուց հետո Էրդողանը անցավ Լիբիա՝ համաձայնագիր կնքելով Ֆայեզ Սարաջի հետ՝ Միջերկրական ծովային սահմանը փոխելու մասին: Այստեղ էլ Ռուսաստանը փորձեց կանխել Էրդողանին՝ Խալիֆա Խաֆթարին զինելով ու դեպի Տրիպոլի ուղղորդելով: Ռուս-թուրքական շահերը բախվեցին և Իդլիբում, որ թուրքերը Աստանայի պայմանավորվածությունների համաձայն՝ պիտի մաքրեին մոջահեդներից, բայց մեկ տարի ոչինչ չարեցին ու հիմա ռուսների աջակցությամբ՝ Ասադի ուժերն են երկրի տարածքն ազատում օտար ներկայությունից, իմա՝ թուրքերից: Իսկ Թրամփի չորրորդ սխալը եգիպտացիները համարում են Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը, բայց այդ մասին՝ հաջորդիվ:

(շարունակելի)


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ