«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Նախարարությունը հետևելու է բոլոր բուհերի բոլոր քննություններին»

«Նախարարությունը հետևելու է բոլոր բուհերի բոլոր քննություններին»
26.12.2008 | 00:00

ԱՄՓՈՓՈՒՄ
Այս օրերին գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարներն ամփոփում են իրենց ոլորտների գործունեությունը։ Կրթության և գիտության նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ նույնպես ներկայացրեց այս տարի ոլորտում իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Խոսելով հանրակրթական ոլորտի մասին՝ նախարարը հայտնեց, որ կառավարության 2008 թ. մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագիրը», որն ուղղված է նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության և որակի ապահովմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը: Դրա հիման վրա մեկնարկել է փորձնական ծրագիր հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի 22 հաստատություններում: Նրա խոսքով, փորձնական ծրագրի այս փուլում ընդգրկված է 540 երեխա։
Անդրադառնալով գործող 10 փորձնական ավագ դպրոցներին, նախարարը նշեց, որ ավագ դպրոցների համակարգի լիարժեք գործունեության արդյունքում 2-3 տարի հետո էական բարեփոխում կլինի ամբողջ կրթական, ինչպես նաև բուհական համակարգում: Այս տարի նաև աշխատանքներ են իրականացվել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման, դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրելու ուղղությամբ: Ներկայումս ցանցում ընդգրկված 324 դպրոցին մինչև փետրվար կմիանա ևս 320-ը:
Անդրադառնալով ռազմահայրենասիրական դաստիարակությանը` Ս. Սեյրանյանը նշեց, որ այս տարի 600 դպրոցի ռազմագիտության դասարան համալրվել է ուսումնական զենքով և դիդակտիկ նյութերով, իսկ 278 դպրոցի տրամադրվել է հեռուստացույց և տեսասարք:
Տարիներ շարունակ մեծ ուշադրություն է դարձվել հանրակրթությանը և բուհական համակարգին, իսկ ուսումնարաններն ու քոլեջները դուրս են մնացել պետական քաղաքականության ուշադրությունից: Ուստի այդ ոլորտում դեռևս լուրջ անելիքներ կան: Ս. Սեյրանյանը հայտնեց, որ այդ ոլորտը զարգացնելու նպատակով այս տարի ընդունվել է «ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը», մասնագիտական կրթության բարեփոխումների 2008-2011թթ. միջոցառումների ծրագրով և ժամանակացույցով:
ԿԳ նախարարն այս ոլորտում կարևորեց այն, որ այս տարի մրցութային կարգով ընտրվել է 12 մասնագիտական կրթական ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվել են շուրջ 810 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ առաջիկայում նախատեսվում է 2 մլրդ դրամ արժողությամբ նյութատեխնիկական բազայի տրամադրում: Այս տարի կազմակերպվել են նաև վերապատրաստման դասընթացներ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և դասախոսական անձնակազմի համար: Նախարարն այսօր առկա լուրջ խնդիր է համարում հանրապետությունում որակյալ աշխատանքային կադրերի պակասը:
Ինչ վերաբերում է բուհական համակարգին, ապա, ըստ նախարարի, «մեզանում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ կարևորվում է ոչ թե կրթության բովանդակությունը, այլ կրթության փաստը»։ Նա նաև տեղեկացրել է, որ մասնավոր բուհերում նախարարության սկսած ստուգման արդյունքները կամփոփվեն հունվարին, ու չի բացառվում, որ որոշ մասնավոր բուհեր զրկվեն արտոնագրից։ Հանրապետության բոլոր բուհերը` թե՛ պետական, թե՛ մասնավոր, այսուհետ միջազգային որակավորում են անցնելու։ Ընդ որում, որակավորման մրցույթն անցնելու է բոլոր բուհերի բոլոր մասնագիտությունների գծով, որպեսզի պարզվի, թե որքանով են դրանք համապատասխանում միջազգային ընդունված չափանիշներին։ Իսկ բուհական կիսամյակային քննություններին նախարարությունն անձամբ կհետևի. «Հունվարին, երբ կսկսեն քննությունները, նախարարությունը նախանձախնդիր կերպով հետևելու է բոլոր բուհերի բոլոր քննություններին` հիմնական ուշադրությունը դարձնելով, այսպես ասած, էլիտար մասնագիտություններին, հաշվի առնելու համար առաջադիմության ընդհանուր մակարդակը»։
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ կրթության նախարարն անդրադարձել է նաև մի շարք այլ հարցերի: Ինչ վերաբերում է 18 տարին բոլորած ուսանողների` պարտադիր զինծառայություն անցնելու հարցին, նախարարը պատասխանել է, թե ողջունում է այդ մոտեցումը. «Դրանից շահելու են և՛ բանակը, և՛ կրթական համակարգը, և՛ հասարակությունը»։
Գիտության բնագավառում նույնպես բարեփոխումներ են իրականացվել: Թեմատիկ ֆինանսավորումը, որը գիտնականներին հուզող հիմնական հարցերից է, այսուհետ կիրականացվի համաշխարհային փորձի հիման վրա:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3599

Մեկնաբանություններ