Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լռություն փոթորկից առա՞ջ, թե՞ իրական փոթորկի կանխում

Լռություն փոթորկից առա՞ջ,  թե՞ իրական փոթորկի կանխում
27.11.2012 | 00:58

Կարծես ամբողջ աշխարհը և մասնավորապես մեր տարածաշրջանը կարող են նորից թեթևացած շունչ քաշել. դեռ վերջերս անխուսափելի թվացող պատերազմը Իրանի հետ, երևում է, հետաձգված է։ Իրանական միջուկային ծրագրերի վերաբերյալ ԱՏԷՄԻԳ-ի (ՄԱԳԱՏԷ) ներկայացրած հերթական, ամենակոշտ զեկույցից հետո աշխարհում այն կարծիքն էր ձևավորվել, որ Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն ավելի մեծ է, քան ներգործության դիվանագիտական եղանակներինը։ Ավելին, Արևմուտքի փորձագետները հաշվարկել էին, որ Իրանի համար շատ քիչ է մնացել հասնելու միջուկային զենքի ստեղծման փուլին։ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, թե «մասնագետներն այն կարծիքին են հանգել, որ առաջին 7-8 ամիսներին Իրանը կավարտի կենտրոնախուսակների բոլոր անհրաժեշտ աստիճանների տեղակայումը, ինչը նրան հնարավորություն կտա ձեռնամուխ լինելու ատոմային զենքի ստեղծմանը»։ Ճիշտ է, ԱՄՆ-ում համակարծիք չէին դրան և համարում էին, թե Իրանին դեռ մոտ մեկ տարի էլ պետք է ուրանի հարստացման անհրաժեշտ մակարդակի հասնելու համար։ «Դրանից հետո նրանց դեռ մեկ տարի էլ անհրաժեշտ կլինի սեփական ատոմային ռումբ ստեղծելու համար։ Այս ամենն այն դեպքում, եթե Իրանի իշխանություններն ատոմային զենք ունենալու որոշում կայացնեն։ Եթե այդ բանը տեղի ունենա, ապա ԱՄՆ-ը կունենա բոլոր տվյալներն ու վկայությունները ռումբի վրա կատարվող աշխատանքների վերաբերյալ»,- հայտարարել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար, իսկ այժմ նախագահ Օբամայի քաղաքական խորհրդական Միշել Ֆլոռնոյը։
Եվ ահա օրերս իրանական միջուկային օբյեկտներին կանխիչ հարվածներ հասցնելու առավել հետևողական կողմնակիցներից մեկը` Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, շատերի համար անսպասելիորեն լոնդոնյան «Դեյլի թելեգրաֆ» թերթում հայտարարեց, որ Թեհրանը հետաձգել է միջուկային զենքի ստեղծման ծրագրերը և, համապատասխանաբար, Իսրայելը նվազեցրել է Իրանի կողմից ռազմական սպառնալիքի աստիճանը։ Այդ դիրքորոշմանը համակարծիք է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի վերջին ելույթը ՄԱԿ-ում միայն մեծացրել էր այն վստահությունը, թե ուր որ է պատերազմն սկսվելու է։ Սակայն հիմա նրանք (ի՜նչ հրաշք ասես չի կատարվում քաղաքականության մեջ) նոր «հավաստի տեղեկության» հիման վրա «կարող են հայտարարել», որ Իրանը մինչև 20 տոկոս հարստացվող ուրանի մոտ մեկ երրորդը կողմնորոշում է խաղաղ նպատակների, մասնավորապես` բժշկական նպատակների համար։ Այսինքն, ըստ էության, «պատերազմ գլխավոր ճուռակների» այս խոսքերը կարելի է գնահատել իբրև անուղղակի հաստատում այն բանի, ինչ Թեհրանը պնդում է վաղուց, մինչև վերջերս որևէ հույս չունենալով, թե իրեն լսող կլինի։ Ճիշտ է, Իսրայելի պաշտպանության նախարարը հպարտությամբ նշել է, թե Իրանը հարկադրված էր հետքայլ կատարելու, մասնավորապես երկյուղելով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը ռազմական գործողության կդիմեն, ինչը Թեհրանին թույլ չի տա ստեղծել միջուկային զենք։
Այդուամենայնիվ, օրինաչափ հարց է ծագում` այդ ի՞նչ է պատահել, որը հնարավորություն է տվել իսրայելցիներին նման սենսացիոն հետևությունների հանգելու։ Միգուցե դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ իր հերթին Վաշինգտոնը պարզորոշ հասկանալ է տվել, որ այդ հարցում չի պաշտպանում իր մերձավորարևելյան դաշնակցի՞ն։ Հակասությունն աննախադեպ սուր էր, և այդ պատճառով նախագահ Օբաման անգամ ժամանակ չգտավ ընդունելու Բենիամին Նեթանյահուին Սպիտակ տանը, երբ վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առթիվ գտնվում էր Վաշինգտոնում։
Բայց դա դեռ մինչև վերջերս ամենևին չէր խանգարում Երուսաղեմին խոսելու անխուսափելի հարվածի, Իրանի սահմանակից երկրներում ռազմահենահրապարակներ որոնելու մասին և հայտարարելու, թե յոլա կգնա նաև առանց ԱՄՆ-ի օգնության։ Թեև, միաժամանակ, պարզ էր, որ մի բան է ռմբահարել իրաքյան միջուկային ռեակտորը կամ սիրիական օբյեկտները կործանիչ ավիացիայի մեկ խմբով, մեկ այլ բան է փորձել ճզմել բավական հզոր իրանական ենթակառուցվածքը, որը լավ պաշտպանված է օդից ու ցամաքից, և, ավելին, իրեն ապահովել պատասխան հարվածից պաշտպանվելու միջոցներով։ Սա շատ մեծ ու բարդ գործողություն կլիներ, ինչին Իսրայելը, շատ հնարավոր է, չձգեր։ Այնպես որ, հնարավոր է, իսրայելցիները հիշել են մեծ ռազմավար Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը` «Քաղաքականությունը հանգամանքներին հարմարվելու և ամեն ինչից, անգամ այն բանից օգուտ քաղելու արվեստ է, ինչը դուր չի գալիս», և որոշել են Կնեսետի առաջիկա ընտրությունների նախօրեին անակնկալ մատուցել ընտրողներին` իրենց «բաղձալի հաղթանակի» տեսքով։
Հետաքրքիր է, որ հենց նախընտրական տեխնոլոգիաներով է (բայց այս անգամ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների) բացատրվում մի որոշ պակաս նշանակալի սենսացիա իրանական թեմայով։ ՈՒրեմն, «Նյու Յորք թայմս» թերթը, վկայակոչելով նախագահ Օբամայի վարչակազմի մի բարձրաստիճան աղբյուրի, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ը և Իրանն առաջին անգամ պայմանավորվածության են եկել բանակցելու «առերես»` կապված իրանական միջուկային ծրագրերի հետ, որ երկու երկրների իշխանություններն ընդառաջել են միմյանց և հող են նախապատրաստում, «ինչը կարող է ծառայել իբրև վերջին` վճռորոշ, դիվանագիտական ջանքը Իրանին ռազմական հարվածի կանխման համար», բայց և, որ նման երկխոսություն կարող է լինել Ամերիկայում նախագահական ընտրություններից հետո` «իսլամական հանրապետությունում ուզում են կայունության երաշխիքներ ստանալ», և որ ամերիկյան կողմը կցանկանար բանակցությունները սահմանափակել միայն միջուկային խնդրի քննարկմամբ, մասնավորապես` Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների հարցի, սակայն Թեհրանում պատրաստ են քննարկելու բազմաթիվ այլ հարցեր ևս` մասնավորապես Սիրիայի և Բահրեյնի իրադարձությունների հարցը։ Հաղորդվում է, որ երկկողմ բանակցությունների շուրջ պայմանավորվածությունը Վաշինգտոնի ու Թեհրանի բազմամյա գաղտնի շփումների արդյունք է, որոնք Բարաք Օբամայի իշխանության գալուց հետո էին սկսվել (թեև մի ժամանակ փորձագիտական ընկերակցության շրջանում համոզմունք կար, որ գաղտնի հանդիպումներ ու բանակցություններ եղել են բավական վաղուց ու կանոնավորապես)։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեիի դիրքորոշումը, իբր, մնում է անհայտ, սակայն բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից, որոնք հավատարիմ են նրան։
Ինչպես և պետք էր սպասել, Իրանի արտգործնախարար Սալեհին արագ արձագանքեց` «Մենք Ամերիկայի հետ մտքերի որևէ փոխանակություն կամ բանակցություն չենք վարում», այնուհետև ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թովմաս Վիտորը հայտարարեց, որ Նահանգները շարունակում է աշխատել «հինգի» խմբի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների) հետ` խնդրի դիվանագիտական հարթման վրա, սակայն Թեհրանի հետ Վաշինգտոնի երկկողմ հանդիպման մասին ոչ մի պայմանավորվածություն, նրա ասելով, չկա։ Եվ, այդուամենայնիվ, իրականում կա՞, արդյոք, պայմանավորվածություն Իրանի ու ԱՄՆ-ի միջև` ուրանի հարստացման իրանական ծրագրի դադարեցմանն առնչվող ուղղակի բանակցությունների վարման վերաբերյալ։ Մի կողմից, թերթը, որն ավելի շատ հայտնի է իբրև Բարաք Օբամայի քաղաքականության խոսափող, վկայակոչում է նախագահի աշխատակազմի մի գաղտնի աղբյուր, այդ դեպքում հավանականություն կա, որ այդ ամենն ավելի չէ, քան նախընտրական շոու, մյուս կողմից, այդ տեղեկությունը պարզապես չէր կարող հրապարակվել առանց աղբյուրների ստուգման, ու հազիվ թե թերթն իր հեղինակությունը թղթախաղի դներ, տպագրելով կանխահայտ կեղծիք։ Այնպես որ, մտածելու բան կա՛։
ՈՒ էլի մի հետաքրքիր հանգամանք։ Բառացիորեն հենց այդ ժամանակ աշխարհի լրատվամիջոցները լայնորեն տարածեցին ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Բժեզինսկու այն կարծիքը, թե Սիրիայում կամ Իրանում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, ամենայն հավանականությամբ, աշխարհաքաղաքական պայթյուն կառաջացնի Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում, որի հետևանքներն իր վրա կզգա ամբողջ աշխարհը։ «Ժողովրդավարությունը Սիրիա և Իրան արտահանելու ԱՄՆ-ի փորձերը վտանգավոր երազանք են։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից գծված մերձավորարևելյան պետությունների սահմանները կայունությամբ աչքի չեն ընկնում։ Տարածաշրջանի անգամ առավել կայուն երկրները` Թուրքիան և Իրանը, խոցելի են ներքին ազգային ու կրոնական հակամարտությունների տեսակետից»,- ընդգծում է քաղաքագետը։
Միջուկային զենք ստեղծելու Իրանի փորձերի վերաբերյալ վեճերի մեծ մասը պտտվում է երկու տարբերակի շուրջ։ Առաջին` ապավինել միջուկային զսպման քաղաքականությանը և հաշտվել այն բանի հետ, որ Իրանը կունենա ոչ մեծ միջուկային զինանոց կամ կարճ ժամանակամիջոցում այդպիսին ստեղծելու հնարավորություն։ Երկրորդ` հասցնել կանխիչ ռազմական հարված` նպատակ ունենալով ոչնչացնելու իրանական ծրագրերի կարևորագույն տարրերը և արգելակելու դրանց զարգացումը մոտավորապես երկու կամ ավելի տարով։ Բայց հիմա ի հայտ կգա նաև երրորդ տարբերակ` բանակցությունների միջոցով սահմանել միջուկային ծրագրի նշաձող, որն այնքան էլ ցածր չի լինի իրանական կառավարության համար և ոչ էլ այնքան բարձր` Միացյալ Նահանգների, Իսրայելի և մնացած աշխարհի համար։ Ամեն դեպքում, նոյեմբերին պետք է վերսկսվեն վեց պետությունների բանակցությունները Իրանի ղեկավարության հետ։
Եվ այդ ժամանակ պարզ կդառնա` այս ամենը լռությո՞ւն է փոթորկից առաջ, թե՞ իրական փոթորկի կանխում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ