Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԵՑ ՎԵՐՈՆՇՅԱԼ «ՓԱՍՏԱՐԿԸ»` ԵՍ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ ԵՄ»

«ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԵՑ ՎԵՐՈՆՇՅԱԼ «ՓԱՍՏԱՐԿԸ»` ԵՍ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ ԵՄ»
18.12.2009 | 00:00

Զբոսաշրջության բնագավառում բավականին ուշագրավ գործունեություն է ծավալել «Ռիմա Թրավել» ընկերությունը, որը միաժամանակ «Տուրիզմ» ամսագրի հիմնադիրն է և հրատարակիչը։ Մեր զրույցն ընկերության տնօրեն և ամսագրի գլխավոր խմբագիր ՌԻՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ անդրադառնում է բնագավառում տիրող իրավիճակին և ուշագրավ այլ հարցերի։
-Նախաամանորյա եռուզեռն սկսվել է։ Ինչպե՞ս է դրան արձագանքում զբոսաշրջությունը, ի՞նչ են առաջարկում գործակալությունները։
-Նախորդ տարիների համեմատությամբ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են Նոր տարին դիմավորել հանգստավայրերում։ Նախապատվություն է տրվում եվրոպական և արաբական երկրներին։ Այս միտումը զգալի աճի տրամաբանություն է պահպանում։ Երկրների ընտրության հարցում, իհարկե, չկան գաղտնիքներ։ Յուրաքանչյուրը մեկնում է այն երկիրը, ուր ավելի բարեկեցիկ ու անկաշկանդ պայմաններում կանցկացնի տոնական օրերն ու անպատճառ լիարժեք կհանգստանա։
2009-2010-ի Ամանորն իր յուրահատկությունն արդեն իսկ դրսևորել է։ Հայաստանի որևէ հանգստավայրում ազատ տեղեր չկան։ Սա խրախուսելի է։ Արտաքին աշխարհից նախապատվություն են տալիս Եգիպտոսին, մի պարզ պատճառով, որ գները նախընտրելի են։
-Դո՞ւք ինչ եք առաջարկում։
-Առաջարկում ենք հանգստի մեկնել Կիպրոս, Եգիպտոս, Հորդանան, Բահրեյն և այլն։ Հայաստանում Ամանորը դիմավորելու լավագույն վայրերն են Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը։ Սրտանոթային խնդիրներ ունեցողներին առաջարկում ենք բուժվել և հանգստանալ Արզնիում և Լեռնային Ղարաբաղում։
-Տիկին Խաչատրյան, անդրադառնանք նախադեպը չունեցող «Տուրիզմ» ամսագրին։ Սակայն, նախ, խոսենք Փարիզում շահած մրցանակի մասին։
-Փարիզում 2009-ի մրցանակաբաշխությանը պետք է ներկայանայինք։ Բիզնեսի ոլորտի որակավորման մրցանակաբաշխությունում, որին մասնակցում էին տասնյակ երկրների առաջատար ընկերություններ, շահեցինք «Ոսկե անվանակարգ» մրցանակը։ Մրցանակաբաշխության օրը վաղօրոք հայտնի էր` նոյեմբերի 21-ին։ Պատրաստվում էի մեկնել Փարիզ, ուր, գործերի բերումով, եղել եմ բազմիցս, սակայն շատ անսպասելի ֆրանսիական հյուպատոսարանը մերժեց իմ ուղևորությունը։ ՈՒշագրավ էր մեկնաբանությունն իր անհեթեթությամբ։ Պարզվում է, ես հայտնվել եմ Հունաստանի համար անցանկալի համարվող մարդկանց ցուցակում։ Բնականաբար, պաշտոնական գրությամբ դիմեցի հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։ ԱԳ նախարարությունն օլիմպիական հանգստությամբ և անտարբերությամբ կրկնեց վերոնշյալ «փաստարկը»` ես անցանկալի անձ եմ, հետևաբար անհնար է իմ ուղևորությունը։
-Մրցանակն ի՞նչ ճակատագիր ունեցավ։
-Այն կորցրինք, ինչը, անկասկած, լուրջ դաս էր մեր ընկերության համար։ Սակայն առավել կարևոր էր գիտենալ, որն է պատճառը, ինչպես են մերժում մի մարդու, որը տասնյակ ուղևորություններ է ունեցել եվրոպական երկրներում և բացարձակապես չի արել ո՛չ մի խախտում, ո՛չ մի թերացում։ Ընդ որում, «պատճառաբանվում է», թե ինչ-որ բան կապված է 2006-ի նոյեմբերի 14-ին` իմ Հունաստանում գտնվելու հետ։ Անհեթեթություն է, Հունաստանում եղել եմ շատ ավելի վաղ, հունվարի 13-20-ը։ Ոչ մի խախտում կամ զանցանք չի արձանագրվել։
-Մի պահ կտրվենք անհաճո եղելությունից և անդրադառնանք ամսագրին։
-«Տուրիզմը» բավականին ճանաչված է բոլոր այն երկրներում, ուր մեր ընկերությունը գործունեություն է ծավալում. Գերմանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իսպանիա և այլն, և այլն։ Ամսագրի գործունեության նշանաբանը չի փոխվել` «Աշխարհը ներկայացնել Հայաստանին, Հայաստանը ներկայացնել աշխարհին»։ Սակայն դժվար է գունազարդ և պատմամշակութային, ինչպես նաև ճանաչողական ու մասնագիտական բնույթի նյութերով հագեցած հանդեսի հրատարակումը սեփական ուժերով կազմակերպել։ Ընդգրկուն գովազդի կարիք ունենք, և վստահորեն գովազդատուների ներդրումները բազմապատկված կվերադարձվեն, սա մեր յուրահատկությունն է։
Անկեղծ ասած, ունենք պետական աջակցության կարիք։ Ճկուն քաղաքականության դեպքում «Տուրիզմն» էապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն, հրատարակվող ամսագիրը բավականին շահեկան, հրապուրիչ կողմերից է մեր երկիրը ներկայացնում։ 2004-ին, երբ «Տուրիզմը» թողարկվեց և տարածվեց եվրոպական երկրներում, զբոսաշրջության մակարդակը Հայաստանում բավականին ցածր էր։ Մեզ հաջողվեց աշխուժացնել նպատակային ներհոսքը դեպի երկիր։ Խնդիրը հետևյալն է` արտաքին աշխարհում տեսանելի դարձնել Հայաստանն ու Արցախը և զբոսաշրջիկներին Հայաստան ուղղորդել, այլ ոչ թե Հայաստանում շքեղաշուք հանդեսներ հրատարակել և հրամցնել հյուրերին։ Ասեք խնդրեմ, արդեն Հայաստանում գտնվող հյուրի համար մի՞թե այդքան կարևոր է Հայաստանը տեսնել նկարազարդ էջերից։
-Ի՞նչ նախապայմաններ են նաև անհրաժեշտ զբոսաշրջության զարգացման համար։
-Անհրաժեշտ է ճշգրտել, վերանայել գնային քաղաքականությունը։ Այսպես կոչված, զբոսաշրջային փաթեթների (տուր-փաթեթներ) գները բավականին բարձր են։ Մոսկվայի տուր-փաթեթները շատ ավելի մատչելի են, քանզի ցածր են ավիատոմսերի գները։ Եվ զբոսաշրջությունը Հայաստանում վերածվում է ինչ-որ բարձր խավի մենաշնորհի, անհասանելի հասարակության լայն շերտերին։
-Տիկին Խաչատրյան, ըստ Ձեզ, ի՞նչ բաց մնաց, ի՞նչ անհասկանալի բան Հայաստանին առնչվող խնդրում։
-Ի՞նչ կարող եմ ավելացնել, քեզ հանիրավի մեղադրում են` առանց որևէ հիմնավորման, և քո երկրի արտաքին հարաբերությունները հստակեցնող բարձրագույն գերատեսչությունը խիստ կրավորական դիրք է բռնում։ Անհասկանալի է։ Թերևս մեկ բան հասկանալի է. ինչ-որ մեկի համար չափազանց ծանր կլիներ «Ոսկե անվանակարգի» ի հայտ գալը Երևանում, մեր ընկերության գրասենյակում։ Բայց դեռ բազում մրցանակներ կան առջևում։
Վերջում շնորհավորում եմ «Իրավունքը de facto»-ի խմբագրակազմի և նրա ընթերցողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և մաղթում` լինել լավատես ամենուրեք, ցանկացած իրավիճակում։
Հարցազրույցը` Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ