Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հանրությանը հիշեցնել, որ Տեր-Պետրոսյան Լևոնն իր վրա է վերցրել Արծվաշենի «փոխանակման» պատասխանատվությունը:
Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ Տեր-Պետրոսյան Լևոնը փաստացի չի ցանկանում կրել ստանձնած պատասխանատվությունը:
Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ ՀՀ բոլոր ղեկավարները խորապես թքած են ունեցել մեր Հայրենիքի մի մասնիկի վրա:
Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ Փաշինյան Նիկոլն արծվաշենցիներին «չուզող, չուզող հարևան» անվանեց:
Անիմաստ է ապացուցել նաև, որ առանց Արծվաշենի Հայաստանի վրա չի կարող տարածվել ՀՀ իշխանությունների կողմից այդքան սիրված Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես նաև չի կարող գործել ՀՀ Սահմանադրությունը:
Անընդհատ կրկնելով այդ ամենը ոչինչ չենք փոխում:
ՈՒնենք փաստ` Հայրենիքի մի մասը չկա: Մնացյալ Հայրենիքը, ի դեմս հայազգի բնակչության մեծ մասի, պաշտոնական Երևանի և Սփյուռքի, Արծվաշենն անուշադրության է մատնել:
Արծվաշենի վերադարձի խնդիրն այդպես էլ չմտավ հանրային օրակարգ:
Ինչպե՞ս շարունակել Արծվաշենի վերադարձի համար պայքարը:
Նախ` փաստենք, որ Հայաստանը, գոնե` դե յուրե, իշխանություն ունի: Այսինքն, Արծվաշենի վերադարձի համար պայքարն ուղղակի փոխկապակցված է ՀՀ իշխանության «դիրքորոշման» հետ: Այլ կերպ ասած` Արծվաշենի վերադարձի համար ՀՀ իշխանությանն անհրաժեշտ է աշխատեցնել:
Իշխանությանն աշխատեցնելու համար մարդկային, գաղափարական, նյութական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչպես նաև կրեատիվ առաջարկներ և գործելաոճ:
Ինչպես նախկինում, հետայսու ևս պատրաստ եմ ուժերիս չափով համապատասխան գործել, սակայն...
Լավ կլիներ, որ նշված ձևաչափերով աջակիցներ ունենայի:
Եթե չունենամ, էլի ոչինչ:
ՈՒղղակի շտապել է պետք, քանզի Արծվաշենի վերադարձը պետք է ապահովենք Արծվաշենը տեսած սերնդի օրոք: Սա է խնդիրը:
Անընդհատ աշխատելու դեպքում` կհաջողենք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ