Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը պետք է լիներ միայն մեկ բանի մասին

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը պետք է լիներ միայն մեկ բանի մասին
18.11.2023 | 11:25

ՄԱԿ-ի միջազգային դատարանը, ժամանակին ՀՀ դիմումը քննարկելով, որոշեց պսրտադրել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հայաստանում մեծ տոնախմբություն էր, տոնում էին հաղթանակը: Ադրբեջանում ծիծաղեցին, ինն ամիս արցախցիներին սովամահ արեցին և իրականացրին դասական էթնիկ զտում: Այդ ընթացքում ռուս խաղաղապահները՝ Արցախի ներսից, եվրադիտորդները՝ Հայաստանի սահմանամերձ բարձունքներից հեռադիտակներով կինո էին նայում և մեղադրում Երևանին: Ռուսաբյուրոկրատները մեղադրում էին Երևանին արևմտամետության մեջ, եվրաբյուրոկրատները՝ ռուսակենտրոն կառույցներին, մասնավորապես ՀԱՊԿ-ին անդամակցելու մեջ: Հիմա, Արցախի բնակչության բռնագաղթից հետո, Մոսկվայում, Բրյուսելում և Վաշինգտոնում հայտնվել են արցախահայերի իրավունքների «կատաղի» պաշտպաններ: Հատկապես շեշտադրվում է ադրբեջանական վերահսկողության պայմաններում հայերի վերադարձն անվտանգ ապահովելու մասին թեզը: Երեկ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը ընդունեց ՀՀ դիմումի համաձայն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշում: Այն պարտավորեցնում է Բաքվին ապահովել հայերի անվտանգ, անխափան և նույնիսկ արագ վերադարձը իրենց բնակության վայրեր: Այսօրվանից Երևանում նորից կսկսվեն հաղթանակի տոնակատարությունները, հայտնի պալատական վերլուծաբանները հեռուստաէկրաններից փառահեղ հարցազրույցներ կտան Ադրբեջանին ջախջախելու մասին: Բաքվում կծիծաղեն և կհայտարարեն, որ ոչ ոք հայերին չի վտարել, նրանք հայկական քարոզչության զոհերն են, սիրով սպասում են նրանց իրենց սիրելի հայրենիք Ադրբեջանում: Այս որոշումը հերթական անգամ կարող է ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին: Բաքվում վաղուց են պլանավորել հակամարտության ընթացքում Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականների վերադարձի միջազգային մեխանիզմների ստեղծման հարցը: Չկասկածեք, որ շուտով այդ մասին էլ սիրելի ՄԱԿ-ը որոշում կընդունի: Եթե նրանց թիվը 1988-1990թթ., եթե չեմ սխալվում, 140000 էր, երեսուն տարի անց հաստատ կլինի մոտ կես միլիոն: Եթե ոչ մի հայ ադրբեջանական իշխանության տակ չի վերադառնա և չի ապրի, ապա ադրբեջանցիները, իրենց թիկունքում ունենալով հզոր պետության անվտանգ հովանավորության երաշխիքը, հաստատ կգան: Եթե սրան գումարենք նաև մեզ մոտ շարունակվող արտագաղթը, ապա մարտահրավերները պարզ կդառնան: ՄԱԿ-ի դատարանի որոշումը պետք է լիներ միայն մեկ բանի մասին՝ Արցախի դեօկուպացիա և հայկական ադմինիստրացիայի վերականգնում, մնացյալը ես դիտարկում եմ որպես ծաղրանք հայ ժողովրդի նկատմամբ: ՄԱԿ սիրողներին էլ ցանկանում եմ հանգստյան օրերին կերուխում և հաղթահանդեսներ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ