Գալով Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազում ճակատագրական որոշումներ է ընդունել, որ ցնցել են ամբողջ աշխարհը և ունեցել հեռագնա հետևանքներ, սադրել են երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսակցությունները, ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, դարձել են կոնֆլիկտների պատճառ Մերձավոր Արևելքի անկայուն շրջաններում:
1. Սուլեյմանիի սպանությունը՝ Իրանի երկրորդ դեմքի
Հունվարի 3-ին աշխարհը ցնցեց Կասեմ Սուլեյմաննի՝ Ալ Կուդսի հրամանատարի սպանության լուրը: Նա Իրանի ամենաազդեցիկ երկրորդ մարդն էր և երկրի ռազմական միջամտությունների նախաձեռնողը՝ հատկապես Սիրիայում ու Իրաքում: Սուլեյմանին, Իրաքի Ալ Հաշդ աշ Շաաբի աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուխանդիսն ու նրանց գործընկերները սպանվեցին օդային գրոհի հետևանքով, որի նախաձեռնողը հայտնի է:
Թրամփը հպարտությամբ հայտարարեց, որ գործողությունը կատարվել է իր հրամանով: Նրա խոսքով՝ Սուլեյմանիին պետք էր սպանել մի քանի տարի առաջ, նա դարձել է մի քանի հազար անմեղ մարդկանց մահվան պատճառ Մերձավոր Արևելքում: «Կասեմ Սուլեյմանին սպանել է ու լրջորեն վիրավորել հազարավոր ամերիկացիների երկար ժամանակի մեջ, նա ծրագրել էր սպանել շատերին, բայց բռնվեց»՝ գրել էր Թրամփը: Իր գործողությունների ամբողջ լրջությամբ հանդերձ՝ Թրամփը այդ քայլը համարում էր ավարտող, ոչ թե պատերազմ սկսող, ու կոչ արեց Իրանին բանակցել հակամարտելու փոխարեն: Նա սպառնաց նաև այլ թիրախների խփել, եթե Թեհրանը չհամաձայնի բանակցել: «Իրանը երբեք չի հաղթել պատերազմում, բայց երբեք չի պարտվել բանակցություններում»՝ գրեց Թրամփը: Իրանցիները զայրույթով արձագանքեցին ամերիկացիների հրճվանքին և հակառակ Թրամփի ցանկության՝ բանակցությունների պատրաստակամություն չհայտնեցին: Փոխարենը հնչեցին Սուլեյմանիի վրեժը լուծելու սպառնալիքներ: Ալ Կուդսի նոր հրամանատար Իսմայիլ Ղանին հայտարարեց. «Մի քիչ համբերեք ու կտեսնեք ամերիկացիների դիակները ամբողջ Մերձավոր Արևելքում»: Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին երդվեց վրեժ լուծել Սուլեյմանիի ու ընկերների սպանության համար և պաշտոնապես հայտարարեց. «Սուլեմանիի սպանությունը ռազմավարական լուրջ սխալ էր, որ կդառնա տարածաշրջանում ամերիկյան ներկայության վերջի սկիզբ»: Նա խոստացավ, որ վրեժը մեծ աշխարհագրական տարածք կընդգրկի ու երկար ժամանակ, բայց կունենա կործանարար հետևանքներ: Իրանի պետական հեռուստատեսությունը 80 միլիոն դոլար, որ հավաքել է Իրանի ժողովուրդը, խոստացավ նրան, ով կբերի ամերիկացի խելագար նախագահի գլուխը, որ Սուլեյմանիի սպանության հրամանն է տվել: Իրանցիները խոսքից գործի անցան հունվարի 8-ի առավոտյան՝ գրոհելով Իրաքում ԱՄՆ 2 ռազմաբազաների վրա: Նրանք հայտարարեցին 80 զինվորների սպանության մասին, մինչդեռ Թրամփը հերքում է: Նա նախընտրեց պատասխանել տնտեսական նոր պատժամիջոցներով, քանի դեռ Իրանը չի փոխել վարքագիծը: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանը, կարծես թե, նահանջում է ու այդ պատասխանն էլ հերիք է:
Բանակցություննե՞ր, թե՞ երրորդ համաշխարհային պատերազմ: Կարելի է առանձնացնել և Սուլեյմանիի սպանության կրոնական կողմը: Սոցիալական ցանցերում տարածվեցին Սուլեյմանիին գրկող իմամ Հուսեյն իբն Ալիի (Մուհամեդ մարգարեի թոռան) և Ամերիկայում Թրամփին գրկող Հիսուսի պատկերները:
Սուլեյմանիի սպանությունը պատճառ դարձավ #երրորդհամաշխարհայինպատերազմ հեշթեգի, որ կես միլիոն հրապարակում ունեցով Թվիթերում:
Վաշինգտոնում աշխատող եգիպտացի քաղաքագետ Մուհամեդ ալ Մինշավին Սուլեյմանիին սպանելու Թրամփի հրամանի հետևանքների մասին հարցին պատասխանել է, որ առավել հավանական են բանակցությունները: «Ես կարծում եմ՝ կատարվածը դուռ կբացի Վաշինգտոնի ու Թեհրանի բանակցությունների մոտ ապագայում: Թրամփի վարչակազմը պատերազմ չի սկսի նախընտրական տարում, իսկ Իրանը չի կարող դիմակայել ամերիկյան ռազմական մեքենային: Առավելևս, որ տնտեսական պատժամիջոցները ուժեղ ազդեցություն ունեն»: Մուհամեդ ալ Մինշավին Թրամփի որոշման դրդապատճառների մասին ասում է. «Գուցե գեներալ Կասեմ Սուլեյմանիից ազատվելու հրամանի նպատակներից մեկն էր վերջ դնել Իրանում արմատական շրջանակների իշխանությանը և շահել չափավորների ձայները, որ ցանկանում են Վաշինգտոնի հետ գործարք կնքել: Թրամփը խոստացել է համապարփակ համաձայնագիր Իրանի հետ, որ ցանկանում է կնքել մինչև նոյեմբերին նշանակված ընտրությունները»:
Sasapost (Եգիպտոս)
Հ.Գ. Թրամփի հաջորդ ճակատագրական սխալը թերթը համարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալը, բայց այդ մասին՝ հաջորդիվ: Իսկ Կասեմ Սուլեյմանիի սպանության հրամանը Թրամփից անսպասելի էր՝ մի քանի ամիս առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը ԱՄՆ ճանաչել էր ահաբեկչական կազմակերպություն և ամերիկյան քաղաքականության տեսակետից՝ դա ոչ թե երրորդ երկրում մեկ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի սպանություն էր, այլ՝ ահաբեկչի սպանություն, որ լիովին տեղավորվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Իհարկե, Թրամփը ավելի խորացրեց ատելությունը ԱՄՆ-ի ու իր նկատմամբ Իրանում, պատճառ դառնալով «Մահ Ամերիկային» նոր կոչերի, որ համախմբող նշանակություն ունեցավ սոցիալական պատճառներով մասնատվող հասարակության համար: Բայց՝ մինչև ուկրաինական բոինգի խողումը, որի 176 ուղևորներից 83-ը իրանցի էին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ