«Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ ԴՈՎԼԱԹՅԱՆՆ այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում գնահատելով երկրի ներքաղաքական իրավիճակը, կարծիք հայտնեց, որ նման անորոշ իրավիճակ Հայաստանում դեռ չի եղել: «Եղել են սուր իրավիճակներ, բայց այսօր, կարծես թե, արտաքին լարվածություն չկա: Մեծ լարվածություն, իրականում, նկատում եմ հատկապես իշխանական, կառավարող թևի մոտ: Իրենք էլ չեն հասկանում ինչպես լուծել այս խնդիրը»,-ասաց նա: Թե որն է հարցի լուծումը, պրն Դովլաթյանը պարզաբանեց. «Ցանկալի է, որ լինի երկկողմ քննարկում, պետք է որոշակի հարցի լուծում գտնել քննարկման միջոցով: Իսկ թե ինչպիսին կլինի դա, դեռևս հասկանալի չէ, բայց ակնհայտ է, որ բոլորը հասկանում են, որ այսպես այլևս չի կարելի»:
«Կանաչների կուսակցության» նախագահի դիտարկմամբ, եթե Սերժ Սարգսյանն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները, լուրջ խնդիրներ կունենա, թեև դրանք շատ օգտակար կլինեն Ս. Սարգսյանի և հանրության համար, քանի որ նա ևս այս համակարգի զոհն է, և ստիպված է պահպանել համակարգը, քանի որ համակարգն էլ պահպանում է իրեն:
Ըստ բանախոսի, Ր. Հովհաննիսյանը անգամ պատրաստ է «թալանչի», «գողացված» ընտրությունները փաստացի ընդունել, եթե իր կողմից առաջարկված նշանակումները իրականացվեն: «Այստեղ որոշակի և´ զիջում կա, և´ պահանջ՝ փոխադարձ լրացումներով»,-ասաց նա, նկատելով, որ ինչ-որ տեղ այդպիսի փոփոխությունները, կոնկրետ մարզպետների մասով, կարող են ձեռնտու լինել նրան, քանի որ վերջիններս «փոքր ֆեոդալների» դեր են կատարում:
Այդուհանդերձ, խնդրի լուծումը կախված է երկու անձից, նրանք են պատասխանատուները, ինչքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասի, որ հաղթել է ժողովուրդը, միևնույն է` պարզ չէ՞ վերջում ինչ կլինի:
Դովլաթյանի ձևակերպմամբ`ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից օգտագործված սխեման թույլ էր տալիս ստանալ ցանկացած արդյունք, բայց ընտրություններում վերջիններս օրվա երկրորդ կեսից փաստի առաջ կանգնեցին`տեսնելով, որ մարդիկ քվեարկում են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին. «Նրանք ենթադրում էին, որ 38 տոկոսը լինելու է, իսկ եթե չլինեին այդ ընտրակեղծիքները`Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ կհաղթեր»:
Բանախոսի խոսքով` հետընտրանական շրջանի զարգացումների լավագույն տարբերակները երկուսն էին` ճանաչել իրականում հաղթած նախագահին, ով, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ինչը տեղի չունեցավ, երկրորդը` ՍԴ-ն անվավեր ճանաչեր ընտրությունները, ինչը նույնպես չեղավ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ