Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ճգնաժամի այս ուժեղ ալիքի տակ բոլորս մեզ զգում ենք նույն նավի վրա»

«Ճգնաժամի այս ուժեղ ալիքի տակ բոլորս մեզ զգում ենք նույն նավի վրա»
26.06.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄԸ ԿՎԵՐԱՃԻ՞ ՔԱՂՑԱԾՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ
Ճգնաժամը, ըստ հոգեբանների, մի իրավիճակ է, երբ խնդրի լուծման հին, ստանդարտ մոտեցումներն այլևս արդյունավետ չեն։ Այս իրավիճակին հետևող հոգեբանական արձագանքը կարելի է բաժանել մի քանի փուլի. նախ՝ մարդիկ կարծում են, որ ճգնաժամը կարող է անցնել իրենց կողքով։ Այնուհետև գալիս է իրական վիճակի գիտակցման ժամանակը, երբ առաջանում են բազմաթիվ տագնապներ, անարդարության զգացողություններ, ընկճվածություն։ Հանգամանքներն այս փուլում կարող են բավականին ծանր լինել` աշխատավարձի կրճատում, գործազրկություն, պարտքերի կուտակում, ծրագրերի փլուզում։ Եվ վերջապես՝ ճգնաժամի գագաթնակետը, որը ճիշտ մոտեցումների, կազմակերպվածության դեպքում կարող է դառնալ նոր հեռանկարների սկիզբ։ Հոգեբանները կարծում են, որ ճգնաժամ կոչվածն անցումային ժամանակաշրջան է, թեև այն վերապրելը բավականին ցավագին է։ Ըստ նրանց՝ կա ճգնաժամից դուրս գալու երկու ելք. կա՛մ այն ընկալվում է որպես փորձություն և կենսական նոր գաղափարների իրականացման հնարավորություն, կա՛մ էլ՝ հոգեբանական ընկճվածություն և դեպրեսիա։ Թե որն է առավել շահավետ, ընտրեք ինքներդ։
Ճգնաժամի հոգեբանական ազդեցության մասին է հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ։
-Ամիսներ առաջ, երբ նոր-նոր էին խոսում ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, մեր հասարակությունը դա առարկայական, շոշափելի չէր ընկալում,- ասում է հոգեբանը։- Երևի մենք կարծում էինք, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, մեզ շրջանցելու է։ Բայց, ի վերջո, այդ ճգնաժամ կոչվածը մոտեցավ, դարձավ իրականություն, այն արդեն անհատականացվել է, և մարդկանց մոտ համատարած տագնապի զգացողություն կա։ Չկա վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Անհատի համար դժվար է տանել այդ անորոշությունը, այն վախ ու տագնապ է ծնում։ Ֆինանսատնտեսական ճգնաժամը հետագայում անպայման վերածվելու է սոցիալական և հոգեբանական ճգնաժամի, որովհետև դրա կրողը մարդն է։ Ճգնաժամերի միջով անցած մեր երկրում ժողովուրդը ծանր օրեր է վերապրել. 1990-ականներին գտնվել է տնտեսական ծայրահեղ վիճակում։ Բայց մենք շատ լավ հիշում ենք, որ այն ժամանակ պատերազմ էր, և մարդիկ դիմանում էին հանուն Արցախի։ Հետաքրքիր է, որ այդ ծայրահեղ վիճակում մարդիկ շատ բարոյական դարձան, ամեն ինչ կուլ էին տալիս, որովհետև գիտեին, որ հայրենիքի հարց է դրված։
-Այսօր մենք ունե՞նք այդ հանունը, որը կստիպի դիմանալ։
-Այժմ այդ հանունը չկա, բայց կա մեկ այլ հանգամանք, ինչը հոգեբանորեն ավելի տանելի է դարձնում ճգնաժամը. ճգնաժամի գլոբալ ընկալումը մի քիչ թուլացնում է մարդկանց սթրեսային վիճակը, հոգեկան ցնցումը, որովհետև ընդհանրապես ավելի հեշտ է տանել որոշակի հոգեկան բացասական ազդեցություններ այն դեպքում, երբ դու գիտես, որ մենակ չես։ Կարևոր է նաև, որ մարդիկ հասկանան՝ ճգնաժամը չունի տեղական բնույթ, հզոր երկրները նույնպես տնտեսական ցնցումների են ենթարկվում: Շատ ավելի հեշտ է դիմակայել սթրեսային վիճակին, երբ գիտակցում ես, որ խնդիրը համընդհանուր բնույթ է կրում։ Կարծում եմ` մարդիկ այս պայմաններում կդառնան ինքնակենտրոն, կներփակվեն, կսպասեն։ Չեմ հավատում, որ այսպիսի հանգամանքներում մեզ մոտ կարող է քաղցածների խռովություն առաջանալ։ Դրան մեր ժողովուրդը չի գնա, և մարդկանց առաջ կդրվի ընդամենը սեփական գլուխը պահելու խնդիր։
-Չե՞ք կարծում, որ ճգնաժամը նաև նոր ելքեր ու ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում։
-Ցանկացած ճգնաժամ, ցանկացած կոնֆլիկտ թե՛ դրական, թե՛ բացասական տարրեր է պարունակում։ Իհարկե, շատ վատ է, որ աղքատության ուրվական կա, բայց նման իրավիճակները նաև մարդկանց նոր դրության առջև են կանգնեցնում։ Այն մարդիկ, ովքեր ճիշտ կկողմնորոշվեն, ոչ սովորական քայլերով կառաջնորդվեն, նույնիսկ կկարողանան ձեռքբերումներ ունենալ և շահեկան վիճակում հայտնվել։ Դրա վկայությունը Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված իրավիճակն էր։ Բացի այդ, ճգնաժամի պայմաններում, մի տեսակ, միասնության էֆեկտ է երևում. ճգնաժամի առաջ բոլորը հավասար են։ Եթե հարվածներ են տեղում, ապա կապ չունի՝ դու սոցիալական որ շերտին ես պատկանում։ Եվ համընդհանուր «մենք»-ի զգացողության թարմացում կլինի, մի բան, որ վերջին ժամանակների սոցիալական և քաղաքական բևեռացումների պայմաններում գոյություն չուներ։ Ի դեպ, ճգնաժամը մի քիչ հանգստացրեց, համախմբեց վերջին շրջանում երկփեղկված մեր ժողովրդին։ Ֆինանսատնտեսական այս ուժեղ ալիքի տակ բոլորս մեզ զգում ենք նույն նավի վրա։
-Տնտեսական անկման մասին անընդհատ թմբկահարումներն ավելի չե՞ն խորացնում ճգնաժամը։
-Մարդիկ պետք է իմանան իրականությունը։ Սխալ է այն թաքցնելը, որովհետև նման պարագայում մարդն իրեն խաբված է զգում։ Մեկ այլ ծայրահեղություն է, երբ անընդհատ խոսվում է այդ մասին։ Դա կարող է տարբեր վախեր առաջացնել, մարդն անկախ իրենից ֆիքսվում է դրա վրա։ Ի դեպ, այստեղ կարող է նաև շահարկում լինել. այն, ինչ կատարվեց շրջապատում, կվերագրվի ճգնաժամին։ Սա միամիտների համար պատրաստված կերակուր է, բայց մարդիկ մտածում են, վերլուծում և շատ լավ կարող են հասկանալ՝ ինչն է ճգնաժամի հետևանք, և ինչը՝ ոչ։ Ըստ իս՝ հարկավոր է ասել միայն ճշմարտությունը. սատանան իրականում այնքան սարսափելի չէ, որքան թվում է։
-Մենք ունե՞նք համապատասխան ներուժ` ճգնաժամի հարվածներին դիմագրավելու համար։
-Հոգեբանական ռեսուրսներն, իհարկե, կարող են սպառվել, բայց դրանք բավականին մեծ են։ Ծայրահեղ իրավիճակներում միշտ ներքին ռեզերվներ գտնվում են։ Ինչ-որ հիմքեր, հենման կետեր պետք է լինեն, որպեսզի մարդիկ կարողանան դիմանալ։ Այդ հենման կետերից մեկն էլ այն է, որ ճգնաժամն ամբողջ աշխարհի դռանն է չոքել։ Ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մեր ժողովուրդն արժանապատվորեն կդիմագրավի այս իրավիճակին։ Եթե ճգնաժամը շուտ հաղթահարվի, լուրջ հոգեբանական կորուստներ չենք ունենա։ Եթե երկար շարունակվի, կարող է ագրեսիվության ալիք բարձրանալ, մարդիկ իրարից պատառ փախցնելու խնդիր կունենան։ Հուսանք` նման հեռանկար մեզ չի սպառնում։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ