Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մատ առանց շախի՞

Մատ առանց շախի՞
04.11.2012 | 19:53

Վարդան Օսկանյանի մասին խոսակցություններն ու կանխատեսումները շարունակվում են։ Սակայն կրկնության սկզբունքով և նույն առանցքի շուրջը։ Տեղապտույտ է, նորություն չկա։ ՈՒշանում է վերջակետը։ Այն, անշուշտ, կդրվի հաջորդ դասից առաջ, երբ նախագահական ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ։

Պաշտպանելո՞ւ է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ ունենալու է սեփական թեկնածու. սա՛ է բոլորին հուզող հարցը, որի անորոշությունը քաղաքական տարբեր ուժերի միջև մերթընդմերթ մեծացնում է լարվածությունը և խոսքակռվի առաջին գիծ ուղարկում «ցոգոլ» ճարտարախոսների։ «Մարտնչողների» էլիտար «դաշտը» չի փոխվել, եղել ու մնում է հարմարավետ ԱԺ, որտեղ կարծիքաբախումները տեղի են ունենում նախապես գծագրված սցենարով, տնային հանձնարարությունների լույսի ներքո։ Այսքանից հետո ծիծաղելի է դառնում, երբ նիրհից արթնացող մեկը, ստանձնելով վարժապետի դեր, գործընկերոջ կարծիքը որակում է որպես «Ճ» կլասի ելույթ։ Իսկ մյուսը, այս դեպքում արդեն կուսակցի թասիբը քաշող ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը, նման գնահատական հնչեցնողի երեսին շրխկացնում է. «Խորհուրդ չեմ տա խոսել «Ճ» կլասի ելույթներից, զեկուցումներից, հոդվածներից, որովհետև հենց էստեղ, ԱԺ-ի դահլիճում, հայտարարությունների ժամին էնպիսի քծնանքի, ձանձրույթի և տափակության համադրություն է, որ ուղղակի անհարմար ես զգում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։ Իսկ լեզվախոցումից խանդավառված երրորդին` երիտասարդ հանրապետական Կարեն Ավագյանին, պիտի թվա, թե ինքը խիզախության «դասին» ԲՀԿ-ականների «պորտը» տեղը դրեց. «Իրավական խնդիրները քաղաքական դաշտ մի բերեք։ Իշխանությունը չի ստիպել պարոն Օսկանյանին ֆինանսական մեքենայություններ անել, «Սիվիլիթասին» հատկացված գումարներն անձնական կարիքների համար օգտագործել։ Վարդան Օսկանյանին քաղաքական զոհ սարքելու ոմանց փորձն այլևս ձախողված է»։ Եթե այս արտահայտությունն աներ «ծանր քաշային» Գալուստ Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը կամ քաղաքական կշիռ ունեցող ցանկացած պատգամավոր, խոսքն արժեք կունենար, և զուգահեռներ չէի անցկացնի Վարդան Օսկանյանի և Վարդան Այվազյանի միջև և ոչ էլ համեմատության համար կդիմեի ԱԺ-ի քաղաքական ուժերի երևելի դեմքերին, որոնցից շատերը, ի դեպ, խնդրեցին, որ «խոսքը մեր մեջ մնա»։ Տղամարդավարի կատարելով խոստումս, այնուամենայնիվ, համաձայն եմ իմ այն զրուցակիցների հետ, ովքեր կողմնակից չեն իրավական հարցերը քաղաքական դաշտ տեղափոխելուն։ Այս առումով գուցե Կարեն Ավագյանն իրավացի՞ է։ Իսկ միգուցե կանխակալ կարծիք հայտնելը վաղը չներվի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված լինի մարգարեանալու` հիշեցնելով, որ «եթե իրավապահները չկարողանան ապացուցել Վարդան Օսկանյանի մեղավորությունը, ապա նրա անձը վիրավորողները հարկադրված կլինեն պատասխան տալու»։ Դա կլինի ներողության տեսքով, քննիչի կամ գլխավոր դատախազի մակարդակով, թե ԱԺ-ում «ուտուշ-խմուշի» սեղանի շուրջը` այդ օրը կուսակցությունների համերաշխության օր հռչակելով, ժամանակը ցույց կտա։ Իսկ իրադարձություններին հետևողներս, որպեսզի վաղը չհայտնվենք մասնագիտական լուսանցքից դուրս, պարտավոր ենք ճիշտ ժամանակին պարզաբանել հասարակական հնչեղության հարցը. Վարդան Օսկանյանի պարագայում չկա բողոքող կողմ, բայց «տուժած» «Սիվիլիթասի» «շահերի պաշտպան» ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդությամբ մտնում է ԱԺ և հեշտությամբ ԲՀԿ-ի 2-րդ համարին կարմիր քարտ ցույց տալիս։ Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացում, իրոք, ամեն ինչ ճիշտ է։ Խոցելին, բարոյական տեսակետից, ԱԺ-ի պատգամավորների մարդկային նկարագիրն է։ Եվ ոչ միայն օրենսդիրների։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հետաքրքիր «ռևերանս» կատարեց. «Ի՞նչ կփոխվի, եթե Վարդան Օսկանյանի անունը փոխենք Աղվան Հովսեփյանով։ Ոչինչ»։ Երիցս արդարացի էր նաև նա, ով դահլիճի «շեմքին» նայելով, նկատեց. «90 %-ին ցանկացած պահի կարելի է արժանացնել Օսկանյանի ճակատագրին»։ Եվ ոչ մի առարկություն։ Լռեցին։ ՈՒրեմն համաձայն են։ Անհամաձայնության փորձ կատարեց թերևս միայն դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, ով սիրիահայությանն օգնելու նպատակով կոորդինացնում էր առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրման և տեղափոխման գործընթացը։ Սողանցքեր նկատելով օրենսդրական դաշտում` նա մտահոգություն հայտնեց. «Ես ի՞նչ իմանամ, որ վաղը չեք գալու իմ հետևից ու ասեք` էս որտեղի՞ց, ո՞ւր է սրա փաստաթուղթը։ Դիմել են։ Չօգնե՞մ»։ Ոչ ոք նման բան մտքի ծայրով անգամ չի կարող անցկացնել, մանավանդ ընկեր Հովհաննիսյանի պարագայում։ Բայց մյուս ծայրով ինքն իրեն հարց կտա. «Ինչո՞ւ ենք «նաղդը թողած` ընկնում նիսիայի հետևից»։ Զորօրինակ, Վարդան Այվազյանը։ Բնապահպանության նախկին նախարարին` ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այժմյան նախագահին, Ամերիկայի հանքարդյունաբերողները մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Նյու Յորքի դատարաններից մեկը լսել է գործը և վճիռ կայացրել, համաձայն որի` Վարդան Այվազյանից պետք է գանձվի 37 մլն 538 հազար ԱՄՆ դոլար։ Ստացվում է` կա բողոքող կողմ։ Դա «Գլոբըլ Գոլդ Քորփորեյշնն» է, և կա մեղադրյալ` ՀՀ քաղաքացի Վարդան Այվազյանը։ Սա ամերիկյան օրենքներով, որը մեր հեչ... չէ՛։ Ընդունենք։ Այդ դեպքում ինչո՞ւ է հայրենի դատաիրավական համակարգը լռությամբ համաձայնում իր ազնիվ քաղաքացու բարի համբավը ոտնահարելուն։ Եթե այդպես չէ, ուրեմն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անտարակույս ԱԺ-ի առաջիկա նիստերից մեկում ներկայանալու է Վարդան Այվազյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, գոհանա մեծամասնության համաձայնությունից, այնուհետև քննչական գործընթացների վերջնական արդյունքում առանց շախի մատ հայտարարի Նյու Յորքի հարավային շրջանի դատարանին։
Մտահոգությունս փորձեցի կիսել քաղաքական տարբեր թևերի ներկայացուցիչների հետ։ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջինն էր, որ առանց տատանվելու արտահայտեց իր կարծիքը. «Դուք չգիտե՞ք մեր երկրում դա ոնց է լինում։ Եթե գլխավոր դատախազն ուզենա, կգա, հարցը կներկայացնի, չի ուզենա, չի գա ԱԺ։ Բայց ասեմ, որ ամերիկյան դատարանի որոշումը միանշանակ մեզ մոտ չի կարող գործել»։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մոտ էր և ինձ թվաց, տեղյակ է մեր զրույցի թեմային։ Սխալվեցի։ ՈՒ հենց որ կրկնեցի հարցս, նա խուսանավեց, փորձեց շեղվել ճանապարհից, բայց տարածության վրա, այնուամենայնիվ, արտաբերեց. «Կոռեկտ չեմ համարում պատասխանելը։ Վարդան Այվազյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, ես` նրա տեղակալը։ Մենք գործընկերներ ենք, հետևապես, ինչպես կարող եմ...»։ Մտքովս ափսոսանք անցավ. խե՜ղճ Վարդան Օսկանյան, 10 տարի արտգործնախարար է եղել ու ՀՀԿ-ում ոչ մի գործընկեր հետ չի գցել, որ իր նեղ օրին գար ու ԱԺ-ում կամ որևէ լրագրողի մոտ բացեիբաց «թասիբը» պահեր։ Հետաքրքիր և կարծում եմ շատ ու շատ օրենսդիրների համար նույնպես ուսանելի մեկնաբանություն արեց նախկին արտգործնախարար, ժամանակին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը։ «Ժառանգության» քվոտայով ԱԺ եկած պատգամավորի կարծիք-տեսակետը, ցավոք, բառացիորեն չեմ կարող ներկայացնել զուտ տեխնիկական պատճառով։ Ձայնագրիչս «լռված» մնաց նաև Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) և այլոց հետ խոսելիս։ Իսկ երբ հանդիպեցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, գործընկերս օգնության էր հասել.
-Պարոն վարչապետ, ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ օրերից մի օր Վարդան Այվազյանը դառնա Վարդան Օսկանյանի բախտակիցը։
-Ինչի՞ց ելնելով։
-Ելման խնդիր չկա՞։
-Ես տեղյակ չեմ այդպիսի խնդրից։
-Տեղեկացնեմ։ Երկար ժամանակ է` ՀՀԿ-ական պատգամավորը չի «իջնում» մամուլի էջերից։ Թերթերը գրում են, որ Այվազյանի և միջազգային «Գլոբըլ Գոլդ Քորփորեյշն» կազմակերպության միջև «սև կատու» է անցել և համաձայն ամերիկյան դատարանի կայացրած վճռի, մեր բնապահպանության նախկին նախարարը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ.- ԱԺ-ի 131 պատգամավորներից յուրաքանչյուրն այս կամ այն խնդրով քվեարկելիս, դեմ առ դեմ զրուցելիս մեղայականով ինքն իրեն կարող է կշտամբել. «Ախր, ես ինչպե՞ս...»։ Սովորական մահկանացուներս ոչնչով պակաս չենք մեր ազգի ընտրյալներից, այդ մենք եք նրանց ընտրել և արժանի ենք միմյանց։ ՈՒրեմն ամենից առաջ ինքներս մեր մեջ պարզենք. «Ախր ես ինչպե՞ս ընտրեցի քեզ...»։ Հենց գտանք, ուրեմն առանց շախի մատը կայացած է։

Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ