Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նյութապաշտություն-պատուհասը աշխարհն իրենով է արել

Նյութապաշտություն-պատուհասը աշխարհն իրենով է արել
10.04.2018 | 09:57

Մեր օրերում, վստահաբար, երկրագնդի առանցքը մեր մեղքերի ծանրությունից է թեքվել ու թեքվել, կեռվել ու կեռվել: Պատուհասողը մարդն է, և հույսն էլ երկիր-գնդի մարդու վրա է լոկ: Դժվար ժամանակներ միշտ են եղել, և մարդու ընտրությունն էլ՝ իր առջև կանգնած, ներկա է մարդկության ակունքներից և մինչև մեր օրերը՝ ամեն աշխարհ եկողի անցնելիք ճանապարհին:


Ընտրություն մարդ լինելու և չլինելու միջև: Որքան պարզ բան է թվում, իհարկե՝ մարդ և միայն՝ մարդ, բայց հիմնականում ընտրվում է երկրորդը:
Գրիգոր Նարեկացին դարեր առաջ է իր բանաստեղծության ազդու տողերում մարդ արարածին սթափության կոչել.
Զի խոտորվեցիր
ճշմարտությունից,
Մաքրությունից քո զազրացար
իսպառ...
Չսթափվեցինք: Մեղքը մեղքի վրա ծանրացավ, պատիժը՝ պատժի: Վերին ուժերն արդեն այստեղ անելիք քիչ ունեն: Մարդու համար ի վերուստ արվել է առավելը՝ ամեն պահի, ցանկացած վիճակում նրան տրված է փրկության այնքան դյուրին ճանապարհը, ցանկությունն է, որ պակասում է:
Ցանկություն՝ Աստծո պատվիրանները կյանքի ուղեցույց դարձնելու և ընթանալու դեպի Լույսը: Ընդամենը:


Աստվածային ու մարդկային արժեքներ, որ նույնն են ամենուր, բոլոր ժամանակներում: Այդ արժեքներն են բանաձևը մարդ լինելու: Եվ զուր չէ, որ աշխարհի մութ ուժերը միշտ էլ փորձել են այդ արժեքները փոխել, հարմարեցնել իրենց, փոխարինել անարժեքով՝ մարդուն և իրականությունն էլ գունավորելով ու աղճատելով իրենց կամեցածի պես: Իրենց ծրագրերում աշխարհի նոր կարգի, գլոբալ կառույցների ճարտարապետները, առանց սար ու ձոր ընկնելու, վաղուց արդեն տեղը տեղին ձևակերպել են ամեն բան. «Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ են փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին:


Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց. այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ» (ԱՄՆ-ի ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսի՝ ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների խորհրդի 1945-ի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ ընթերցված զեկույցից):


Մարդկանց մեծամասնությանը միշտ էլ պաշտամունքի առարկա է պետք, որից կարող են ուժ առնել, որով կարող են արժևորել իրենց գոյությունը: Ամեն ոք չէ, որ ժամանակին կամ էլ ընդհանրապես հասկանում է, որ Բարձրյալից ավելի պաշտամունքի արժանի մեկը չկա, և միայն երկնային լույսերի խորհուրդը հասկանալը լիուլի բավ է կյանքն իմաստավորելու համար: Եվ փնտրում են իրենց շուրջը, աշխարհի ափերին իրենց նմանների, իրենցից էլ գուցե ավելի մոլորվածների մեջ, որ ընթանան նրանց հետքերով: Դրա համար է գուցե Աստված միշտ աշխարհ ուղարկում բազմության մեջ իրենց խոհի լույսով ու բարձրությամբ առանձնացող հատուկենտներին, որ փարոսի դեր ստանձնեն:
Ճշմարիտ մտավորականը միշտ էլ իր մեջ արթուն է պահում պատասխանատվության այդ զգացումը, որ նրան պարտադրում է անձնազոհի ու նվիրյալի կյանքով ապրել՝ հանուն այլոց, հանուն փրկարար գաղափարների:


Եվ դրա համար էլ հենց նրանք պետք է առաջինը հեռացվեին աշխարհի այսօրվա բեմից, որտեղ խաղացվող «Մարդն ավելորդ է» ներկայացման մեջ կործանման դատապարտված Աստծո արարածների կողքին ցանկալի է, որ ոչ ոք չլինի:
«Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու» (Ալան Դալես):
ՈՒ ահա ճշմարիտ մտավորականությունը չեզոքացված է, նա մենակ է իր ասելիքի, իր առաքելության խորհրդի հետ: Խոսքը կա, լուծումը կա բոլոր հարցերի, սակայն, կարելի է ասել, բանտված ու շղթայված:


Բայց որպեսզի շատ աչք ծակող չլինի նրանց կյանքից դուրս վիճակը, այդ անվան տակ ինչ-որ բան դեռ պահվում է՝ օգտագործվելով այլ առաքելությամբ, այլ իմաստով: Միայն խեղաթյուրված, սխալ ու արգահատելի արժեքներ սերմանողներն ու տարածողներն են փողհարվում, մատուցվում բոլոր հնարավոր ձևերով: Հիմա ի՛նչն է շատ՝ աստղեր, աստղեր, աստղեր, գիշերվա խորհրդանիշ աստղերը: Նրանք խոհի մարդ չեն, որ լույս սփռեն ու արևածագ, Երգիչներ են, հեռուստահաղորդավարներ, հեռուստաաստղեր, որ կարող են ամենաշատը զվարճանք ապահովել, իսկ մնացած խնդիրներին ու հարցերին ոչ պատասխան ունեն տալու, ոչ էլ ցանկություն: Այդ մարդիկ ընդամենը շոումեններ են, տերը՝ բեմի վրա իրենց դերի. որ է այսօր՝ զվարճանք-զվարճանք-հումոր-բռնություն ու դարձյալ՝ հումոր-զվարճանք: ՈՒ, վերջին հաշվով, տուժողներ են նույնքան, որքան մյուսները:
Եվ այս ուրախ նոտաների դիմակով սքողված խաղացվում է աշխարհի ու մարդկության բարոյական և ֆիզիկական ոչնչացման դավը:
Սքողված, դիմակավոր, բայց՝ «Ով ականջ ունի՝ թող լսի, ով աչք ունի՝ թող տեսնի»:
Փորձում ենք նմանակել, հետ չմնալ այդ «բարձրությունից»՝ մոռանալով մեր ազգի անցած ճանապարհը ու դրա ընթացքին թանձրացած, բյուրեղացած մշակույթը, որով ուզածդ ազգի կարելի է ապշեցնել:


Բայց մենք դեռ անկումն ենք ընտրել` այդ մեղքն էլ բարդելով Բարձրյալին:
Եվ հլու կատարողն ենք մեզ պարտադրվածի.
«Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք, այսպես կոչված, արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը» (Ալան Դալես):
Ահա այդպես անցյալ դարում սկիզբ դրվեց քաոս սփռող գրականությանն ու արվեստին՝ ամենուր. կյանքի գարշելին ու արատավորը, որոնք պետք է գեթ մնային անընդունելիի կարգավիճակում, հասարակության պարսավանքի ճնշման տակ կծկված, հատուկ հոգատարության տակ առնվեցին՝ «մարդու, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն» հորջորջվող գեղեցիկ, բայց խարդախ կարգախոսից բխող բոլոր հնարավոր ձևերով:


Դրանից դուրս մնացածները, այսինքն՝ մեծամասնությունը՝ նորմալ մարդը, հայտնվեցին հակառակ բևեռում՝ անպաշտպան, իրավազուրկ, խոցելի: Ավելին, սկզբում խիստ աննկատ և զգուշավորությամբ, այժմ արդեն գրեթե անթաքույց, այդ մեծամասնությունն է դաստիարակվում ու վերափոխվում ոչ-մարդու կերպարին հարիր: Հատուկ գործող սխեմայի համաձայն` «Օվերտոնի պատուհան» կոչված ցանկացած երևույթ կարելի է մարդկային էության մեջ քիչ առ քիչ ներմուծել, ապա ընդունելի դարձնել, արմատավորել անգամ: Գոյություն ունեն մարդկանց էությունը փոխելու գործին լծված բազում միջազգային կառույց-ինստիտուտներ` բնականաբար, փոխելու չարի պատկերով ու նմանությամբ:
Ամերիկյան, եվրոպական երկրներում արդեն բավականին հեռուն են գնացել, արդեն մանկապարտեզներից են ոչ-մարդու կերպարը բնավորում հոգիներում՝ հեքիաթների միջոցով անգամ, որոնց մեջ թագավորը արքայազնին, թագուհին արքայադստերն է սիրահարվում: Ավելի սարսափելին էլ կա…
«Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք» (Ալան Դալես):


Ամեն բան մտածված է: Եվ նման երեխաներն արդեն գրեթե դատապարտված են լինելու այն բանին, ինչին նրանց այդքան «խնամքով» պատրաստում են, երիտասարդությունը՝ նույնպես, քանի որ այդ տարիքում էլ դեռ նոր է անձը ձևավորվում և չունի փորձառության պաշար:
Այդպես, «փոքրամասնության պաշտպանության» շուքի տակ, մեր իրականության մեջ փթթեցին ու արդեն մեծամասնության դերին են հավակնում ամենաանառակ բարքերը՝ համասեռամոլություն, պեդոֆիլիա, բռնություն, սադիզմ, հերթի են դրված ինցեստը, կանիբալիզմը: Աշխարհն արդեն մի ծայրից մյուսն է շեղված կրքերի, անառակության որջ դարձել: Եթե Սոդոմն ու Գոմորը երկու քաղաքներ էին, իրենց կործանման պատճառ մեղքերով, այժմ ողջ մոլորակն է այդ կնիքն առել իր ճակատին: ՈՒ աշխարհի կործանումն ու նրա սպասված վերջը չեն կարող չլինել, քանի որ մենք ինքներս ենք մարդկային գոյությանն անհարիր ճանապարհը բռնել:
Բարոյազուրկ, մերժելի կերպարի ու արարքների տերերն են արվեստի ու գրականության մեջ գլխավոր հերոսներ՝ հիացմունք առաջացնող գունավորմամբ ու շեշտերով ներկայացվող: Գողը, մարդասպանը, ստահակը՝ սերիալների երկայն տևումին, խարդախ ու դավադիր մի համառությամբ, քիչ առ քիչ դառնում են համակրելի, անգամ սիրելի կերպարներ… Եվ մարդիկ են դաստիարակվում այդ կերպարներով, ժողովուրդներ են այդ «նոր պատվիրանների» խավարով լցնում իրենց ներսն ու դուրսը:
Մեր երկրում դեռ հնարավոր է ընդդիմանալ ճիշտ արժեքների կործանման այս ընթացքին, տեր կանգնել մեր ավանդականին, մեր նախնիներից ժառանգվածին, մեր հավատի Լույսին ու Ճշմարտությանը:


Դրսի աշխարհում շատերի համար են մեր ազգը, մեր երկիրը, մեր մշակույթն ու հավատը դեռևս դարերի ակունքներից չկտրվածի ու սնվողի իրենց մաքրությամբ մի լուսավոր օազիս՝ այս գլուխը կորցրած մոլորակին:
Միայն թե, օտարների կողքին կանգնած, մեզնից շատերը շտապում են օր առաջ այն ևս հոգևոր աղբակույտի վերածել և կարողանում են իրենց քայլերում առաջ գնալ, որովհետև նման ամեն մի շարժ դրսից շատ լավ է վճարվում:
Փող: Փող: Փող:
Նյութապաշտություն-պատուհասը աշխարհն իրենով է արել՝ աշխարհի ղեկը դեռ իրենց ձեռքին ճարպկորեն պահողների ջանքերի շնորհիվ: Որքան աղքատությունը ծրագրված կերպով տարածվեց երկրեերկիր ու տնետուն, այնքան ագահությունը, նյութի ու դրանց տերերի պաշտամունքը զորացան:


Ոգու սովը բոլորի ներսն է անհանգիստ անում, նույնիսկ նրանց, ովքեր անարժեքի «արժեք»-ն են իրենց կյանքի իմաստ ու նորմ դարձրել: ՈՒ չեն հասկանում, թե ինչն է «դեպրեսիա» մոդայիկ բառ-վիճակի մշտական ներկայությամբ նրանց պատից պատ նետում, աշխարհի մի ափից մյուսը, ինքնասպանության հասցնում անգամ:
Իսկ ամեն բան այնքան պարզ է ու հեշտից էլ հեշտ՝ «ընդամենը տասը պատվիրան» և փրկարար ձեռքն Աստծո:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 5974

Մեկնաբանություններ