38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետք չէ հարբել տոնի խորհուրդն զգալու համար

Պետք չէ հարբել տոնի խորհուրդն զգալու համար
30.03.2013 | 15:39

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ ԱԳՈՒԼԵՑԻՆ, խոսելով Սուրբ Զատկի տոնի, նրա հոգևոր և ազգային խորհրդի մասին, մի շարք խորհուրդներ տվեց: Ըստ ազգագրագետի, Սուրբ Զատկի տոնական սեղանը զարդարող ուտեստները պետք է լինեն կարմիր ներկված ձուն, ձուկը, տարբեր տեսակի կանաչիները, չամչով բրնձե փլավն ու կարմիր գինին: «Զատիկը տոնելու համար պետք չեն ճոխ-ճոխ սեղաններ, ծանր ուտեստներ: Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, հավկիթը այդ օրվա բնորոշ կերակուրն է, որը պետք է լինի միայն կարմիր գույնի, բրինձը ողջ մարդկության խորհրդանիշն է, իսկ չամիչը` քաղցր հատիկ քրիստոնյաներն են: Կարմիր գինին էլ խորհրդանշում է Քրիստոսի արյունը»,-մեկնաբանեց նա:

Ըստ բանախոսի, Զատիկը հոգևոր տոն է, և պետք չէ հարբել տոնի խորհուրդն զգալու համար: Պետք չէ նաև մրցակցել կերակուրներով. միակ մրցակցությունը երեխաների միջև պետք է լինի ձու կոտրելը:

Լուսիկ Ագուլեցին նշեց, որ զատկական սեղանին պարտադիր է կլոր քաղցր գաթան, որն արևի խորհրդանիշն է: Նա խորհուրդ տվեց այդ օրը տունն ու սեղանները զարդարել. «Դրանց համար առանձնակի գումարներ պետք չեն:Սեղանները պետք է զարդարել ցորենի ծիլերով, ինչը ևս կապված է Քրիստոսի հետ` որպես ժողովրդին կերակրողի: Կարելի է զարդարել նաև կարմիր խնձորով, ինչը խորհրդանշում է տարվա 12 ամիսներն ու 4 եղանակները»,-ասաց նա:

Ազգագրագետի խոսքով, ըստ ժողովրդական ավանդույթի՝ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունեցել է իր ծիսակատարությունը և ամեն օր մարդիկ եկեղեցի են գնացել: «Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր անվանումը՝ ջրաղացպանի տոն, հիմարի և խելոքի տոն, հինգշաբթին և ուրբաթը կոչվել են չիք օրեր, այսինքն` Հուդայի օրեր, և այդ օրերին աղջիկ երեխաները ձեռագործ աշխատանքներ են արել: Ճրագալույցից հետո մարդիկ եկեղեցուց եկել են տուն և սկսել են Զատկի օրվա պատրաստությունը և ամբողջ գիշեր չեն քնել, նույնիսկ երեխաներին «կաշառել են», որպեսզի նրանք ևս արթուն մնան»:

Հ.Գ. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւունն Քրիստոսի»,-ահա այս խոսքերով պետք է միմյանց ողջունել և շնորհավորել`շաբաթ երեկոյան: Եվ ինչպես կոչ են անում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները`Սուրբ Հարության տոնին չգնալ գերեզմաններ, որովհետև պետք չէ ուրախությունը խառնել տխրության հետ: Այս տոնը պետք է դիմավորել միմյանց ներելով, պետք է դիմացինի մեջ բարին տեսնել և ոչ թե թերությունները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ