ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Տնտեսի կիրակի (15-ը մարտի, 2009 թ.)

Տնտեսի կիրակի (15-ը մարտի, 2009 թ.)
13.03.2009 | 00:00

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Ի վերջո, մեր աշխարհային կյանքի օրերը լրանալու են, և մենք ամենքս էլ հաշիվ ենք տալու Աստծուն, քանի որ մեր ունեցած թե՛ շնորհներն են նրանը, թե՛ այն աշխատանքները, որոնցով գործադրում ենք նրա տված շնորհները: Արդյո՞ք մեր կյանքը կատարյալ ապրեցինք, երբ նրա տված թե՛ շնորհներն են կատարյալ և թե՛ տված, մանավանդ Լեռան քարոզի պատվիրանները: Ահա Մեծ Պահքի շաբաթների ուսուցմամբ իմացանք, թե մեր նախահայր Ադամին և նախամայր Եվային ինչու դրախտից վռնդեցին: Եվ իմացանք, որ, այսպես թե այնպես, այդ վռնդման պատճառից մի բացիլ մեր մեջ ևս կա, անառակության բացիլը, թե ոչ` դրախտում կլինեինք կամ առավել ևս կլինեինք, որովհետև յուրաքանչյուր իմաստուն այդ բանի համար է աշխատում, ջանում, ընթանում: Որովհետև ուր որ պիտի դառնանք, դրախտը, այսինքն, հնարավոր չէ ոչ զորքով բռնատիրել, ո՛չ էլ ուժով շահել: Եվ եթե Արարչի տվածի կատարելությամբ մենք մեզ զննենք, պիտի տեսնենք, թե ամենքս էլ պարտք ենք իրեն, ամենքս էլ Աստծո տվածը այս կամ այն չափով վատնել ենք, փչացրել: Հապա ի՞նչ պատասխան պիտի տանք, երբ մեզ վստահված տնտեսության հաշիվը տերը մի օր պահանջի, ասելով` իմ տված միջոցները որտե՞ղ ծախսեցիր:
Եվ ահա Հիսուս մի առակ է պատմում, որով ոչ թե խորամանկություն է սովորեցնում, ինչպես ոմանց կարող է թվալ, այլ սովորեցնում է լուսավոր մի իմաստություն, որի միջոցով կարող ենք, անիրավ մամոնայի (ունեցվածքի, դրամի) շնորհիվ, հավիտենության հարկերում մուտք ունենալ: Մեջբերենք այդ առակը.
ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ
Եվ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. և նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ». և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»: Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». և սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»: Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետև հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»:
«Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը շատի մէջ էլ անիրաւ է: Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը: Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ: Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»:
Տնտեսն իր անձը փրկելու համար այլոց մեծ պարտքերը պակասեցրեց. միևնույնն է, գործից հանելու են, ասաց, քանի դեռ իշխանություն ունեմ, սրանց պարտքերը պակասեցնեմ, որ երբ գործից հանեն, այս մարդիկ որպես շնորհակալություն, իրենց հարկերի տակ կընդունեն ինձ: Եւ ասում է, երբ տերն իմացավ իր անիրավ տնտեսի արածը, գովեց նրա իմաստությունը. «քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»: Հիսուս այս առակի իմաստությունը խրատեց, որ տեղափոխենք հոգևոր բնագավառ: Այսօր դուք դրամ ունեք և իշխանություն, այն գործածելու, թեպետ ամեն բան Աստծունն է, այդ դրամով (ոչ միայն դրամ, այլև ամեն տեսակի ունեցվածք, որ ձեր խիստ կարիքի համար չեն), դրանցով բարեկամներ շահեցեք ձեզ համար, որ նշանակում է, թե բարեգործություններ արեք, օգնեցեք նեղն ընկած մարդկանց, ողորմության բաժին տվեք. «Թող ձեր ձախ ձեռքը չիմանա, թե ինչ տվեցիք աջով»: Ամբողջ ձեր ունեցվածքը գործադրեք բարի բարեկամներով ձեզ շրջապատելու համար, այդ կմնա, իսկ ունեցվածքն անիրավ մամոնա է, որից հենց քեզ զրկեն, բարեկամներ էլ չես ունենա: Այսինքն` ինչ էլ որ նյութական ունենք, ամեն բան լավ է ծառայեցնենք Աստծուն, այդ ունեցվածքով ձեռք բերելով հավիտենության բարեկամներ: Որովհետև մամոնան անցողիկ է, իսկ տաղանդներով ապրվող կյանքը` հավիտենական: Սակայն ով մամոնայի մեջ հավատարիմ չէ, նրան ճշմարտությունը չի վստահվի, ասում է Հիսուսը: Որովհետև եթե մամոնային ենք ծառայում` մահվանն ենք ծառայում, եթե մամոնայի միջոցով հավիտենության բարեկամներ ենք ձեռք բերում` Աստծուն ենք ծառայում և հավիտենության հարկերի տակ մուտք ենք ունենում: Խնդրենք Աստծո օգնությունն այս ամենի մեջ մեր ուղղվել-դասակարգվելու համար: Մարդ դառնանք, կենդանացնենք մեր խղճմտանքը, որից լույս է ծագում, բանական լույս, որ կյանք է ու շնորհ:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3159

Մեկնաբանություններ