Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ռուսաստանը կհեռանա Կովկասից, և պետք է մտածել այդ տարածաշրջանում քաոս թույլ չտալու մասին»

«Ռուսաստանը կհեռանա Կովկասից, և պետք է մտածել այդ տարածաշրջանում քաոս թույլ չտալու մասին»
21.12.2012 | 00:30

Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս գործող իսլամական կազմակերպություններն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում բրիտանական քաղաքականության կարևոր գործոն են, և, հնարավոր է, դա ավելի քան դրական նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքական շրջանակները երկրում մի շարք իսլամական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողներ չեն եղել։ Մեծ Բրիտանիայում նպաստավոր օրենսդրական և քաղաքական պայմաններ են եղել այդ կազմակերպությունների ստեղծման համար։ Նա մեկն է այն երկրներից, որտեղ կան իսլամական և արևելագիտական խնդիրներով զբաղվող զանգվածային լրատվության համաշխարհային կենտրոններ, մեկ քաղաքական ու տնտեսական համաշխարհային կենտրոն, հետազոտական հաստատություններ և համապատասխան առաջատար փորձագետներ ու գիտնականներ։
Հյուսիսային Կովկասի իրադարձությունների առաջացրած հասարակական բողոքների մթնոլորտում եվրոպական պետությունները որոնում էին բողոքի այդ քայլերին նպաստելու այս կամ այն եղանակը, ու դրա հետ մեկտեղ ձգտում հսկողության տակ պահել այդ գործընթացները։ ՈՒստի Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախընտրում էր անմիջականորեն չմիջամտել այդ կազմակերպությունների գործունեությանը և ձգտում էր ապահովել դրանց վերահսկողությունը։ Այն պայմաններում, երբ Ֆրանսիան շտապում էր դառնալ Չեչնիայի շահերի պաշտպանության առաջատար, իսկ Գերմանիայում և Իտալիայում բողոքի շարժումներ էին ծավալվում, Մեծ Բրիտանիան չէր կարող առանց պատշաճ հիմքերի խափանել իսլամական կազմակերպությունների գործունեությունը։ Կառավարությունն սպասողական դիրք էր բռնել, և հատուկ ծառայությունները տեղեկություններ էին կուտակում դրանց գործունեության վերաբերյալ։
Կասկած չկա, որ բրիտանական հատուկ ծառայություններն ուժեղ հսկողության տակ են պահում երկրի իսլամական կազմակերպությունների գործունեությունը։ Պետք է նկատել, որ Մեծ Բրիտանիայում եվրոպական խոշոր պետությունների համեմատ ավելի քիչ են խնդիրներ առաջանում մահմեդական կազմակերպությունների հետ։ Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիայում իսլամական կազմակերպությունների ստեղծման բուն միտումն անմիջական «բրիտանական ծագում» ունի։ Մեծ Բրիտանիայում կան շատ ազդեցիկ շրջանակներ, որոնք մոտ հարաբերությունների մեջ են պահպանողական կուսակցության, նավթային ընկերությունների և ֆինանսական խմբերի հետ։ Այդ շրջանակներում կան վերլուծաբաններ, որոնք երկար ժամանակ կատարում են կառավարության ու ռազմական նախարարության պատվերները։ Տասնչորս տարի առաջ իմ այն հարցին, թե «Արդյոք իսլամական կազմակերպությունների ստեղծմանն առնչություն ունեցե՞լ են Մարգրետ Թետչերը և Մեծ Բրիտանիայի մյուս նշանավոր պահպանողական քաղգործիչները», լեյբորիստական կուսակցությանը համակրող և իսլամական շարժումներով զբաղվող փորձագետը նշեց հետևյալը. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Մարգրետ Թետչերը ոչ մի կերպ չի կարող խաղաղվել և ձգտում է գործի դնել տարբեր քաղաքական նախագծեր, այդ թվում` արտքաղաքական բնույթի»։ Մարգրետ Թետչերը մեծ հաճույքով դարձավ (Մեծ Բրիտանիայի գործարար շրջանակների առաջարկով) «Կովկասյան հիմնադրամի» հովանավոր և փորձում էր իրագործել «Կովկասյան ընդհանուր շուկայի» ստեղծման նախագիծը։ Հետազոտողներից մեկի հարցին` «Ո՞րն է այդ նախագծի նպատակը», նա պատասխանեց. «Ռուսաստանը, անշուշտ, կհեռանա Կովկասից, և պետք է մտածել այդ տարածաշրջանում քաոս և աղետ թույլ չտալու մասին»։ Այդ պահպանողական ուժերը փորձում էին Մեծ Բրիտանիայում ստեղծել «իսլամական գործոն», որը պիտի դառնար իսլամական որոշ տարածաշրջանների հետ հարաբերությունների զարգացման կարևոր գործիք և լեյբորիստական կառավարության վրա ճնշման լծակ։ Հնարավոր է, Թ. Բլերի կառավարությունը հենց սկզբից կասկածներ ուներ, որ պահպանողական շրջանակների ստեղծած «իսլամական» գործոնը նախատեսված է լեյբորիստական կառավարության վրա ճնշում գործադրելու համար։ Բայց սխալ կլիներ համարել, որ Մեծ Բրիտանիայում գործող իսլամական նոր կազմակերպությունների ամբողջ կառուցվածքը «գծել» են այդ շրջանակները։ Ստեղծվել էր նպաստավոր իրավիճակ, և պահպանողականներն օգտվեցին դրանից։ Նրանք ոչ մի ցանկություն չդրսևորեցին պաշտպանելու այդ կազմակերպություններին, երբ կառավարությունը որոշում ընդունեց նրանց գործունեությունը կանխարգելելու մասին։ Դ. Քամերոնի կառավարությունը շատ բարդ պայմաններում հայտնվեց, ունի միանգամայն այլ, շատ ավելի սահմանափակ նպատակներ և ի վիճակի չէ փոքրիշատե հաջողությամբ շարունակելու «իսլամական նախագիծը»։ Օրինակ, Լիբիայի, իսկ հետո նաև Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, թե Մեծ Բրիտանիայի իսլամական կազմակերպություններն ինչ չափով են բարեհաճ մնացել իշխանությունների հանդեպ և անգամ համերաշխություն արտահայտեցին այդ երկրներում Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիայի ու Գերմանիայի ձախ հասարակական-քաղաքական շրջանակներում հաճախ, այդ թվում` 2011-2012 թթ., հաճախակի դարձան ակնարկներն ու ռեպլիկներն այն առնչությամբ, որ այդ երկրներում և ամբողջ Եվրոպայում իսլամական կազմակերպությունների ակտիվությունը հիմնականում համահարաբերակցվում է բրիտանական քաղաքականության հետ։
Մեծ Բրիտանիայի իսլամական կազմակերպությունները, որոնք կոչված են աջակցություն ցուցաբերելու Չեչնիայի և իսլամական արմատական շարժման այլ օջախների, երբեք ինքնուրույն բնույթ չեն կրել։ Սա ակնհայտ էր հենց սկզբից։ Նրանք ղեկավարվել են, գլխավորապես, Եգիպտոսից, Պակիստանից ու Սաուդյան Արաբիայից։ Նրանց գործունեությունը Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ առանց իսլամական աշխարհի կենտրոնների ֆինանսական օգնության։ Հնարավոր է, որ Եվրոպայում միջոցների հանգանակության խնդիրներն էլ հիմնականը չեն եղել։ Փորձագետների կարծիքով, այդ կազմակերպությունների հիմնական նպատակը Եվրոպայում իսլամական արմատական շարժման քաղաքական-քարոզչական և կազմակերպական կենտրոնի ստեղծումն է եղել, իսկ հետո նաև այդ գործառույթները Հյուսիսային Ամերիկայում տարածելը։ Մեծ Բրիտանիան շատ հարմար ասպարեզ էր այդ առումով, քանի որ առանձնակի ազդեցություն ուներ թե՛ Եվրոպայի, թե՛ Հյուսիսային Ամերիկայի վրա։ Այդ կազմակերպությունները ձգտում էին ստեղծել եվրոպական ու ամերիկյան շահերին համահունչ քաղաքական հարաբերությունների մի ընդհանրություն և այնպիսի «հարթակ», որը կարելի կլիներ անվանել «իսլամական գործոն»։ Այդ կազմակերպությունների կարևոր խնդիրն էր հասնել այն բանին, որ եվրոպական պետությունները ճանաչեին Թալիբանի վարչակարգը։ Սակայն եվրոպական պետությունների քաղաքականությունն ու շահերը Ռուսաստանի հետ, իսլամական առաջատար պետությունների ու Չինաստանի հետ նրանց հարաբերությունների զարգացումն այդ կազմակերպությունների դիրքերի ամրապնդման հույսեր չէին թողնում։ Դրա հետ մեկտեղ, զգալի հակասություններ կային Եգիպտոսից ու Պակիստանից ղեկավարվող կազմակերպությունների միջև։
Արևմտյան առաջատար պետությունները հնարավորություն ունեն տեղեկություններ հավաքելու և սերտ հարաբերությունների մեջ են քաղաքական վերնախավերի հետ։ Այդ գործում տնտեսապես ավելի նախընտրելի են Գերմանիայի, Ճապոնիայի ու Ֆրանսիայի հնարավորությունները, բայց քաղաքական առումով առաջատար դեր ունի ԱՄՆ-ը։ Մեծ Բրիտանիան առայժմ չի շտապում մեծացնել տնտեսական ու քաղաքական ներկայությունը Կենտրոնական Ասիայում։ ԱՄՆ-ի առջև խնդիր է դրված թույլ չտալ, որ տարածաշրջանի պետությունները վերադառնան Ռուսաստանից քաղաքական կախման վիճակին։ Եվրոպացիները տնտեսական առումով ավելի ակտիվ են Կենտրոնական Ասիայում և պատրաստ են Ռուսաստանի հետ համագործակցելու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական անվտանգության ապահովման հարցերում։ Գերմանիայի համար, որը հումքի ավանդական աղբյուրներ չունի երրորդ աշխարհի երկրներում (ինչպես Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան), Կենտրոնական Ասիան առանձնակի նշանակություն է ստանում։
Ներկայումս Եվրոպայում և ԱՄՆ-ում Կենտրոնական Ասիայի հետազոտողները գտնվում են շահեկան վիճակում, քանի որ նրանց գործունեությունը լիուլի ֆինանսավորվում է, իսկ նրանց նյութերն ընթերցվում են իշխանության ամենավերին ատյաններում։ Դրա հետ մեկտեղ, այդ գործունեությանը միացել են ոչ որակյալ մասնագետներ, այդ թվում` Արևելյան Եվրոպայից, որոնք կատարում են ոչ հավաստի կանխատեսումներ ու սխալ վերլուծություններ։ Դրա հետևանքով «շիլաշփոթ» է տիրում գնահատականների, կանխատեսումների ու դատողությունների ասպարեզում։ Այս պայմաններում մեծանում է բրիտանական վերլուծական դպրոցի նշանակությունը, որի կարծիքը խիստ կարևորում են ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Վերջերս Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով երեք հիմնարկներ` Լոնդոնի տնտեսական և քաղաքական հետազոտությունների դպրոցը, Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների դպրոցը և Միջազգային հետազոտությունների թագավորական ինստիտուտը, Կենտրոնական Ասիայի խնդիրներին առնչվող ծավալուն վերլուծությամբ հանդես եկան։ Այդ աշխատանքը հիմք դարձավ նորանկախ պետություններում անվտանգության խնդիրներին նվիրված ընդհանուր զեկույցի շրջանակներում Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի առաջարկած զեկույցի համար։ Բրիտանացի վերլուծաբանների կարծիքը վճռորոշ եղավ Եվրամիության տված գնահատականներում։ Ներկայումս Արևմուտքում հետևյալ կարծիքն է ձևավորվել Կենտրոնական Ասիայում իսլամական շարժումների քաղաքական կայունության ու դերի մասին։
. Առայժմ վաղ է հետևություն անել Կենտրոնական Ասիայի պետություններում երկարաժամկետ քաղաքական ու քաղաքացիական կայունության հաստատման մասին։ Տարածաշրջանին նոր իրադարձություններ ու նոր քաղաքական գործընթացներ են սպասում` կապված խորհրդային սոցիալ-տնտեսական համակարգի լիակատար փլուզման, հասարակական հավասարակշռության նախկին պաշարի սպառման և միանգամայն նոր հասարակական-քաղաքական խմբերի ու շահերի առաջացման հետ։
. Կենտրոնական Ասիայի առանց բացառության բոլոր պետություններում պետք է տեղի ունենա քաղաքական վերնախավի փոփոխություն, բախումներ են սպասվում ներկա բյուրոկրատական վարչախմբերի ու իսլամական արմատական կազմակերպությունների միջև,
. Կառաջանան և կզորեղանան նոր կլաններ ու քաղաքական խմբավորումներ, ինչպես նաև իշխանության նոր (այլընտրանքային) կենտրոններ, որոնք անվերահսկելի կդառնան կառավարող վարչախմբերի համար։
. Կուժեղանա ազգային ու տարածաշրջանային անջատականությունը, ինչը կհանգեցնի եղած պետությունների պառակտմանը, զգալի թվով «դեֆակտո» անկախ տարածաշրջանների առաջացմանը։
. Իսլամական շարժումները կինտեգրվեն ազգայնական ու տեղայնական շարժումներին, ինչը կհանգեցնի իսլամական ազգայնական կառավարությունների ստեղծմանը։
. Կմեծանա քրեական սպառնալիքը, որը կարող է դառնալ տարածաշրջաններին սպառնացող հիմնական վտանգներից մեկը։
. Ձեռք բերված տնտեսական հաջողությունները նվազագույնի կհասցվեն, և, հնարավոր է, կսկսվի պետությունների ու հասարակությունների համակարգային փլուզման նոր փուլ։
. Առանձնապես ծանր կացության մեջ կհայտնվեն Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հնարավոր է` այդ երկրները չկարողանան պահպանել իրենց տարածքային-պետական ամբողջականությունը, ինչն արդեն օրախնդիր հարց է դարձել Ղրղզստանում։ Համեմատաբար նախընտրելի վիճակում կլինի ՈՒզբեկստանը, որը իսլամականներին կատարած մեծ զիջումների գնով կկարողանա պահպանել տարածքային ամբողջականությունն ու պետականությունը։ Բայց եթե առաջ Արևմուտքը և Ռուսաստանը, աջակցելով ՈՒզբեկստանին, դրանով իսկ կարող էին դրական ազդեցություն գործել ամբողջ տարածաշրջանի կայունության վրա, ապա առաջիկայում այդ մեխանիզմներն այլևս չեն գործի, և ՈՒզբեկստանը տարածաշրջանային նվաճողականության քաղաքակականությունից հարկադրված կլինի անցում կատարելու մեկուսացվածության դիրքեր։
Հենց այդ «արաբական անկյունից» է բխում վտանգը Ռուսաստանի համար, որն ունի նավթի, գազի և համաշխարհային նշանակության այլ հումքի ակունքներ։ Փորձագետի վկայությամբ, Արևմուտքի հետազոտական հիմնարկներում այն կարծիքն է ձևավորվել, որ հակամարտությունը Հյուսիսային Կովկասում ներկա փուլում հանդարտվել է և առայժմ չի սպառնում Ռուսաստանին։ Արևմուտքն այդպես էլ բողոքի լուրջ քայլեր չի ձեռնարկել Ռուսաստանի հանդեպ, քանի որ համապատասխան ծառայություններն իրենց կառավարություններին զգուշացրել են, որ սաուդցիների արկածախնդրությունը Հյուսիսային Կովկասում, հատկապես չեչենական սյուժեն, պակաս վտանգավոր չեն Եվրոպայի համար։ Եվրոպան սոսկ ուզում էր ձևացնել, թե մտահոգված է այդ իրադարձություններով։ Իրականում Եվրոպայի որոշակի քաղաքական և ֆինանսական շրջանակներ լրջորեն վախեցած էին, որ այդ իրադարձություններն ի հայտ կբերեն իրենց կապը չեչենական շարժման հետ և մասնակցությունը Չեչնիայի ղեկավարությանը ցուցաբերվող աջակցությանը։ ՈՒստի այդ նույն շրջանակները նախընտրել են Չեչնիան թողնել բախտի քմահաճույքին։ Գլխավորը, որ ցույց տվեց չեչենական պատերազմը Եվրոպային, այն է, որ այդ իրադարձությունները հանգեցրին Ռուսաստանում ավելի ազգայնական կառավարող վարչակարգի հաստատմանը։ Սա էր չեչենական պատերազմի գլխավոր արդյունքը։ Բացի այդ, Ռուսաստանն արագացրեց բարեփոխումները զինված ուժերում և պաշտպանական արդյունաբերությանը ցուցաբերվող աջակցությունը։ Ռուսաստանն այժմ ավելի քիչ կախում ունի Արևմուտքից և ավելի քիչ պարտավորություններ նրա հանդեպ։ Միաժամանակ, չեչենական իրադարձությունները հակառակ տպավորությունը գործեցին Եվրոպայի հասարակական տրամադրությունների առումով։ Բնակչության շատ խավեր սկսել են ավելի ագրեսիվ վերաբերվել մահմեդականներին, և մեծացել է բացասական վերաբերմունքը ներգաղթի նկատմամբ։ Դա առանձնապես զարգացում գտավ Չեչնիայում բրիտանացի մասնագետների գազանային սպանություններից հետո։ Այդուամենայնիվ, չեչենական հասարակական և քրեական խմբերը շարունակում են ակտիվ լինել Մեծ Բրիտանիայում, և նրանց միջոցով շատ խնդիրներ են լուծում Լոնդոնում հիմնավորված ռուսական խոշոր կապիտալի ներկայացուցիչները։ 2012-ի սկզբին պարզվեց, որ չեչենական այդ խմբերը կապված են նաև մի շարք երկրներում չեչենական քաղաքական վտարանդիության գործիչների հետ։ Հնարավոր է, որ չեչենական քաղաքական վտարանդիության կենտրոնը գտնվում է Լոնդոնում։ Մեծ Բրիտանիան նկատելիորեն կորցրել է հետաքրքրությունը «չեչենական թեմայի» նկատմամբ, հատկապես Վ. Պուտինի և Թ. Բլերի համապատասխան կոշտ երկխոսությունից հետո, բայց բրիտանացիները երբեք չեն հրաժարվի այնպիսի արժեքավոր գործառական, քաղաքական ռեսուրսից, ինչպիսին «չեչենական միջավայրն» է։
«Ռուսական նախագծի» վրա սաուդցիներն ու նրանց գործընկերներն արդեն այնքան շատ միջոցներ են ծախսել, որ չեն կարող հրաժարվել դրանից։ Բացի այդ, «Ռուսական նախագիծը» սաուդցիներին հնարավորություն է տալիս միջազգային ասպարեզում ներկա լինելու որպես «Մեծ տերություն»։ ՈՒրիշ ոչինչ, ներառյալ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (ՕՊԵԿ, ՆԱԵԿ), չի կարող նրա համար քաղաքական ակտիվ դեր ապահովել աշխարհում։ Ամբողջ հարցն այն է, թե որտեղ հերթական հարվածը կհասցվի Ռուսաստանում։ Փորձագետի կարծիքով, Հյուսիսային Կովկասում իրադարձությունների բնական շարունակություն կարող է դառնալ իրավիճակի սրումը Թաթարստանում և Բաշկորտոստանում։ Իսլամական շարժումների սաստկացում կարող է տեղի ունենալ Մոսկվայում, Ռուսաստանի խոշոր քաղաքներում։ Դա կարող է արդեն մոտ ժամանակներս տեղի ունենալ Սարատովում։ Հնարավոր է, սաուդցիները հասկացել են, որ Չեչնիան և առհասարակ Հյուսիսային Կովկասը` Մոսկվայից կտրված տարածաշրջանը, չեն կարող ազդել ռուսական պետության հիմքերի վրա։ Մինչդեռ հիմնական իսլամական քաղաքական զորությունը գտնվում է Ռուսաստանի կենտրոնում։ Ընդհանուր առմամբ, իսլամական գործոնը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ավելի արդյունավետ և գործուն` Ռուսաստանի վրա բրիտանական քաղաքականության ազդեցության առումով։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ