Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լուրեր

Լուրեր
28.11.2008 | 00:00

Ոտքի վրա ցրեց
ԵԽ ԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայաստանյան վերջին ասուլիսում խիստ մտահոգություն էր արտահայտել Հայաստանի ներքաղաքական առկա վիճակի, հատկապես քաղբանտարկյալների դատավարությունների առնչությամբ։ Երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մխիթար Մնացականյանին խնդրեցինք կարծիք հայտնել Համմարբերգի մեկնաբանությունների առնչությամբ, նա երկու-երեք րոպե ոչ մի բառ չարտաբերեց, հավանաբար, հարմար «ցրող» պատասխան էր փնտրում, բայց չգտավ. «Ես դեռ այդ զեկույցի հետ ծանոթ չեմ»։ Սակայն խոսքը ոչ թե զեկույցի, այլ ընդամենը տեսակետի մասին էր։ Հետո էլ հանկարծ հիշեց. «Հեռուստացույցով դուք էլ, ես էլ լսել ենք նրա նկատառումները, բայց վերջնական զեկույցը մինչև պատրաստ չլինի, չենք կարող քննարկել»։ Իսկ այն, ինչ արտահայտել է, գոնե այդ մասով ի՞նչ կասեք, հարցրինք։ «Արտահայտել է այն, ինչ արտահայտել է։ Հիմա ուզում եք՝ որպես ՀՀ քաղաքացի՞ կարծիք հայտնեմ»։ Հակադարձեցինք՝ որպես հանձնաժողովի նախագահ։ «Նույն բանը պիտի ասեմ, ինչ ինքը»։ Ստացվում է, որ համամիտ եք ԵԽ ԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Մեր այս եզրակացությունն արդեն լիովին հունից հանեց ԲՀԿ-ականին, ու նա ձեռքով ձայնագրիչն անջատելու փորձ արեց, հետո էլ առաջարկեց «ոչ ոտքի վրա» պատասխանել մեր հարցերին, բայց միայն 15 րոպե հետո։ Մինչդեռ երբ պատգամավորի աշխատասենյակ գնացինք պատասխանները «նստած» լսելու, հանդիպեցինք ցրելու վաղուց հնացած «տրյուկին»։ «Մարդ կա մոտը»,- փոխանցեց քարտուղարուհին՝ խնդրելով մեր հեռախոսահամարը, որ իրենք զանգահարեն։ ՈՒ մինչ այս պահը Մնացականյանը մեր հարցերին դեռ պատասխանում է։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչում են
Երեկ տեղեկացանք, որ Քոչարյանի ու Օսկանյանի ձեռքով «բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի տարածաշրջանային կենտրոն դարձած մեր երկրից» հերթական օտարերկրյա ներդրողն է «պուկ տալիս»: Ի՞նչն է պատճառը, որ մոտ 1000 աշխատատեղ ստեղծած «Լայկոս-Հայաստան» ընկերությունը փակում է իր դռները և այդքան մասնագետի անհաց թողնում, փաստորեն, ակամայից նրանց ևս ստիպելով «քոչել» մեր երկրից, անհայտ է։ Ընկերությունում հրաժարվեցին մեզ որևէ բացատրություն տալուց։
Գ. ՍԻՄՈՆՅԱՆ

Քոչարյանը դեմա՞րշ էր անում
Նոյեմբերի 20-ին ղարաբաղյան հիմնախնդրի քննարկմանը հրավիրված քաղաքական ուժերից «ամենաակտիվը» Հայաստանի սոցիալ-դեմոկրատ (առանց «ական»-ի) հնչակյան կուսակցության ղեկավար, Քոչարյանի մամլո քարտուղար, ոչ անհայտ Վիկտոր Սողոմոնյանի հայր Էռնեստ Սողոմոնյանն էր, որը «նստել» է ՆԷՊ-ի օրոք, Նիկոլայի օրոք և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ որպես «մարդ-կուսակցություն»:
Պարոն Էռնեստն ակտիվ էր հատկապես «կոնֆերենս» դահլիճից ներս ու դուրս անելու հարցում՝, իբր Ղարաբաղի «դարդից» ծխում ու ծխում է. նա հազար անգամ (իրականում՝ ուղիղ տասն անգամ) դուրս եկավ քննարկումների դահլիճից՝ «Ղարաբաղի մասին» ծխեց-ներս գնաց, ծխեց-ներս գնաց, այն դեպքում, երբ դահլիճից հազվագյուտ դուրս եկողներ եղան:
Ոզնուն էլ էր պարզ, որ այդ քայլով բոլոր ժամանակներում բոլոր նախագահներին հավատարիմ ծառայած Էռնեստը՝ հնչակյան, ցանկանում էր ցույց տալ քաղաքական բենեֆիսի մեջ գտնվող Սերժ Ազատի Սարգսյանին, որ «առանձնապես հիացած չէ նրանով և նրա պահվածքով» առ այն, որ վերջինս փոխանակ վարչապետ նշանակի Ռոբերտ Քոչարյանին, «թիթեռ է նկարում» կուսակցությունների համար:
Պարզ է, չէ՞. առանց Քոչարյանի «դաբրոյի» պարոն Էռնեստը՝ մարդ-կուսակցությունը, չէր կարող այդքան վեր-վեր թռչել իր սեփական գլխից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Տարհանվել է
Տեղեկացրել էինք. եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ ընտրվի երիտասարդ Էդուարդ Շարմազանովը (որը համ էլ հույն է), խմբակցության նախկին նախագահ Կարեն Կարապետյանն «ազգային խտրականություն» հանդես չի բերի, իմա` չի տանի ֆրակցիայի սենյակում «հանգչող» կաշվե թանկարժեք սև կահույքը:
Նախորդ օրը փոքրիկ շրջայց կատարեցինք ֆրակցիայի տիրույթներում. սենյակները դատարկ էին, ներսի հանգստարանում Գրիգորիչը մի տասը-քսան աթոռ էր շարել` դատարկը լցնելու համար, իսկ իր սենյակի համար մի քանի աթոռ էր գնել (բավականին թանկարժեք աշխատասեղանները Կ. Կարապետյանը, բոլոր դեպքերում, թողել էր), հեռուստացույց, ճիշտ է, ոչ նախկինի նման` «հազարը հազարի» վրա «Սամսունգ», էնպես, իր համար, համեստ «տելեվիզոր» էր:
Մի «դիվան». «Եսիմ որտեղից բերել ենք, յոլա գնանք, շուտով մենք էլ լավը կառնենք, չմտածեք, ավելի լավը կառնենք», ասին:
Է՜, ասում եք, էլի. համաշխարհային էս ճգնաժամի օրերին, երբ ՀՀԿ պատգամավորները գործարաններն են փակում, հեշտ եք խոսում:
Չնայած երթուղայինների վրա համաշխարհայինը, ոնց որ, դեռ չի ազդել:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Անսողանցք օրենք
«Պաշտպանության մասին» օրենքը երրորդ ընթերցմամբ օրենսդրի հավանությանն արժանացավ։ Օրենքի շուրջ քննարկումները բավականին տարակարծությունների տեղիք տվեցին, հատկապես մամուլում շրջանառվում էր այն վարկածը, թե այն հավասար լիազորություն է ընձեռում ՀՀ ՊՆ ԳՇ պետին և պաշտպանության նախարարին, ինչը որոշակի հակասություններ է առաջացրել նրանց միջև։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանից հետաքրքրվեցինք` իսկապե՞ս օրենքն այդպիսի սողանցքներ ունի։ «Եթե մամուլում նման տեղեկություններ կան, ապա դա թյուրըմբռնման արդյունք է։ Իրականում տարանջատվել են պաշտպանության նախարարի, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և գլխավոր շտաբի պետի գործառույթները։ Հին օրենքով գլխավոր շտաբի պետը հանդիսանում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, իսկ նոր օրենքով գլխավոր շտաբի պետը գլխավոր շտաբի պետ է և ենթարկվում է նախարարին։ Նոր օրենքը նաև լուրջ հստակություն է մտցրել կառավարման համակարգում։ Այսինքն` խաղաղ և պատերազմական ժամանակներում զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անմիջական ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, որից հետո միայն զինված ուժերը ղեկավարում է գլխավոր շտաբի պետը։ Վերջինս նաև զինված ուժերի ամենաբարձրաստիճան զինվորականն է»։ «Ասել է` բացառում եք, որ պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև հակասություններ կան» հարցին ի պատասխան Աղաբեկյանը հավելեց. «Բացառվում է։ Հակառակը, օրենքը յուրաքանչյուրի անելիքը լիովին հստակեցրել է»։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մատվեյիչին չեն մոռացել
Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը, Շիրակի մարզի Այգաբաց գյուղի միջնակարգ դպրոցը կանվանվի Ալեքսան Կիրակոսյանի անվամբ:
Այգաբացը բոլոր ժամանակների «գորշ կարդինալի» ծննդավայրն է: Մատվեյիչի ամենամեծ պաշտոնն ընդամենը մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ լինելն էր, սակայն նա եղավ և մնաց խորհրդատու բոլորի համար։ Ասում են, որ եթե Սերժ Սարգսյանն ամսվա մեջ երկու անգամ չէր հանդիպում նրան և ոչ անհայտ Ստեփան Պողոսյանին` խոսելու-խորհրդակցելու, ամիսը կորած էր համարում:
Ի դեպ, դպրոցը, որն անվանակոչվելու է Մատվեյիչի անվամբ, մի քանի տարի առաջ կառուցվել, ջեռուցմամբ ապահովվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի կողմից, որի նախագահը Մատվեյիչի որդին է:
Միջոցառմանը, բնականաբար, ներկա է լինելու հայոց ողջ «սվիտան»:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Նախընտրում է մնալ «կարմիր զոնում»
Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանությունները գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս կալանքի տակ գտնվող Գագիկ Ջհանգիրյանին մոր մահվանից հետո առաջարկել են «մեղայական» դիմում գրել՝ իր խափանման միջոցը փոխելու խնդրանքով։ Երաշխավորվել է, որ այդպիսի դիմումի դեպքում Ջհանգիրյանի խնդրանքն անպատասխան չի մնա և կբավարարվի։ Սակայն վերջինս, ըստ լուրերի, հրաժարվել է իշխանությունների առաջարկած «պաբլաժկայից»՝ նախընտրելով մնալ Նուբարաշենի մեկուսարանի «կարմիր զոնում»։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Իրավագիտության ապագան նոր սերնդինն է
Երեկ Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում ավարտվեց «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովը:
Այն կազմակերպվել էր «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` նպատակ հետապնդելով բարձրացնելու իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը փաստաբանության ոլորտում, ապահովելու նրանց մասնակցությունը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացին:
Գիտաժողովն անցկացվեց երկու փուլով` գրավոր և բանավոր: Հայտեր ներկայացրած 50 երիտասարդ իրավաբաններից գրավոր փուլին մասնակցեցին 22-ը, իսկ առավելագույն միավորներ հավաքած 10 զեկույցների հեղինակներն իրավունք վաստակեցին իրենց զեկույցներն արժանացնելու ժյուրիի դատին արդեն բանավոր փուլում։ Այս փուլը գնահատվեց գիտաժողովի ներկայացուցչական ժյուրիի կողմից, իսկ հաղթողներն արժանացան արժեքավոր մրցանակների:
Սյուզաննա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Գիտաժողովի կազմակերպիչ

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ