Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները, կարծես, իրավիճակը փակուղուց դուրս բերելու միտում ունեն: Հիշեցնենք, որ հանրահավաքում նա հայտարարել էր, թե որոշակի պայմաններում ճանաչելու է Սերժ Սարգսյանի նախագահությունը: Իսկ «պայմանները> հետևյալն են`2013-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, բայց մինչ այդ ԸՕ-ն պետք է բարեփոխվի և ԱԺ ընտրությունները անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով: Բացի այդ, Հովհաննիսյանը փաստաթուղթ է ուղարկել նախագահին, որպեսզի անցումային այս փուլում ութ գերատեսչությունների ղեկավար պաշտոններ իրենց տրվեն (գլխավոր դատախազ, ՊԵԿ, ԱԱԾ, ԱԳՆ, ԿԳՆ, ՎՊ, արդարադատության խորհուրդ և հակակոռուպցիոն հանձնաժողով): «Արտահերթ նախագահական ընտրությունների պահանջն իրատեսական չէ,-irates.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:-Պետական ինստիտուտների գործառույթները պետք է հարգել, քանի որ ընտրական գործընթացին արդեն իրավական գնահատական է տրվել է: Ինչ վերաբերում է ԸՕ-ի բարեփոխումներին, բազմիցս նշել ենք, որ ԵՀԱԿ/ԺՄԻԳ փորձագիտական առաքելությունը մի շարք նկատառումներ էր արել, որը ենթադրում է ԸՕ-ի փոփոխությունների իրականացում: Սակայն մեզ հորդորեցին նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ նման փոփոխությունների չգնալ, քանի որ դա միջազգային պրակտիկայում էլ նպատակահարմար չի դիտարկվում»: Այս պահին, ըստ Սահակյանի, ԸՕ-ի փոփոխությունները համատեղ իրականացնելու «դուռը» բաց է, և այս առաջարկը բանակցելու «հող» է նախապատրաստում:
ՈՒթ պաշտոնների մասով էլ ՀՀԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ դա միայն երկրի նախագահի գործառույթի ու լիազորությունների շրջանակում է: «Կարծում եմ` այս առումով կարելի է որոշակի քայլեր կատարել, որպեսզի դա իրենց վստահություն ներշնչի»,- հավելեց պատգամավորը: Փաստելով, որ հանրապետության նախագահի մամուլի ասուլիսում «խրթին» հարցերին պատասխաններ տրվեցին, յուրաքանչյուր հարց «դրվեց իր դարակում», Սահակյանը փաստեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին մնում էր ավելի առարկայական խոսել: «Վերադարձան իրատեսական, իրական հարթություն, փորձում են ավելի ռեալ գնահատել իրավիճակը, չնայած Հովհաննիսյանի շատ գնահատականների հետ համաձայն չեմ: Այնուամենայնիվ, ողջամտությունն այս անգամ ավելի շատ է, քան նախկինում»,-եզրահանգեց Հովհաննես Սահակյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ